Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ

«Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ և Աստծու վրա է հույսն իմ» (Սաղմոս 61.8):

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ պահքի ուխտագնացության ընթացքի մեջ` վեցերորդ կիրակիին, որ հայտնի է «Գալստյան կիրակի» անվամբ,  նախորդող շաբաթ օրը քրիստոնյա հայորդու կողմից եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե հոգու թռիչքով մի առանձին ուխտագնացություն է կատարվում դեպի Խոր Վիրապ, որտեղ, ըստ պատմական և վարքագրական հիշտակությունների, մեր առաքելաշավիղ հավատքի հայր Լուսավորիչը մնացել է 13 տարի: Նշյալ շաբաթ օրը բաց Պատարագի մատուցմամբ Հայ Եկեղեցին հիշատակում է Հայրապետի սոսկալի չարչարանքների և վիրապ մտնելու օրը, որը քրիստոնեական կոչման մեջ վերստին հաստատագրվելու և ուղղորդվելու համար մեր հերթական անսասան հենքերից մեկն է:

 

Հայրապետի սխրանքի այս ուղին քաջալերող լավագույն օրինակ է բոլոր ժամանակներում կենսականորեն անհրաժեշտ այնպիսի հատկանիշների ձևավորման համար, ինչպիսիք են աստվածապավինությունը, համբերատարությունն ու արիությունը:

 

Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում սուրբ Հովհան Ոսկեբերանը գրում է. «Ո՞վ կարող է խոսքով պատմել Երանելու անսահման ճգնության մասին կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»: Ահա այսպիսի զորեղ հավատքի շնորհիվ Հայոց ժողովուրդն արժանացավ Հարուցյալ Փրկչի փառահեղ էջքին, Որով նոր կյանք ճառագվեց Հայոց աշխարհում, և Որից բխող ուժով էր հայորդին այսուհետ դիմակայելու դարերի արհավիրքներին: Ինչպես Լուսավորիչը չսասանվեց փորձության փոթորկահույզ ուժգին ալիքներից և որպես չկործանվող ժայռ մնաց ամուր ու հաստատուն այն երանելի առաքելության մեջ, որը կրում էր առ Աստված ունեցած իր հոգու ողջ նվիրումով և սիրով, այդպես էլ հայորդին պիտի, հետայսու, չտարուբերվեր իրեն բաժին հասած փորձություններում` Հայրապետի պես Աստծո հույսը դարձնելով իր համար որպես մի խարիսխ` անշարժ և հաստատուն. «Մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու առաջիկա հույսից, որը հաստատուն և անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբրայեցիներին 6.18-19)։

 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի անցած ճանապարհը վկայություն է առ Աստված ունեցած հավատքից բխող հրաշքների: Մահվան ճիրաններից դայակ Սոփիայի ու ոմն Եվթաղի միջոցով Կապադովկիայի Կեսարիա քաղաք փախցրած մանուկ Սուրենին զուր չտրվեց Գրիգոր անունը, որ հունարենից թարգմանաբար «արթուն» և «հսկող» հատկանիշներն է իր մեջ ամփոփում, քանզի նա պետք է դառնար սուրբ Թադեոսի և սուրբ Բարդուղիմեոսի առաքելագործության արժանավոր շարունակողը, մի ողջ երկրի մշտապես արթուն հսկիչը` ի նպաստ վերջինիս բնակիչների առ Աստված դարձի և փրկության։

 

Խորհրդանշական են նաև Լուսավորչին հասած չարչարանքները` իրենց թվով`տասներկու, և կերպով. «… ձեռքերը կապած, գայլ ի բերան, թիկունքին՝ աղի բեռ, կուրծքը բարձր գելարանից վար կախեցին։ Մեկ ոտքից կախելով՝ աղբ ծխեցրին ու դալար բրերով ծեծեցին։ Ոտքերը կոճղերի մեջ ճզմեցին։ Ոտքին երկաթյա բևեռներ մխելով՝ վազեցրին։ Գլուխը կռփահար անելով՝ ծեծեցին։ Գլուխը մամլիչի մեջ դնելով՝ քթի մեջ քացախ ու բորակ փչեցին։ Գլուխը մոխրով լեցուն պարկի մեջ կապեցին։ Գլխիվայր կախելով՝ նստատեղից ձագարով ջուր լցրեցին։ Կողերը երկաթե ճանկերով քերեցին։ Երկաթե դաստակների վրա քաշելով՝ քերեցին։ Ծնկները երկաթե կապիճների մեջ ձգելով՝ կախեցին։ Հալած կապարով մարմինը այրեցին» (Ագաթանգեղոս)։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ թվով տասներկու չարչարանքները փոխկապակցված երկու խորհուրդ ունեն. առաջինը խարսխվում է միջնադարյան բնագիտական այն ըմբռնման վրա, որ մարդը 12 անդամներ ու զգայարաններ ունի, որոնք ապականվել էին Ադամի կողմից մեղքի պտուղը ճաշակելիս, երբ նա իր զգայարաններով խաբվել է և ցանկացել ոտքերով ուղղվել դեպի ծառը, ձեռքով պոկել և բերանով ճաշակել։ Ըստ այդմ՝ Գրիգորն իր տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը հարաբերվում է մարդկային մարմնի տվյալ անդամի և զգայարանի հետ, ջնջել է դրանց ապականությունը, իսկ երկրորդ բացատրությունն առնչվում է տասներկու առաքյալների հետ. առաքյալների կրած տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրը սուրբ Գրիգոր Լուսավորիչն է կրել՝ դառնալով բոլոր առաքյալներին չարչարանակից։

 

Մի՞թե կարելի կլիներ նշյալ չարչարանքներից գոնե մեկին դիմանալ և կամ ողջ մնալ վիրապում 13 տարի առանց Աստծո օգնության: Սուրբը հարատևեց իր աղոթքներում և երբեք չտկարացավ ու չթերացավ առ Արարիչ ունեցած իր հավատքում:

 

Եվ ուրեմն մենք էլ գոտեպնդվենք հույսով, զինվենք աղոթքներով ու անսպառ համբերությամբ` ի նպաստ մեր ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության` մշտապես դիմելով Նրա փառահեղ սյուներից մեկի` Հայոց հավատքի հոր և Լուսավորիչ սուրբ Գրիգորի երանյալ բարեխոսությանը. «Հայաստան աշխարհի հավատքի՛ հայր, աստվածագո՛ւթ ծնող, սո՛ւրբ Գրիգոր Լուսավորիչ, աղոթքներով հայցի՛ր Երկնավոր Հորից, Նրա փառակից Որդուց և Սուրբ Հոգուց, որ մաքրի մեզ մեղքերից և ապրեցնի ճշմարիտ հավատով․ ամեն»։

 

Պատրաստեց

Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

  • 2024-03-14
×