Պահեցողության մասին, թե որքան բարի և ընդունելի Է Աստծուն

Պահեցողության մասին, թե որքան բարի և ընդունելի Է Աստծուն

Եվ արդ, մարդկանցից ո՞վ կարող է իմանալ և ճառել, թե որքա՜ն բարի է պահքը Ադամի  որդիների համար, եթե սիրում են այն: Միայն Աստծուն է հայտնի այն մեծությունն ու շահը, որ պահքից լինելու էր մարդուն: Այս  պատճառով էր, որ Ադամին տվեց առաջին պատվիրանը՝ ասելով. «Մի՛ ճաշակիր ծառի պտղից» (Ծննդոց Բ 17): Քանզի դրախտում Ադամը հրեշտակների պես  սակավապետ էր, և նրա կենակիցը պահքն էր: Բայց Ադամը չհավատաց Աստծո պատվիրանին, որովհետև չգիտեր, թե որքան բարի բան է պահքը, և ճաշակելով պտուղը՝ արտաքսվեց դրախտից: Եվ միայն Ադամից հետո յոթերորդը՝ Ենովքը, իր նախաստեղծ հորից լսելով. «Ուտելիքն ինձ զրկեց լուսեղեն փառքերից ու դրախտից», զարմացավ և որդեծնությունից հետո երկու հարյուր տարի իրեն հեռու պահեց մրգերից ու այլ ցանկալի կերակուրներից, ինչպես նաև ընդհանրապես չհամարձակվեց նայել երկինք և Ադամի փոխարեն մտավ դրախտ: Այս պատճառով էլ աստվածային գրքերով մեզ հրամայվեց պնդությամբ պահել, որ մտնենք երկնքի երանությունը, որից զրկվեց Ադամը կերակուրի պատճառով: Բայց նրանք, ովքեր  ծառա են փորին ու որովայնին, տերունական ու առաքելական խոսքն ընդունում են ի կորուստ իրենց անձերի, որովհետև չգիտեն, թե Տերն ինչ հանգամանքներում ասաց. «Կերակուրը չէ, որ պղծում է մարդուն» (Մարկոս Է 18), իսկ առաքյալը ասաց. «Ուտելիքը չէ, որ մեզ կանգնեցնելու է Աստծո առջև» (Ա Կորնթացիներ Ը 8): Եվ այս խոսքերով կործանում են շատերին, որովհետև ըստ լսելիքի և ախորժակի մորմոքի՝ հեշտությամբ քարոզելով ընկղմում են տգետներին ու որովայնամոլներին առասպելախառն զրույցների մեջ: Այսպիսի որովայնապաշտների մասին է գրում սուրբ առաքյալը.«Ողբալով դիմում եմ Քրիստոսի Խաչի թշնամիներին, որոնք աստվածացրին որովայնը ու իրենց փառքն համարեցին որովայնի արտաթորանքը և ամոթի գարշահոտությունը» (Փիլիպեցիներ Գ 18-19): Եվ առաքյալը դիմում է որովայնամոլներին ու հեշտաքարոզ վարդապետներին, որոնք հեշտությամբ թյուրում էին այն ամենը, ինչ լուսավորում էին սուրբ առաքյալները՝ անվանելով նրանց «շներ ու չար մշակներ» (Փիլիպեցիների Գ 2):

 

Անսահման չարիք է որովայնամոլությունը: Նայի՛ր և տե՛ս, ո՛վ մարդ, թե ինչպես կործանվեց Ադամը, և մի՛ հեշտացիր և մի՛ կործանիր ուրիշներին: Մի՞թե դու ավելին գիտես Աստծուց, որ Ադամին ասաց. «Մի՛ կեր» (Ծննդոց  Բ 17), կամ ավելի ես ուսանել, քան բոլոր սրբերը, որոնք պատվիրեցին մեզ պահել քաջությամբ:

 

Արդ, սուրբ մարգարեները պահեցին և արժանացան հրեշտակների տեսությանը: Հանուն Աստծո պահեցին նաև առաքյալները և ապա արբեցին Սուրբ Հոգու բխումով: Հետևի՛ր Եղիային, Մովսեսին և Հովհաննեսին, թե նրանք ինչպես տեսան Աստծուն՝ ուտելո՞վ, թե՞ պահելով: Սովորիր հայրապետների, մարտիրոսների և միանձանց վարքից, որովհետև պահքն էր նրանց պարիսպն ու ամրությունը: Եվ այս բանը քաջ գիտեն ամենքը: Իսկ ով նայելով տերունական խոսքին, թե՝ «Կերակուրը չի պղծում մարդուն» (Մարկոս Է 18) կամ առաքյալի ասածին, թե՝ «Կերակուրը չէ, որ մարդուն կկանգնեցնի Աստծո առջև», սակայն չընկալելով խոսքերի իմաստը, թե ինչ նպատակով ասվեցին, միայն խոսքի արտաքին կողմին է նայում, տգիտաբար քարոզում է և ասում. «Կերակուրը չի պղծում մարդուն» (Մատթեոս Է 18)… Այդ դեպքում առաքյալն  ինչո՞ւ  գրեց. «Բազում անգամ եղա պահքի մեջ» (Բ Կորնթացիներ ԺԱ 27), և Նիկիայի նոր սուրբ ժողովում և այլուր ինչո՞ւ ասվեց. «Ով պարարտ կերակուր ուտի աղուհացի  և մյուս խորհրդավոր պահքերի օրերին, նզովյա՛լ լինի»… Քա՛վ լիցի, որովհետև Աստծուց սովորեցին պահքի շահը, որը սահմանվեց Ադամի համար…

