Կյանք՝ բոլոր կորուստներից ու ցավերից հետո

Կյանք՝ բոլոր կորուստներից ու ցավերից հետո

«Բոլորի հետ ջանացե՛ք ապրել խաղաղությամբ և սրբությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի»։ Եբրայեցիս 12:14

 

Լրիվ անակնկալ կերպով հայտնվում եմ համաշխարհային ճանաչում ունեցող մի երգչուհու համերգին, հազարավոր այլ նյույորքաբնակների հետ։ Երգելու արանքում աշխարհով մեկ ճանաչված այդ կինը խոսում է ներկաների հետ։ Տարբեր բաներ է ասում, լսում դահլիճից եկող արձագանքները՝ բղավոցներ, ծափեր, էլի բղավոցներ։ Բայց մի միտք հանկարծ լռեցնում է 19000 հոգանոց դահլիճն ու հուզում բոլորիս՝ ասես մեկ մարդու։ Ասում է՝ մենք դաժան ենք վարվում, երբ չենք հասկանում։ Արցունքը գնում է աչքերիցս այն գիտակցումից, որ այս պարզ միտքը շատ ուժեղ է արձագանքում իմ մեջ։ Ակնթարթորեն հիշում եմ, որ ամեն անգամ, երբ ես որևէ մարդու չեմ հասկացել՝ ինչու է նա այդպիսին, ինչու է այսինչ բանն ասում կամ անում, ես հակված եմ եղել դաժանության։ Ես դաժան եմ եղել, երբ չեմ կարողացել դուրս գալ իմ սեփական անձի սահմաններից ու իրերին նայել այդ մարդու աչքերով։ Լսել նրա ականջներով։ Քարը չնետել նրա ուղղությամբ՝ ինձնից տարբեր լինելու համար։ Եվ երբ ասում եմ՝ դաժան՝ մի՛ պատկերացրեք ամենավերջին ծեծը, ամենավերջին հայհոյանքը, պատկերացրեք՝ սիրո, համբերության, ըմռնումի ու ներումի բացակայություն։ Ինչպես մութը լոկ լույսի բացակայությունն է։

 

Մենք իրար չենք հասկանում։ Մենք իրար չենք ափսոսում։ Բավական է մեզնից մեկը սայթաքի, ու մնացածը գալիս են ընկածին էլ ավելի հեռու գլորելու։ Եվ մենք իրար չենք ճանաչում, իսկ հասկանալու համար ճանաչել է պետք։

 

Մեզ հետ պատահած այս ամբողջ ցավը պիտի՛, պիտի՛ դրդի մեզ ինքնաճանաչման։ Ինքնաճանաչման մեջ մեծ ուժ կա։ Դու տեսնում ես քո լուսավոր կողմը, դու տեսնում ես քո սև երեսը։ Հասկանում ես, որ միատարր չես, ու ոչ մեկը միատարր չէ։ Ընդունել իրերի երկակի լինելը։ Չդատել։

 

Ինքնաճանաչում և արարում՝ Աստծուն տանող ամենամոտ ճանապարհները, որոնք հասանելի են բոլորիս։ Տարվա այս շրջանում, երբ մտովի ամփոփում ենք մեր անցնող տարին՝ լավ է մեզ հարց տանք՝ ի՞նչը մեզ տարավ ինքնաճանաչման։ Տարա՞վ արդյոք։

 

Մեր կորուստները մեզ ինչի՞ մասին են հուշում։ Որտե՞ղ մե՛նք ունենք մեզ շտկելու կարիք, մենք, հենց մենք՝ ոչ մեր կողակիցը, հարևանը, գործատուն, մի որևէ պաշտոնյա կամ այլ ոք։ Սլաքներն ուղղել դեպի ինքներս մեզ, ներս նայել ու տեսնել, որ ամեն վատ բան, որ տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհում, մեր մեջ էլ կա։ Ներել։ Մեզ ու մյուսներին։

 

Ի՞նչ ստեղծեցինք անցնող տարի։ Միգուցե՝ տո՞ւն։ Կա՞ այդ տանը սեր։ Փոխըմբռնում։

 

Հետդ ապրող մարդկանց ինչպե՞ս ես սիրում։ Սիրո ո՞ր լեզվով։ Ի՞նչ ստեղծեցինք անցնող տարին։ Գուցե՝ ընտանի՞ք։ Այդ ընտանիքում հարգանք ու խաղաղություն կա՞։ Իսկ թե չկա, ի՞նչ ես անելու, որ լինի։ Պատրա՞ստ ես զիջել, ընդառաջել և պատրա՞ստ ես արդյոք պաշտպանել քո սահմանները։ Մեզնից դուրս ոչինչ չի կատարվում։ Ամեն դրսի բան արձագանքն է ներսում կատարվողի։ Փոփոխությունները գալիս են միայն ներսից։ Սկզբում՝ ներսից։

 

 Ես անվերջ հավատում եմ նորի հրաշալիությանը։ Անվերջ հավատում եմ, որ Տերը ամեն Նոր տարուն ամեն մեկիս մի-մի սերմ է նվիրում և տալիս ժամանակ՝ աճեցնելու այդ սերմը։

 

Ինքնաճանաչման ու արարումի սերմը։ Ոչ մեկս չենք հեռանում այս աշխարհից՝ առանց մշակ լինելու։ Ինչպիսի՞ մշակ ես դու։ Ինչպիսի՞նն ես պատրաստվում լինել։

 

Եկող տարին հնարավորություն է մշակ լինելու գործում վարպետանալու։ Ընդհանրապես եթե ինձ հարցնեին՝ ի՞նչ կուզեիր լինել՝ կասեի՝ վարպետ։ Ինչ-որ մի գործում լինել գիտակ, փորձառու, չտեսնված։ Բայց ամենաշատը՝ իմ ներսը խնամելու գործում։ Մոլախոտերից ինձ ազատելու, ինձ ջրելու, ծաղկեցնելու, բարի՛ք տալու գործում։ Որովհետև կյանքը մշակ լինելու հնարավորություն է։ Ամեն անցնող տարին դրանում վարպետանալու հնարավորություն։

 

Կուզեի իմ ընթերցողները Նոր տարին դիմավորեին այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուր օրը նվեր է մեզ։ Մենք մի ամբողջ հավերժություն չենք ապրելու, յուրաքանչյուր ունեցած օր պարգև է ու հնարավորություն՝ սիրելու, հասկանալու, ներելու, ըմբռնելու, օգնելու, ոգեշնչելու, ստեղծելու, ինքնաճանչման, մշակ լինելու, վարպետանալու։ Եվ Տերը մեզ հետ է այս ամբողջ ընթացքում, որովհետև Նա տվեց անգամ Իր սիրելի Որդուն, որ մենք լինե՛նք, կյանք ունենանք՝ ամեն տարի, նորից։ Բոլոր ցավերից ու կորուստներից հետո։ Ամեն։

 

Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ, շնորհավո՛ր Նոր տարի։

 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

  • 2023-01-09
×