Շոկոլադե աղջիկը

Շոկոլադե աղջիկը

«14 տարեկան էի, երևի Արցախում ամենափոքր մարդը, որը հետ գնաց։ Ընդամենը մի քանի տատիկ, պապիկ էին մնացել էնտեղ։ Բոլորը զարմացած էին, ասում էին` «Չե՞ս վախենում, որ էկել ես»։ Բայց ես այնքան ուրախ էի, որ այդ վախը չէի զգում»,- ասում է Տաթև Ավանեսյանը։
 

Նա Արցախից է, սովորում էր բժշկական քոլեջի ռազմաբուժական բաժնում, զբաղվում էր պարով, Արցախում հայտնի էր որպես «Տաթևեր» կամ «շոկոլադի աղջիկ»։
 

«Պատերազմից հետո միտք առաջացավ որևէ գործով զբաղվել՝ առօրյայից կտրվելու համար, սկսեցի պատրաստել շոկոլադներ, շա՜տ-շա՜տ պատվերներ ունեցա, կարճ ժամանակահատվածում ճանաչում ունեցա Արցախում։ Քաղաքում, որ տեսնում էին, ասում էին՝ «շոկոլադների էն աղջիկնա» ու հարցնում էին՝ շոկոլադ ունե՞ք»։
 

Տաթևն ասում է, որ բլոկադայի ժամանակ մեկ անգամ է կարողացել Գորիսից շոկոլադ ներկրել Արցախ, մոտավոր 50 կգ., որն էլ շատ շուտ սպառվել է, որովհետև Արցախում այդ ժամանակ քաղցրավենիք չկար։
 

Նա 44-օրյա պատերազմի ժամանակ դուրս էր եկել Արցախից, սակայն հոկտեմբերի վերջին նորից հետ էր գնացել։
 

«Հայրս պետք է դիրքերից երկու օրով իջներ, տնից թաքուն փախա, եկա Արցախ, որ տեսնեմ նրան։ Հայրս չգիտեր, որ գնալու եմ։ Ճանապարհին անցնում էի Շուշիի՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտով ու ասում. «Պետք է գնամ տարազս վերցնեմ, գամ էստեղ պարեմ»։
 

Տաթևի համար Ղազանչեցոցի մոտ պարելն այդպես էլ մնացել է անկատար երազանք։
 

Շոկոլադե աղջիկը պատմում է, թե ինչ դժվարությունների միջով են անցել բլոկադայի ժամանակ։ Առաջին օրերին ջեռուցման բացակայության պատճառով հիվանդացել էր թոքաբորբով, որը տևել էր մոտ 2 ամիս, բայց դեղատներում դեռ կար դեղորայք, կարողացել էր բուժվել։ Անընդհատ հերթեր էին հացի համար, նույնիսկ մինչև կեսգիշեր հերթ էին կանգնում։
 

«Ես բժշկական կրթություն ունեմ ու հերթերի ժամանակ մարդիկ էին վատանում, ուշաթափվում, և արդեն անգիր գիտեի այդ մարդկանց հետ ոնց պետք է վարվեմ, բայց չէի բողոքում։ Ինձ շատ հանգիստ էի զգում, ասում էի՝ կարևորը մեր տան եմ։ Նույնիսկ ընկերուհիներիս հետ, որ խոսում էի, ասում էին՝ երանի քեզ, որ Արցախի օդն ես շնչում»։
 

Տաթևը դեռևս չի գտել իր մխիթարությունը։ Հաճախ է գնում Եռաբլուր, նստում քեռու շիրիմի մոտ ու հանգստանում քեռին զոհվել էր պատերազմի ժամանակ։
 

«Իմ ամենամոտ ընկերն էր ինքը, իրար հետ ոչ թե քեռի, քրոջ աղջիկ հարաբերություններ ունեինք, այլ մոտիկ ընկերներ էինք։ Միշտ իրեն պատմում եմ, թե ոնց է անցել օրս, խորհուրդներ եմ հարցնում, ինչպես այն ժամանակ, երբ դեռ ինքը ողջ էր։ Ճիշտ է՝ հիմա պատասխաներ չեմ ստանում, բայց արդեն մտովի պատկերացնում եմ ամեն հարցիս պատասխանը»։
 

Նա նաև իր հորեղբորն է թողել Արցախում, որը 17 տարեկանում զոհվել էր դեռևս Շուշիի ազատագրման ժամանակ՝ 1992 թ.-ին։ Բոլորից թաքուն գնացել էր պատերազմ ու զոհվել։
 

«Եթե հնարավորություն լինի հետ գնալու Արցախ, առաջին բանը, որ կանեմ, մեր եղբայրական հուշահամալիր կգնամ չէի հասցրել հաջող անել հորեղբորս»։
 

Տաթևն ասում է, որ այս ամենը չի համարում վերջնական պարտություն, այլ ժամանակավոր Արցախից դուրս ապրել.
 

«Եթե նույնիսկ հիմա ասեին՝ արի՛, մնա Արցախում առանց ձեր տան, թեկուզ՝ դրսում, ես կգնայի մենակ մի դեպքում, եթե այնտեղ թուրք չլիներ։ Ես կյանքում իմ քեռուն, հորեղբորը ու հազարավոր մեր տղաներին սպանողի հետ նույն հողում չեմ ապրի»։
 

Մանե Կարապետյան

 

  • 2023-11-27
×