Հրեշտակների քաղաք՝ երեխաների ձեռքով

Հրեշտակների քաղաք՝ երեխաների ձեռքով

Սվետլանա Սարգսյանը Արցախից է եկել, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սան է։ 
 

«Արդեն 4 պարապմունքի հասցրել եմ գնալ, դասերը լավ են անցնում»,- նշում է Սվետլանա ու ընկերների հետ ներկայացնում իրենց ձեռքի աշխատանքները։ Իրենց տաղավարում կարելի է գտնել տարբեր գույների թղթե հրեշտակներ։


Նման այլ հետաքրքիր նմուշներ կարելի էր տեսնել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանի դահլիճում կազմակերպված ցուցահանդեսին։ Թեմի եկեղեցիների կիրակնօրյա դպրոցների սաները փորձել էին միասին՝ իրենց ձեռքի աշխատանքներով, ստեղծել հրեշտակների քաղաք ու սեր փոխանցել։

Մեկ այլ տաղավարում Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաներն են պատմում աշխատանքների մասին։

 

«Ներկայացնում ենք մեր պատրաստած քաղցրավենիքը, մոմից, գիպսից սարքած հրեշտակները»,-նշում է Էլիզա Ենոքյանն ու վստահեցնում՝ ամեն բան իրենց ձեռքով են արել։

 

Կիրակնօրյա դպրոցների սաների աշխատանքներին ծանոթացավ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Սաները Սրբազան Հորը նվիրեցին իրենց գործերից։ Յուրաքանչյուր աշխատանքի մեջ նրանք հատուկ խորհուրդ են դրել։


«Երեխաների ձեռքով ստեղծված հրեշտակները, որ պիտի բարեխոսեն մեր երկրի խաղաղության համար, Սրբազանի օրհնությամբ փոխանցվելու են տարբեր մարդկանց։ Սրանք կիրակնօրյա դպրոցների յուրօրինակ այցեքարտերն են։ Երեխաները պատրաստելուց իրենց սերն ու նվիրումն են ներդրել դրանց մեջ»,- նշում է ԱՀԹ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը։


Նրա խոսքով՝ ցուցահանդեսները, նման միջոցառումները լավ առիթ են, որ երեխաները շփվեն միմյանց հետ, ճանաչեն իրար։


Միջոցառման ավարտին սաները միմյանց ևս նվիրեցին իրենց աշխատանքները։


ԱՀԹ-ում կիրակնօրյա դպրոցները գործում են 1991 թվականից։ Այսօր Երևանի բոլոր եկեղեցիների կիրակնօրյա դպրոցներում սովորում են 600-ից ավելի երեխաներ։ 


Հասմիկ Նալբանդյանը նշում է՝ կիրակնօրյա դպրոցները եկեղեցու համայնքի անբաժան մասն են։ 


«Դպրոցի սաները համայնքի անդամ են, մասնակից են Պատարագին, հաղորդակից են քահանաներին, լսում են նրանց քարոզները, խորհուրդները։ Քահանաները ուսուցիչների հետ միասին աշխատում են երեխաների հետ»։ 


Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը հույս ունի, որ գալիք տարին կիրակնօրյայի ընտանիքում պտղաբեր կլինի։ Շատ են ցանկանում, որ Արցախից եկած երեխաները ևս դառնան ընտանիքի անդամ։ 

  • 2023-12-26
×