Դատարկ խոսքերի համար հաշիվ ենք տալու

Դատարկ խոսքերի համար հաշիվ ենք տալու

«Ասում եմ ձեզ. ամեն անպետք խոսքի համար,  որ մարդիկ խոսում են, հաշիվ պիտի տան»: (Մատթ. 12:36)

 

Շվեյցարիայի ձնառատ լեռներում որոշակի տեղեր կան, որտեղ ճանապարհորդներին ուղեկցողը նախազգուշացնում է չարտաբերել ոչ մի բառ, քանի որ օդի չնչին թրթռումից ձյան որոշ հատված կարող է առանձնանալ բեկորից և փլուզման պատճառ դառնալ՝ իր հետ ամեն ինչ տանելով անդունդ: Ո՞վ կմտածեր, որ անգամ մի բառը կարող է ունենալ այդպիսի սարսափելի հետևանքներ: Համաձայնվեք, որ մեր խոսքերի բարոյական ազդեցությունը առավել կարևոր նշանակություն ունի: Անխոհեմ արտաբերված բառերը, որ մենք այդքան հաճախ և հեշտությամբ քամուն ենք տալիս, դարերի ընթացքում կարող են դառնալ որոշ իրադարձությունների ցավալի արդյունք և միայն մեծ Դատաստանի ահեղ օրը կբացահայտի մեր խոսքերի սարսափելի հետևանքները:

 

Այդ օրը մենք պատասխան պիտի տանք ամեն «անպետք խոսքի համար»: Մի՞թե սարսափելի չէ մտածել մեր կողմից ասված բազմաթիվ բառերի մասին, որոնք այդ ժամանակ անթաքույց պարզությամբ երևան կգան մեր առջև: «Անպետք» կամ «պարապ» բառերը պարապ ու անօգուտ կյանքից են ծագում. դրանք անտեղի, թեթևամիտ, հաճախ վնասակար բառեր են: Պարապության կամ անգործության հետևանքով բերանից բերան փոխանցվող նման դատարկ խոսքերն ու խոսակցությունները հաճախ սևացնում են մարդու բարոյական կերպարը՝ վերքեր հասցնելով նրա հոգուն: Չարախնդում են ուրիշի ձախողումը տեսնելով:

 

«Անպետք խոսքեր»-ին են վերաբերում նաև այն խոսակցությունները, որոնք ներխուժում են ընտանեկան կյանք, կարող են խաթարել ընտանեկան երջանկության հիմքերը: Պետք է բավականին զգույշ լինել բառերի օգտագործման մեջ: Թող որ մեր խոսքերը ճշմարտացի, պարզ և անկեղծ լինեն, թող նրանք լինեն բարյացկամ և սիրառատ:

 

«Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի»,- ասում է Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված նամակում (Կողոսացիս 4:6): Աստծո դատաստանի մասին միտքը պետք է ամուր փական լինի մեր լեզվի վրա: Մենք առավել իմաստությամբ կխոսեինք, եթե միշտ հիշեինք, որ մեր խոսքերը լսելի են երկնքում, և որ վերջին օրը նրանց միջոցով կամ կդատապարտվենք կամ կարդարանանք: Որքան սուրբ կլիներ մեզ համար արտասանված յուրաքանչյուր բառը, որքան մաքուր և ճշմարիտ, եթե հիշեինք, որ «Խոսքը» մեր Տեր Հիսուս Քրիստոսի անուններից մեկն է (տե՛ս Հովհաննես 1:1):

 

Երբ մարդու մեջ բացակայում է քրիստոնեական ընկալումը, նա չի արժևորում խոսքի և իր նմանի հետ ճիշտ հարաբերություններ ձևավորելու կարևորությունը, առաջ է գալիս չարություն, նախանձ, հակակրանք: Մարդիկ չարախնդությամբ են սկսում խոսել միմյանց հետ և անիմաստ բամբասանքներով վատնում են իրենց ժամանակը, որը Աստծո կողմից իրենց տրվել է որպես պարգև՝ աշխատելու, արարելու, բարի գործերով միմյանց հոգիները շահելու համար:

 

Եկեղեցու ավազանում մկրտված և սուրբ մյուռոնով օծված քրիստոնյան զորություն է ստանում՝ պահպանելու իր բերանը անսուրբ խոսքերից և իր շուրթերը  դարձնում ամուր դուռ չար, մեղավոր բառերի, խոսքերի արտաբերում թույլ չտալու համար: Սուրբ Ներսես Շնորհալին իր աղոթքներից մեկում խնդրում է, որ Ամենախնամ Տերը երկյուղը դնի իբրև պահապան ականջներին` չախորժելու չար խոսքեր լսել և բերանին՝ սուտ չխոսելու համար:

 

Ուրեմն, չլինենք անմտածված խոսքով սպանողներ և դեպի անդունդ ճանապարհ հարթողներ, այլ օգտագործենք մկրտությամբ մեզ տրված խոսքի շնորհները իմաստությամբ, խոհեմությամբ և ազնվությամբ: Օրինակ ծառայենք այն մարդկանց, որոնք հավատքի մեջ տկար լինելով՝ մոլորվել են ճշմարիտ ուղուց և, միգուցե, տեսնելով մեր խոսքն ու գործը, նրանք դառնան խոտոր ճանապարհներից դեպի ճշմարիտ աստվածգիտություն և արդարանան Դատաստանի օրը՝  հանդիսանալով նաև մեր փրկության խոսուն վկաները:

 

Գայանե ՄԱՐԳԱՐՅԱՆ 

  • 2024-03-14
×