Հոգևորականները փոխանցել են լույս, ջերմություն և օրհնություն

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հոգևորականները փոխանցել են լույս, ջերմություն և օրհնություն

Հոգևորականները փոխանցել են լույս, ջերմություն և օրհնություն

Լուսանկարը՝ Իննա Մխիթարյանի։

 

Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականները և հավատացյալները, շրջելով մայրաքաղաքում, լույս, ջերմություն ու Աստծո օրհնությունն են փոխանցել անցորդներին: Քահանաների ձեռքին խորհրդանշական նվերներ էին՝ Արցախի հայտնի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի պատկերով կանթեղներ ու արցախյան ժենգյալով հաց։ 

 

 

Միջոցառումն իրականացվել է Տեառնընդառաջի նախատոնակի առթիվ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական Մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայելու տոնը՝ Տեառնընդառաջը: Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցու կանթեղներից կրակ վերցնելով՝ խարույկ է վառվում` որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Այս անգամ մարդիկ այդ լույսի հետ միասին իրենց տներ տարան նաև Արցախի խորհրդանիշները, համն ու հոտը։

 

 

Լույսից ու ջերմությունից բացի մարդկանց փոխանցվել է նաև Արցախ վերադառնալու հույսը, նշում է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը։ 

 

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները ևս մեծ պատասխանատվությամբ զբաղված էին կարևոր գործով։ Հերթով թակում էին տների դռներն ու բնակիչներին փոխանցում ճրագները։ Փոքրիկները հիշեցնում էին օրվա խորհուրդը․ Տեառընդառաջը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է։

 

Մայրաքաղաքում անցորդներին կանթեղներ ու ժենգյալով հաց են փոխանցել նաև Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բաղդասարյանը, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը՝ համայնքի անդամների հետ միասին։ Բնակիչներին հրավիրել են տոնի օրը` փետրվարի 14-ին, մասնակցել Ս. Պատարագին։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-02-13
×