Անձնազոհներ ու ցաքուցրիվ եղած պատմություններ

Անձնազոհներ ու ցաքուցրիվ եղած պատմություններ

Ամբողջ ճանապարհին անձրևից բողոքեց. կարոտել էր Արցախում տեղացող անձրևը: Դասերից հետո թրջված քայլում էր դեպի իրենց նոր, վարձով բնակարան։ 
 

Արցախից Կաքավը ժամանակին այսպես` ոտքով, տուն էր վերադառնում իր ծննդավայրի՝ Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միակ դպրոցից: 
 

Շարունակ համեմատում է այստեղի ու այնտեղի եղանակը, դպրոցներն ու դասերը։ 
 

Ես անձրևային եղանակին Արցախում մի անգամ եմ եղել, երբ ճանապարհին արցախցի ոստիկաններն ու Գորիսից մի տղա հրում էին մեր մեքենան։ 
 

Անձրևն ուժեղացավ, սկսեց պատմել եղբորից՝ Հայկից, նրա սիրելի գրքերից, գործից։ Այդ ընթացքում ես մտածում էի՝ տեսնես եղբայրս ո՞ւր է, ծածկի տա՞կ է: Մեր եղբայրներն իրար նման են: Խոստացավ, որ տուն հասնենք, Հայկի հետ ծանոթացնելու է։
 

Իրենց ժամանակավոր տան հյուրասենյակում տաք էր, լուսավոր, լուռ: Կաքավի տրամադրությունը բարձրացել էր, ծիծաղում էր, շարունակ պատմում եղբորից։ 
 

-Տես, Հայկը, մեր Հայկը,- հանկարծակի ասաց ինձ:
 

Գլուխս բարձրացրի, Հայկի նկարն էր՝ պատին կախված, զինվորական շորերով էր։ Նայեցի քրոջը, ժպտալով ինձ էր նայում։ Չժպտացի, չգիտեի՝ ինչ անել:
 

-Ե՞րբ,
 

-հոկտեմբերի 27-ին, մեր գերազանցիկն էր։
 

Կարոտել էր Հայկին: Դեպի իր ժամանակավոր տուն ճանապարհը բավական էր, որ Հայկին ես էլ շատ սիրեի։ Եղբոր նկարի տակ նրա սիրելի գրքերից, երազանքներից էինք խոսում, ու թվում էր, որ Արցախի անձրևն էլ, Հայկին էլ, իրենց գյուղն էլ, գինու մառանն էլ կարոտել եմ: 
 

Ափսոս ես Հայկի, նրա արած գործի մասին մինչև այսօր չգիտեի, իսկ ինչո՞ւ տեղյակ չէի։ Հավանաբար պատճառն այն է, որ մենք այսօր քիչ ենք լսում իրական պատմություններ այն մարդկանց մասին, որ պատրաստ էին, պատրաստ են տալ իրենց համար ամենակարևորը՝ կյանքն ու առողջությունը: 
 

Ցաքուցրիվ եղած պատմություններ, անտարբեր մարդիկ
 

Օրերն անցնում են, մենք դեռ լուռ ենք, իսկ պատմությունները՝ անձնազոհության, հայրենասիրության, մեծ սիրո, պայքարի, մեկը մյուսին պաշտպանելու մասին թողել ենք անտեր։ Դրանք այն պատմություններն են, որ պիտի մեզ համար օրինակներ լինեին։ Դրանց հիման վրա պետք է ստեղծվեին նոր ֆիլմեր, գրականություն, երաժշտություն։ Մենք էլ վերջապես կուղղեինք մեր մեջքը։ Դրանք պահելու, խնամելու փոխարեն՝ շաղ ենք տվել այս ու այն կողմ, սկսել ենք մոռանալ, չգնահատել։
 

Քանի՞ ֆիլմ է ստեղծվել, որ պատմում է անձնազոհության, սիրո, պայքարի մասին` մեր օրինակով։ Ինչո՞ւ մեր մտավորականներին չեն ոգեշնչում այս թեմաները:
 

«Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է»: (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:13)
 

Ես ուզում եմ կարդալ պատմություններ իրական հայերի՝ իրական սխրագործությունների մասին։ 
 

«Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Նորայր Արտեմյանն անմահացել է՝ փորձելով փրկել իր վիրավոր զինակցի կյանքը»,- կարդում եմ ու մտածում, ինչո՞ւ Նորայրի, իր հավաքական կերպարի մասին չկան ֆիլմեր:
 

5 տարեկան Նարեկ Սերոբյանն ասել էր, որ երբ մեծանա, Արարատ լեռը Հայաստան է բերելու։
 

«Փոքր-փոքր մասերի կբաժանեմ ու կբերեմ Հայաստանում կհավաքեմ»,-ասել էր Նարեկը, որ տարիներ անց գնացել էր կռիվ ու զոհվել:
 

Ինչո՞ւ չկան գրքեր, որ կպատմեն Նարեկի, Արևշատի, Խաչատուրի՝ դեպի հայրենիքը տածած մեծ սիրո մասին:
 

«Սեր առանց կեղծիքի. ատելով չարը՝ գնալ բարու հետևից»: (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:9)
 

«44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Մարկոսյանը խոցել է ադրբեջանական զինուժի 10 տանկ»,-գրում են կայքերը, բայց ես չգիտեմ շատ ֆիլմեր, որ պատմում են այսօր մեր կողքին ապրողների մասին։
 

Ուշադիր ու զգույշ լինենք մեր մասին պատմությունների նկատմամբ։
 

Կաքավը խոսում էր Հայկի ծրագրերից, իսկ ես մտածում էի՝ Արցախում տեղացող անձրևն իսկապես մի քիչ ուրիշ էր՝ թաց խոտը, մառախուղը: Մտածում էի տեսնես՝ իմ եղբայրն ո՞ւր է, չմրսի հանկարծ, չնայած անձրևն արդեն դադարեց:
 

Անի Ավագյան 

 
  • 2023-11-28
×