Եկեղեցու տարեդարձի առթիվ օծվեցին խաչվառները

Եկեղեցու տարեդարձի առթիվ օծվեցին խաչվառները

Նոյեմբերի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցին նշեց օծման 18-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառումից առաջ Սրբազան հոր ձեռամբ օծվեցին եկեղեցու 7 նորընծա խաչվառները։ 

 

Նավասարդ Սրբազանին Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքը դիմավորեց հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի ու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի գլխավորությամբ։ Սրբազան հորն ուղեկցում էին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարթեւ քահանա Մուրադյանը եւ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը։

 

Խաչվառները վերջին տարիների ընթացքում եկեղեցուն են նվիրաբերել համայնքի անդամները։ Դրանց վրա պատկերված են աստվածաշնչյան տեսարաններ և սրբապատկերներ:

Արարողության ավարտին, շնորհավորելով համայնքին, Սրբազան հայրն ի մասնավորի ասաց․

 

«Սիրելի՛ բարեպաշտ հայորդիք, այսօր գտնվում ենք այս տաճարում, որպեսզի օծենք եկեղեցու խաչվառները եւ նշենք Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման տարեդարձը՝ ոգեկոչման գեղեցիկ ու հիշարժան այս օրը։

 

18 տարի առաջ ազգիս Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ եւ ազգային բարերար, երջանկահիշատակ Լուիզ Սիմոն Մանուկյանի ազնիվ ու սիրահոժար նվիրատվությամբ վեր հառնեց Աստծո այս տունը, որպես հոգեւոր ծառ, որին պտղաբեր դարձնողները մեր հավատացյալներն են։ 

 

Աղոթում ենք, որ Տիրոջ Սուրբ Հոգին միշտ ներգործի Աստծո տան մեջ՝ մեր հոգին կապելով երկնքի հետ։ Շնորհավորում ենք ամենքիդ, ուժ, եռանդ եւ մտասեւեռում մաղթում, իսկ հոգեւոր դասին՝ բազում շնորհներ ու առաքելության բարձր գիտակցում, որ Աստծո տունը միշտ պահեն Սուրբ Հոգու ներգործության ներքո»։

 

Ապա Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին։

 

Երեկոյան Սուրբ Երրորդություն եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Եկեղեցու օծման 18-րդ տարեդարձին։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 
  • 2023-11-21
×