«Խաչ Քո» խորագրով ցուցադրություն՝ տարբեր ժամանակների ու մշակույթների պատկանող խաչերով

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Խաչ Քո» խորագրով ցուցադրություն՝ տարբեր ժամանակների ու մշակույթների պատկանող խաչերով

«Խաչ Քո» խորագրով ցուցադրություն՝ տարբեր ժամանակների ու մշակույթների պատկանող խաչերով

Դեկտեմբերի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկա գտնվեց «Խաչ Քո» խորագիրը կրող ցուցահանդեսին, որը բացվել է Ռուսական արվեստի թանգարանում։

 

Ցուցադրությանն էր ներկայացված հավաքորդ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ Նարեկ Վան Աշուղաթոյանի Տերունական նշանի՝ խաչերի անձնական հավաքածուն: Ցուցադրված են տարբեր ժամանակների ու մշակույթների պատկանող փայտյա, մետաղյա ու ասեղնագործ նմուշներ, մագաղաթի ու տպագիր Աստվածաշնչի փորագիր նկարներ։ Նմուշներից ամենահինը 9-րդ դարի է։

 

Ցուցահանդեսի խորագիրը վերցված է խաչին նվիրված՝ «Խաչ Քո եղիցի մեզ ապավեն, Տեր Հիսուս» աղոթքից։

 

Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն սկսվել է հորից նվեր ստացած 19-րդ դարի կաթոլիկ խաչից, որից հետո լրացվել  է հայկական ու ռուս ուղղափառ խաչերով։ Աստիճանաբար դրանց ավելացրել է նաեւ ձեռագիր ու տպագիր Աստվածաշունչ մատյաններում խաչելության թեմայով արված նկարները, ասեղնագործված խաչերի նմուշներ Եվրոպայից, Թուրքիայից, Մեքսիկայից, Գվատեմալայից, Բուլղարիայից, Աֆրիկայից եւ այն։  

 

Նարեկ Վան Աշուղաթոյանը Սրբազան հորն ուղեկցեց՝ ներկայացնելով յուրաքանչյուր խաչի կամ այն ձեռք բերելու պատմությունները։  

 

Ծիսական կամ կիրառական յուրաքանչյուր ցուցանմուշ իր ժամանակի ու ազդեցության վկան է՝ արտահայտված հայկականությամբ, կաթոլիկ, ուղղափառ կամ բողոքական մեկնաբանությամբ։

 

Ցուցադրությունը կտեւի մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս կայքից, 

Լուսանկարիչ՝ Էմին Արիստակեսյան:

 
  • 2023-12-04
×