Իրավունք չունենք` չապրելու

Իրավունք չունենք` չապրելու

«Իրավունք չունենք` չապրելու»:

 

Կարծում է Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը, ով Արցախի թեմից է եկել և այսօր Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում է կոչված ծառայության:

 

Թեև Արցախն այսօր թշնամու տիրապետության տակ է ու հայկական հողից բռնի տեղահանվել է 100.000-ից ավելի բնակչություն, հոգևոր հայրը վստահ է՝ պայքարը հանուն ոչնչի չէր, մեր զավակների մահն անիմաստ չէր: Եթե չլինեին կռվող տղաները, որոնք տվեցին իրենց կյանքն ու առողջությունը, այսօր կունենայինք ավելի շատ զոհեր, բռնի տեղահանված մարդկանց մեծ մասը կկոտորվեին: Յուրաքանչյուրս երախտապարտ ենք իրենց ու պիտի երախտապարտ լինենք:

 

«Իզուր չէր նրանց կյանքը»:

Նրանք պայքարեցին, կռվեցին, իրենց կյանքը, առողջությունը տվեցին, որ մենք ապրենք:

 

«Դժվար է կանգնելը, գոտին ամրացնելը, բայց եթե կոտրվենք, առաջ չնայենք, կդավաճանենք նրանց կյանքերին, որ տրվեցին մեզ՝ ապրելու համար»:

 

Իսկ ինչպե՞ս ապրել, երբ այսքան կոտրված ենք: Պատասխանը հստակ է:

 

«Ապրե՛ք մի կյանք, որում Աստված կա»:

 

Տեր Հուսիկը հիշեցնում է «Աղքատ Ղազարոսի առակ»-ը, երբ մեծահարուստը մահանում է, գնում Աստծո մոտ, և հասկանալով, որ իր կյանքն ապրել է շռայլորեն, անփույթ ձևով՝ խնդրում է, որ Աստված հրեշտակներից մեկին ուղարկի, որ իր եղբայրները այդպիսի կյանքով չապրեն, հետևեն պատվիրաններին:

 

«Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»»: (Ղուկ. 16:27-28)

 

Տեր հոր խոսքով՝ այսօր մենք էլ այդ մեծահարուստի նման ենք ապրում: Մինչդեռ պիտի գնահատենք այն կյանքը, որը տրվել է, որի համար նաև պայքարել են մեր կռվող տղաները:

 

«Եկեղեցին մեզ փարոս ու ուղեցույց պիտի լինի, իսկ առանց փարոս ծով դուրս եկած նավը ենթակա է նավաբեկության, հետևենք փարոսին, որ մեզ պետք է հանի խաղաղ նավահանգիստ»:

 

Տեր Հուսիկի խոսքով՝ բարդ իրավիճակում հայտնվել ենք՝ մեր Տիրոջ խաչելության օրվանից սկսած: Լույսը տարածվեց, մարդիկ ընդունեցին քրիստոնեությունը, բայց ժամանակի ընթացքում հետընթաց եղավ:

 

«Հավատը դարձել է բնաջնջվող երևույթ»:

 

Այսօրվա քաղաքական, կենցաղային իրավիճակն էլ հետևանք է համարում հոգևոր անկման: Հակառակ դրան՝ եկեղեցում պահպանվում են սրբազան ավանդույթները և ուղիղ հավատը: 

 

Ըստ նրա՝ թեկուզ մարդը գնում է եկեղեցի, մոմ է վառում, բայց քրիստոնեական հավաքական հավատի հետընթաց է, որն էլ բերում է անհատական հավատի հետընթացի:

 

«Ամբողջովին մոռացել ենք՝ ինչ է նշանակում հոգևոր կյանք, հավիտենականություն»:

 

Տեր Հայրը հիշեցնում է՝ ուշադրություն ենք դարձնում արտաքինին: Մեր հոգին, միտքը, սիրտը շղթայվում է արտաքին, մեր կյանքի համար վտանգավոր երևույթներով:

  • 2023-10-27
×