ԱՀԹ երիտասարդները նշեցին Միջինքը

ԱՀԹ երիտասարդները նշեցին Միջինքը

Մարտի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ թեմի առաջնորդարանում նշվեց Միջինքը։

 

Թեմի երիտասարդական միությունների հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հովվությամբ երիտասարդներն ամեն տարի նշում են այն` նպատակ ունենալով վերականգնել հայկական ազգային տոնական համակարգի երբեմնի ժողովրդականությունը։

 

Նավասարդ Սրբազանի նախագահությամբ տոնը սկսվեց Տերունական աղոթքով։ Ապա Տեր Պետրոսի առաջարկությամբ Սրբազան հայրը սկուտեղի վրա սերմանեց զատկական ածիկի ցորենի առաջին հատիկները։ 

 

 

Որպես ամենից ավագը՝ Սրբազան հայրը կտրեց Միջինքի տոնական բաղարջ գաթան, որի մեջ նշան էր դրված: 

 

Խոսելով երիտասարդաց միությունների մասին` Տեր Պետրոսն ասաց, որ թեմի միությունների 4 անդամներ նշանվել են ու շուտով ընտանիք են կազմելու։ Նրանց շնորհավորելով՝ Սրբազան հայրը եկեղեցիների պատկերներով կախազարդեր նվիրեց ու մաղթեց, որ ընտանիքները կառուցեն քրիստոնեական, հայկական արժեքներով։

 

Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախումբը (գեղ. ղեկավար Գրիգոր Հարությունյան) հանդես եկավ պրեմիերայով. առաջին անգամ կատարեց Սուրբ Սարգսին նվիրված երգը (հեղ. Գրիգոր Հարությունյան), ինչն արժանացավ ներկաների բարձր գնահատանքին։ Նավասարդ Սրբազանի կարծիքով՝ երգն իր մեղեդայնության շնորհիվ կսիրվի հատկապես երիտասարդների կողմից ու կարող է դառնալ նրանց երգացանկի մասը: Երգչախումը եւս մի քանի խմբերգեր կատարեց:

 

 

Երեկոյի տրամադրություն հաղորդողն ու բոլորին ազգային շուրջպարի մեջ ներգրավողը, ինչպես միշտ, «Վարք hայոց» ազգագրական երգի - պարի խումբն էր (գեղ. ղեկավար՝ Սարգիս Փարամազյան):

 

 

Տոնի առթիվ թեմի երիտասարդաց միություններից յուրաքանչուրը պահոց ուտեստներ էին պատրաստել, որոնք ավանդաբար մատուցվել են Միջինքի ժամանակ: Ազգային խոհանոցի մոռացվող ուտեստները եւս երիտասարդների հետեւողական ջանքերով վերականգնվում են տոնական միջոցառումների ժամանակ ներկայացվելով ու մատուցվելով:

 

Միջինքը նշվում է Մեծ Պահքի 24-րդ օրը: Այդ օրը Մեծ Պահքի օրերը կիսվում են: Այն եկեղեցական նշանակություն չունի եւ Մեծ Պահքը չի ընդհատում:   

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 
  • 2027-03-07
×