Նավասարդ Սրբազանը Օրհնության գրերի արժանացրեց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանը Օրհնության գրերի արժանացրեց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին

Նավասարդ Սրբազանը Օրհնության գրերի արժանացրեց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին

Դեկտեմբերի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Օրհնության ու գնահատանքի գրեր շնորհեց թեմի կիրակնօրյա դպրոցներում 30 եւ 25 տարի դասավանդած վաստակաշատ ուսուցիչներին՝ դրվատանքի արժանացնելով նրանց նվիրումը մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության առաքելությանը։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը ողջունեց ներկաներին ու ներկայացրեց կիրակնօրյա դպրոցների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը։ Առանձնահատուկ խոսեց ուսուցիչների աշխատանքի մասին։ 

 

«Երիտասարդության տարիներին Աստծուն ճանաչելու, Ավետարանի խրատներն իրենց կյանքի ուղենիշ դարձնելու, Մայր Եկեղեցուն ծառայություն ստանձնած տասնյակ ուսուցիչներից վեցն այսօր արժանի են առանձնահատուկ գնահատանքի: Համեստագույն կեցվածքով եւ առաքինի վարքով այս ուսուցիչները քսանհինգ եւ ավելի տարիներ հոգեւոր ուսուցիչ եւ աղոթակից էին Խարբերդի մասնագիտացված մանկատան նույնիսկ անկողնային հաշմանդամներին: Լույս ունեն իրենց ներսում, ողորմություն՝ իրենց սրտի տախտակների վրա գրված ու մարդկանցից բարի համարում են գտել»,-իր խոսքում ասաց Հասմիկ Նալբանդյանը:

 

Ողջունելով ներկաներին՝ Նավասարդ Սրբազանն իր բարձր գնահատանքն ու երախտիքի խոսքն ուղղեց ուսուցիչներին․ «Սիրելի՛ ուսուցիչներ, կիրակնօրյա դպրոցների նվիրյալներ, օրհնություն է մեզ համար հաղորդակցվել երեխաների հետ։ Եթե դուք կարողացել եք ձեր միջոցով Աստծուն խոսեցնել մանուկների հետ, ուրեմն՝ հաջողել եք, եւ ձեր սերմանած հունդերը ընկել են պարարտ հողի մեջ։ Փոքրիկների աշխարհն իրենց աչքերի, մանկական ձայնի ու խաղի մեջ է։ Մանուկներից ամեն մեկը մի անսահման ու անաղարտ աշխարհ է։ Երբ շփվում ենք երեխաների հետ, ակամայից վերագտնում ենք մեր իսկությունը։ Քրիստոսի խոսքերը հիշենք․ «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիններինն է» (Մատթ. 19:14)»։ 

 

Իր խոսքում Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր հղեց նաև ՔԴԿ տնօրեն Հասմիկ Նալբանդյանին՝ նշելով, որ վերջինս վաստակաշատ ավանդ ունի մատաղ սերնդի քրիստոնեական կրթության ու դաստիարակության ոլորտում։ ՔԴԿ տնօրենին մաղթեց քաջառողջություն, որպեսզի երկար տարիներ շարունակի արդյունավորել իր աստվածահաճո գործունեությունը։ 

 

Վերջում Նավասարդ Սրբազանը բարեմաղթեց, որ Բարձրյալն Աստծո Աջը զորավիգ լինի ամենքին, և Երկնավոր Տիրոջ բարեսեր կամքով ապրենք արեւշատ ու խաղաղ օրեր։

 

Նավասարդ Սրբազանի կողմից պարգեւատրվեցին 1993թ․-ից թեմում աշխատող Գայանե Հակոբյանը (Նորագավթի Սուրբ Գևորգ եւ Սուրբ Երրորդություն եկեղեցիներ), Ջուլիետա Հակոբյանը (Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցի), Հռիփսիմե Հարությունյանը (Սուրբ Երրորդություն եկեղեցի), 1998թ․-ից աշխատող Հայկանուշ Հակոբյանը (Սուրբ Երրորդություն եկեղեցի), Նվարդ Բիլյանը (Աջափնյակ համայնքի ՄՊՍԿ եւ Սուրբ Երրորդություն եկեղեցի), Քրիստինե Ղազարյանը (Սուրբ Երրորդություն եւ Սուրբ Աննա եկեղեցիներ)։ 

 

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի բոլոր համայնքներում գործում են կիրակնօրյաներ։ 600-ից ավելի երեխաներ ու պատանիներ ամեն շաբաթ հոգեւոր գիտելիք են ստանում հիշյալ հաստատություններում, ծանոթանում Հայ Եկեղեցու ավանդույթներին ու պատմությանը, սովորում աղոթքներ ու շարականներ։ 

 

Երկու տարի առաջ կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համար կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ, որոնց արդյունքում նվիրյալ ուսուցիչների շարքերը համալրվեցին նաեւ երիտասարդ կադրերով։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-12-29
×