Պատրաստ լինենք մեր լուսավոր գործերով. Ավագ երեքշաբթի

Պատրաստ լինենք մեր լուսավոր գործերով. Ավագ երեքշաբթի

Ամեն պահի պատրաստ լինել. այս պատգամն ունի Ավագ երեքշաբթին: Օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը, որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին:

 

Իմաստուններն իրենց գործերով արժանանում են Աստծո ողորմածությանը

 

Ավետարանական «Տասը կույսերի առակ»-ում հինգ իմաստուն ու հինգ հիմար կույսեր դուրս են գալիս Փեսային դիմավորելու։ Իմաստուն կույսերն իրենց հետ լրացուցիչ ձեթ են վերցնում, իսկ հիմարները՝ ոչ։ Երբ վերջիններիս լապտերների ձեթը վերջանում է, հիմարները գնում են ձեթ գնելու։ Այդ ժամանակ գալիս է Փեսան, հինգ իմաստուն կույսերը նրա հետ մտնում են հարսանիքի սրահ: Իսկ մնացածները ուշացած են գալիս ու խնդրում ներս թողնել իրենց, սակայն Փեսան պատասխանում է, թե նրանց չի ճանաչում:

 

Սուրբ Գիրքը պատգամում է՝«Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը» (Մատթ. 25:13)։ 

 

Հիշատակվող տասը կույսերը խորհրդանշում են հավատացյալներին: Փեսան Տերն է: Լապտերները խորհրդանշում են մեր հավատքը: Յուղն այն բարի գործերն են, որ մեր հավատքը դարձնում են վառ ու կենսունակ։ Ըստ առակի՝ հիմարները վերցնում են լապտերներն առանց ձեթի, այսինքն՝ հավատքը՝ առանց բարի գործերի: Այդ պատճառով նրանց առաջ փակվում է Երկնքի արքայության դուռը։ Իմաստուններն իրենց գործերով արժանանում են Աստծո ողորմածությանը։ 

 

Ո՞վ ենք մենք

 

Ավագ երեքշաբթի ինքներս մեզ պետք է հարց տանք, նշում է Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի փոխարինող Տեր Զաքարիա քահանա Անանյանը.

 

«Ո՞վ ենք մենք, իմաստո՞ւն ենք, թե՞ հիմար: Մեծ Պահքի ժամանակ կարողացա՞նք նմանվել իմաստուն կույսերին, թե՞ հիմար կույսերի նման հույսներս դրեցինք ժամանակի վրա՝ մտածելով, որ կհասցնենք ամեն բան»:

 

Առակը, ըստ հոգևորականի, սթափության ու զգոնության կոչ է: Հիշեցնում է Տիրոջ Գալստյան մասին ու պատգամում պատրաստ լինել այդ հանդիպմանը:

 

«Առակը կարծես հարցադրում է ուղղված հավատացյալներիս, թե այս ամբողջ ընթացքում, Մեծ Պահքի ժամանակ կարողացա՞նք հոգու ճրագի համար ձեթ հավաքել՝ բարեգործության, աղոթքի, ողորմածության տեսքով, որպեսզի բարի գործերով զարդարված ընդառաջ գնանք Տիրոջը»,- նշում է Տեր Զաքարիան:

 

Եթե հավատում ենք միայն խոսքով, մեր հավատքը մարելու է, ու Տերն էլ մեզ չի ճանաչելու: Աստծո գոյությունը փաստելու լավագույն միջոցը մեր առաքինի, բարի գործերն են: Տիրոջն ընդառաջ պետք է գնալ մեր լուսավոր գործերով: Հակառակ դեպքում կհայտնվենք Երկնքի Արքայության փակ դռների առջև:

 

Ավագ երեքշաբթի՝ երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքերին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:

 

Անի Ավագյան

 
  • 2024-03-26
×