 

Ըստ Աստծո բարձրագույն հրամանի՝ պահքը դևերի հալածիչն է: Պահքը Աստծո կոչականն է և հրեշտակների ցնծությունը: Պահքը մեղքերի լվացումն է և բարեպաշտություն սերմանողը: Պահքը հոգու պայծառ ջահն է, լուսավոր կանթեղը, մարմնի առողջությունն ու երկարակեցությունը՝ վկայված բժիշկների և փորձված բոլոր մարդկանց կողմից: Պահքը Աստծուց մեզ պարգևած հոգևոր սուր է և երբեք չբթացող զենք է՝ ընդդեմ թշնամու: Պահքը հրեշտակների գործն է և Եկեղեցու պարծանքը: Պահքը ամուր աշտարակ և լուսավոր սանդուղք է՝ առ Աստված բարձրանալու համար: Պահքը լայնատարած կամուրջ է, նաև ճանապարհի ելք՝ դեպի երկինք տանող: Պահքը գովված և վկայված է բոլոր սրբերի կողմից:

 

…Ահա՛ ճանաչի՛ր պահքի անսահման շնորհներն ու մեծությունը, որովհետև եթե նախաստեղծ մարդը պահեր և չճաշակեր պտղից, դրախտում կլիներ որդեծնությունը պարկեշտությամբ և մարդու կամքով, որովհետև  նրան չէր բռնադատի ախտը, ինչպես այժմ, այլ Աստծո օրհնության համար կամովին և ոչ ակամա իր անձի փոխարեն կծներ զավակներ և ապաշխարելով՝ անմահ կդառնար, այնտեղից կվերափոխվեր անմարմինների անճառելի կյանքը, այսինքն՝ ընկած հրեշտակների տեղը՝ մոտ սերովբեների խորանին…

 

Արդ, որ բազմահնար է բանսարկուն և խաբող, տե՛ս և ճանաչի՛ր առաջին մարդու անկումից, որովհետև սատանան բնական գեղեցկությունից առավել էր պտուղը փայլեցնում կույս Եվայի աչքի առջև, լլկում էր նրա որովայնը և նեղում ցանկությամբ, մինչև որ սա վերցրեց, կերավ և զրկվեց փառքից: Այսպես որովայնամոլությամբ և արբեցությամբ բանսարկուն նեղում է ամեն մեկին, առավել է գեղեցկացնում կերակուրները, քան հարկավոր է բնական քաղցն հագեցնելու համար, լլկում է որովայնն ու նեղում է մարդուն քաղցրահամ կերակուրների և ըմպելիքների ցանկությամբ՝ դարձնելով անժուժկալ, որովհետև սատանան ունի կերակուրների ցանկություն, բայց մարմին չունի, որի միջոցով կերակրվի...

 

Եվ արդ, որովհետև այսքան մեծ կործանման հասցրեց պտղի ճաշակումը, և այսպիսի մեծ բարիքների առիթ է պահքը, Աստծո սիրելինե՛ր, եկեք ջանանք քաջությա՛մբ պահել և ամենայն ժամ նրանո՛վ պսակենք մեր ճակատը, այն որպես առաջին պարիսպ կանգնեցնենք ընդդեմ պոռնկության չար դևի և նրանո՛վ հալածենք չարիքն ու մարմնական բոլոր ախտերը: Անսասա՛ն լինենք պահքի խորհրդի ժամանակ՝ այս կյանքում չարչարելով և ցամաքեցնելով մեր մարմինը, հեռանալով ցանկալի կերակուրներից և չափավորը մեզ բավարար համարելով, որպեսզի անխոնջ կենցաղավարությամբ և հրեշտականման կյանքով ապրենք այս աշխարհում, իսկ հանդերձյալում, որ գալու է, արժանանանք անպակաս լիությանը և անճառ միությանը, մշտնջենավոր ուրախությանը և անկարոտ կյանքին բոլոր ընտրյալ արդարների հետ ամենակալ Հոր շնորհներով ու ողորմությամբ, Միածին Որդու գթասիրությամբ և Սուրբ Հոգու խնամքով և առաջնորդությամբ, որ օրհնված և փառավորված են այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Վարդան Այգեկցի, «Խրատներ»

Պատրաստեց

Առաքել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

 

  • 2024-03-07
×