Նոր գիրք է լույս ընծայվել Երեւանի միջնադարյան հոգեւոր կյանքի ու եկեղեցիների մասին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նոր գիրք է լույս ընծայվել Երեւանի միջնադարյան հոգեւոր կյանքի ու եկեղեցիների մասին

Նոր գիրք է լույս ընծայվել Երեւանի միջնադարյան հոգեւոր կյանքի ու եկեղեցիների մասին

Ընթերցողների դատին է հանձնվել «Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիներ» գիրքը։ Այն տպագրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ։ Գրքի հեղինակը Նարեկ սարկավագ Գասպարյանն է։ Գիրքը տպագրվել է Անահիտ Սիմոնյանի մեկենասությամբ։

 

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին հին Երեւանի ամենահին եկեղեցիներից մեկն է եղել, որի մի փոքրիկ մասը հրաշքով պահպանվել է խորհրդային տարիներին։ Եկեղեցին բավական հին ու մեծ պատմություն ունի։ Եղել է վանական համալիր, ունեցել է դպրոցներ։ Նրա հետ են կապված մեծանուն հայ գիտնականների, կաթողիկոսների ու վարդապետների անուններ։

 

Գրքում Նարեկ սարկավագը չորս գլուխներով ներկայացնում է եկեղեցիների պատմությունը։ Նախ Պատմական ակնարկով անդրադառնում է Երեւանի միջնադարյան հոգեւոր կյանքին, ապա ներկայացնում Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին ու նրա պատերին արված արձանագրությունները։ Երրորդ գլխում խոսում է Սուրբ Աննայի վարքի, եկեղեցում պահվող նրա հրաշագործ մասունքի ու դրա հետ կապված վկայությունների մասին։ Չորրորդ ընդարձակ բաժնում ներկայացված են այստեղ սպասավորած հոգեւորականներն ու համայնքի երեւելի անդամները։

 

Գիրքը գրելիս Նարեկ սարկավագը հսկայական աշխատանք է կատարել, ուսումնասիրել է մեծ ծավալով գրականություն՝ միջնադարյան ձեռագրեր, ձեռագրացուցակներ, մենագրություններ, բառարաններ, հոդվածներ, համացանցային ու օտար լեզուներով աղբյուրներ։

 

Ինչպես գրքի սկզբում Տեր Զենոն քահանա Բարսեղյանն է գրում․ «Գիրքն ընթերցողին տանում է Երեւանի պատմության քառուղիներով, ուր հանդիպում ես բազում նվիրյալ կերպարների, մեծանուն հոգեւորականների հետ, ցույց է տալիս ակտիվ գործող վանքերն ու եկեղեցիները, ապրում դրանց կործանման ափսոսանքը, անդառնալի կորստի ցավն ու բերում մինչեւ մեր օրեր։ Այս ամենի հանգրվանն է դառնում Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների մերօրյա հրաշքը, որն անցնելով յուրահատուկ Գողգոթայի մի ուղի՝ նորից հարություն է առել ու վերագտել իր դարավոր առաքելությունը»։

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 
  • 2023-10-30
×