Պայքար ինքնության ու հավատի համար. Ս. Ատոմյանք

Պայքար ինքնության ու հավատի համար. Ս. Ատոմյանք

«Վասն հավատոյ և վասն հայրենյաց». դարեր շարունակ այս գաղափարով ոգեշնչվել են մեր սերունդները, պաշտպան կանգնել մայր հողին, հավատարիմ մնացել իրենց հավատքին՝ չխնայելով կյանքը: Այս գաղափարով գիտակցված անմահության գնացին Ատոմյանց հայազգի զորավարները:
 

Այսօր՝ ժամերգություններին հնչող «Մանկունք» շարականը պատմում է նրանց վարքի մասին. Ս. Ատոմյանց հիշատակության օրն է:

«Աղաչում եմ Քեզ, Տեր, Սուրբ Ատոմյանների բարեխոսությամբ,

Որոնք նահատակվեցին պատերազմական ճակատամարտում,

Հաղթական եղան թշնամու դեմ,

Սրանց բարեխոսությամբ խնայիր մեզ Քրիստոս»: (հատված՝ շարականից)
 

Կռիվ՝ ինքնության համար
 

Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի, հայի համար օրինակ են: Մեր այս դժվարին օրերում արժանի են հիշատակության, քանի որ ընդունեցին մահվան պսակը՝ գիտակցելով դրա իմաստը: Հիշատակության օրը խնդրենք նրանց բարեխոսությունը մեր հայրենիքի համար, նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը. 
 

«Նրանց մարտիրոսությունը ինքնության նաև Աստծո փառքի համար էր»:
 

Հայ քրիստոնյաների առաջին մեծ նահատակությունը
 

Ըստ վկայաբանության՝ եղել է Ատոմյանց երկու շարժում, առաջինը՝ 5-րդ դարում էր, տեղեկացնում է Տեր Բաբկենը: Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ ու հովանավորությամբ: Զորավարները գնդերով ծառայում էին Պարսից արքունիքում, կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Հայտնի են նաև Վարս Գնունի՝ Ատոմի որդին, Վարս Ոստանիկ, Ներսեհ Երվանդունի, Վարձավոր Արծրունի անունները: Երկու նախարարական հեծյալ գնդեր էին, շուրջ հազար հոգի:
 

«Նրանք քաջարի էին, մեծ հարգանք էին վայելում, սակայն մոգպետերի հորդորով, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու համար: Հազկերտը հրավիրում է նրանց՝ պարգևատրելու: Իմանալով, որ իրենց համար որոգայթ է պատրաստվում՝ նրանք առերևույթ ընդունում են հրավերը, սակայն գալիս են Հայաստան՝ Անձևացյաց գավառ»,- նշում է քահանան:
 

Ըստ Ավանդության՝ մի ճգնավոր մարգարեացել է, որ նրանք պետք է վերցնեն մարտիրոսական պսակ: Այս մասին է վկայել նաև տեսիլքը: Նրանց ստիպել են ուրանալ կամ սպանվել: Ի վերջո նահատակվել է են Պարսից զորքի հետ կռվում: 
 

Ս. Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և նահատակվում 449 թվականին:

 

Ըստ քահանայի՝ մարտիրոսվել են մոտ 1000 հոգի.

 

«Սա առաջին մեծ նահատակությունն է հայ քրիստոնյաների: Այն կարծես հանուն Քրիստոսի զոհաբերության նախապատրաստումն է: Հետագայում նման օրինակներ տեսնում ենք տարբեր վայրերում նաև Վարդանանց պատերազմում»: 

 

Հոգևորականը տեղեկացնում է՝ Ատոմյանց զորականների մյուս շարժումը 9-րդ դարում էր: Նրանք մոտ 150 հոգով նահատակվում են արաբական արշավանքի ժամանակ: Պետք է ընտրեին՝ մահ կամ դավանափոխություն: Մնում են անհողդողդ ու նահատակվում:

 

«Նրանք կարող էին դավանափոխվել ու ապրել անդեմ, ոչ իրենց ինքնությամբ»,- նշում է Տեր Բակբենը:

 

Ս. Ատոմյանք հաղթահարեցին կյանքի բոլոր դժվարությունները և մահվամբ հաստատեցին իրենց ընտրությունը:

 

Անի Ավագյան

 
  • 2024-01-29
×