Հանուն հայրենիքի ու հավատի

Հանուն հայրենիքի ու հավատի

44-օրյա պատերազմի նահատակ հերոսների, հանուն հայրենիքի ու հավատի անձնազոհության մասին են պատմում «Եթե քարերը խոսել իմանային», «Հավերժի ճամփորդ» գրքերը: Երկու գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ միասին՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Միջոցառմանը ներկա էր նաև Տեր Թովմա քահանա Անդրեասյանը։ Նա հանդիպումը բացեց Տերունական աղոթքով: 

 

Բանաստեղծուհի Եսթեր Մխիթարյանի «Եթե քարերը խոսել իմանային» գրքում նշվում է նահատակ երիտասարդներ Նարեկ սարկավագ Պետրոսյանի, Հրաչյա Պողոսյանի, Գոռ Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Հարություն Արմենի Հարությունյանի, Ալեն Մարգարյանի, Դավիթ Գրիգորյանի, Մովսես Սարգսյանի, Վահագն Հովակիմյանի, Սիմոն Արթենյանի, Նարեկ Սերոբյանի, Արզուման Շմավոնյանի, Ժորա Մարտիրոսյանի մասին:

 

«Մեր հորձանուտի մեջ խեղդվող օրերում առավել կարևոր է սեղանին ունենալ գրքեր հերոս նահատակների մասին, որոնք կհիշեցնեն, որ ուտելու, քնելու ու վայելքների համար չենք ապրում, հոգի ունենք, ու պետք է շատ բան սովորենք մեր նահատակ տղաներից»,- միջոցառման ընթացքում իր խոսքում նշել է Տեր Թովման։ Հավելել է՝ հերոս նահատակները մեզ ամեն պահ կհիշեցնեն, որ հայրենիքն ու հավատն առավել են, քան կյանքը, որ ժամանակավոր է: 

 

Լուսյա Խլղաթյանի «Հավերժի ճամփորդ» գրքում նշվում է որդու՝ արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, նահատակ Դավիթ Խլղաթյանի մասին: Գիրքը նվիրվում է արցախյան հերոսամարտի զոհերի անմար հիշատակին: 

 

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան հերոսների մայրերը, գրքերից հատվածներ ընթերցեց ասմունքող Վալյա Մանվելյանը: Հայրենասիրական իր երգերով հանդես եկավ երգիչ Արսեն Համբարյանը:

 
  • 2023-12-14
×