Ս. Սարգսի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Սարգսի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Հունվարի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է երիտասարդության ու սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնը։

 

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։

 

Ուրախալի է, որ տոնի առթիվ շատ են նաեւ ինքնաբուխ նախաձեռնությունները, որոնք նպաստում են ազգային տոնի վերականգնմանը։

 

Ժամանակացույց

 

Հունվարի 20-ին՝ ժամը 14:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի կունենա «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ինտելեկտուալ խաղ-փառատոնը, որը նախաձեռնել է թեմի երիտասարդական հոգեւոր խորհուրդը՝ հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավարությամբ:

 

Հունվարի 23-30-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունենալու մեկ գործի ցուցադրություն: Սուրբ Սարգսի տոնի առթիվ պահոցից հանվելու եւ այցելուներին է ներկայացվելու 18-րդ դարի անհայտ հեղինակի՝ Սուրբ Սարգսի սրբապատկերը։

 

Հունվարի 25-ին՝ ժամը 18:00-ին` Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ,  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Սիրո գերազանցությունը․ հոգևոր-հոգեբանական դիտարկումներ» թեմայով դասախոսություն։ Դասախոսությունը կվարի հոգեբան Արմինե Վահանյանը։ 

 

Հունվարի 26-ին տոնի առթիվ անակնկալ ունի նաեւ Հայաստանի պատմության թանգարանը։ Ցուցադրության է ներկայացվելու մի ցուցանմուշ, որի վրա գրված է «Սիրո գինը սերն է»։ Տոնի առթիվ բոլոր այցելուներին առաջարկվելու է շարունակել միտքը եւ ստանալ նվերներ։ Լավագույն մեկնաբանությունները կհրապարակվեն թանգարանի սոցցանցերի էջերում։ 

 

Հունվարի 26-ին` ժամը 18:00-ին, Երիտասարդական ակումբների դաշնությունը կազմակերպում է Սուրբ Սարգսի տոնին նվիրված երիտասարդական միջոցառում` պոեզիայի ընթերցումներ, խաղեր, սիրո խոստովանություններ։ Բոլոր չամուսնացածներին կհյուրասիրեն աղի բլիթ:

 

Հունվարի 27-ին

 

  • Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում:

  •  
  • 9:30-ին Երեւանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի կբերվի 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչեւ երեկոյան ժամերգությունը:

  •  
  • 9:30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Ս. Սարգսի աջը: Հավարտ Ս. Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը կբաշխվի հավատավոր ժողովրդին: Սուրբ աջը եկեղեցում կմնա մինչեւ երեկոյան ժամերգությունը:

  •  

  • 11:00-ին Տոնական Ս. Պատարագ Ս. Սարգսի անունը կրող երկու եկեղեցիներում՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների հիշատակին: 

  •  
  • ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում․ այս տարի արդեն 9-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ կքաջալերվեն 20 գնդերեցներ, որոնք իրենց հոգեւոր ծառայությունն են բերում ՀՀ Զինված ուժերի տարբեր զորամասերում։

  •  
  • 15:00-ին Նկարների ցուցահանդես՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին, ՀՀ նկարիչների միության (Երեւան, Աբովյան 16) դահլիճում: Ցուցահանդես-մրցույթն արդեն 10-րդն է եւ կազմակերպվում է Արարատյան Հայրապետական թեմի եւ Աշխարհի Հայ Նկարիչների միության նախաձեռնությամբ:

  •  
  • 16:30-ին «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. Սիրո խոստովանություն գրքով» Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Իմ գաղտնի գրքասեր» ծրագրի մասնակիցների գրքերի հանձնումը: «Բուկինիստ» գրախանութների ցանցը եւ Արարատյան Հայրապետական թեմը տոնի առթիվ արդեն 8-րդ անգամ ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Չբացահայտելով նվիրողի անձը՝ միջոցառմանը հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր նվերներ ունեն իրենց գաղտնի գրքասերներից: 

  • 2024-01-24
×