Վկայաբանություն Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդու

Վկայաբանություն Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդու

Պատմության սկզբի մասին ասվում է, որ Հունաց Կոստանդիանոս Բարեպաշտ թագավորի ժամանակ Սարգիսը Կապադովկիայի հունական զորքերի հրամանատարն էր: Նա հռչակված էր ոչ միայն իր քաջությամբ, այլև բարեպաշտությամբ և «ծագէր իբրև զաստղ լուսապայծառ, յաշխարհին Կապպադովկեցոց»: Այնտեղ Սարգիս «զբագինս կռոցն քակէր ի հիմանց եւ փոխանակ շինէր եկեղեցիս Աստուծոյ»: Երբ Հուլիանոս Ուրացողը գահ բարձրացավ և սկսեց հալածել քրիստոնեությունը, Հիսուս տեսիլքի մեջ հայտնվում է Սարգսին և ասում, որ ժամանակը եկել է «առնուլ զպսակն արդարութեան»: Զորավարը թողնում է իր փառքն ու իշխանությւնը և ունեցվածքը վաճառելով՝ դրամը աղքատներին բաժանում և իր Մարտիրոս անունով զավակի հետ հեռանում և գալիս «յաշխարհն Հայաստանեայց, առ որ յայնժամ ունէր զաթոռ թագաւորութեան Հայոց Մեծաց Տիրան անուն, որդի Խոսրովու» :
 

Այդ ժամանակ պարսիկների վրա արշավելու նպատակով Հուլիանոսը շարժվում է դեպի Անտիոք՝ ճամփին հալածելով բոլոր նրանց, ովքեր չէին հրաժարվել քրիստոնեությունից: Այս մասին իմանալով՝ Տիրան թագավորը մտավախ էր, որ Հուլիանոսը կլսեր այս մասին և կպահանջեր իրեն հանձնել Սարգսին, և պահանջը չկատարելու դեպքում վտանգի էր ենթարկվում Հայոց աշխարհը: Ուստի Տիրանը Սարգսին խնդրում է հեռանալ Հայաստանից:
 

Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի հետ գնում է պարսից Շապուհ արքայի մոտ, ով ուրախանում և իր մոտ է պահում նրան, մեծ պատիվներ տալիս և նշանակում հրամանատար և ուղարկում Հուլիանոսի դեմ կռվելու: Պարսից զորքը որոշ ժամանակ ընկրկում է՝ վախենալով, որ հունական զորքերին պիտի չկարողանա դիմադրել, սակայն Սարգիսը հանգստացնում է նրանց՝ ապահովեցնելով, որ Աստծո զորությամբ պիտի հաղթեն: Եվ հանգամանալից կերպով ներկայացնում է քրիստոնեական կրոնը և Քրիստոսի աշխարհ գալը, մարդկության մեղքերի համար խաչվելն ու հարություն առնելը: Իրենց հրամանատարի այս խոսքերը լսելով՝ «բազումք ի նոցանէ հաւատացին ի Տէր եւ մկրտեցան ի քահանայից անտի, որք ընդ սրբոյն»:
 

Այնուհետև աստվածային զորությամբ պարսիկները հաղթում են թվով գերակշիռ թշնամիներին: Նրանցից ոմանք, ովքեր դարձի չէին եկել, Շապուհի մոտ են գնում և չարախոսելով ասում, թե Սարգիս քրիստոնյա է և փափագում է ապստամբել իր դեմ և միանալ «ընդ զօրացն Հոռովմոց»: Շապուհն ուզում է իր մոտ կանչել Սարգսին, բայց, որպեսզի կասկածի տեղիք չտա, հրավերը փոխանցելու համար Սարգսի մոտ է ուղարկում որդուն՝ Մարտիրոսին:
 

ճանապարհին Մարտիրոսը գերի է ընկնում հույներին: Սարգիսն, իմանալով այս մասին, Աստծուն է դիմում «եւ զե- րիս աւուրս ոչ դադարէր յաղօթելոյ զցայգ եւ զցերեկ», որից հետո հույները բերում են պատանուն՝ ասելով, թէ նրան բռնելուց հետո տեսիլքի մեջ իրենց ասացին, որ եթե «ոչ դարձուցանէք զպատանեակդ առ հայր իւր, ամենեքեան ասէ, սատակիցիք»:
 

Իր զավակից իմանալով, որ Շապուհն իրեն ետ է կանչում, Սարգիսը հասկանում է թագավորի բուն նպատակը և այս մասին հայտնում է իր այն զինվորներին, ովքեր քրիստոնեություն էին ընդունել: Նրանց խնդրում է աղոթել իր համար, որպեսզի չվախենա նահատակության պսակն ընդունել, և ապա իր որդու և մի խումբ հավատակից զինվորների հետ գնում է Շապուհ արքայի մոտ: Թագավորը, նրան տեսնելով, ուրախանում է և մեծ պատիվներ ընծայում և ապա, մոտակա հեթանոսական տոնին պատվիրում է Սարգսին զոհ մատուցել աստվածներին: Սակայն Սուրբը պատասխանում է. «Ես ճշմարտին Աստուծոյ մատուցանեմ զոհ և երկրպագութիւն այնմ, որ արար զեկինս եւ զերկիր, եւ որ ի նոսաարարածք իցեն, որ է կենդանի և յավիտենական Թագաւոր»:
 

Այս խոսքերը լսելով՝ Շապուհն ասում է, թե ահա հայտնի դարձավ քո մոլորությունը: Մեղադրում է նրան, որ պատիվները թողած՝ խաչյալին է հետևում: Այս խոսքերը լսելով՝ Սարգիսը փշրում է կուռքերը: Դրանից զայրացած՝ ամբոխը սպանում է նրա Մարտիրոս որդուն, իսկ թագավորը հրամայում է շղթայել և բանտարկել Սարգիս զորավարին: Բանտում Տերը մեկ անգամ ևս հայտնվում է իրեն և զորացնում նրան:
 

Հաջորդ օրը Շապուհը դարձյալ փորձում է համոզել Սարգսին, քանի որ իսկապես չէր ուզում նահատակել նրան, որովհետև իրեն հասել էր Հուլիանոսի՝ արշավանքով մոտենալու լուրը: Սարգիսը սակայն հաստատուն հավատքով և մեղադրական խոսքերով է պատասխանում Շապուհին, որի համար Շապուհը պատվիրում է Սարգսին դուրս հանել քաղաքից և նահատակել:
 

Նահատակությունից հետո լույս է ծագում և պատում Ս. Սարգսի մարմինը: Հետո բոց է բարձրանում և այրում այնտեղ գտնվողներից շատերի մարմինները, իսկ մյուսներն էլ սարսափահար փախչում են: Այն 14 զինվորներն էլ, ովքեր քրիստոնյա էին դարձել և մինչև նահատակության վայրը Սարգսին հետևել էին, վերցնում են Սրբի մարմինը և պատում «մաքուր զգեստիւք»: Երբ այս մասին լսում է Շապուհը, պատվիրում է զինվորներին էլ սպանել և մարմինները նետել գազանների աոջև: Սակայն գազանները չեն մոտենում, ուստի հրամայում է այրել տալ. դա էլ չի հաջողվում, քանի որ լսում է Հուլիանոսի մոտենալու մասին և պատրաստվում նրա դեմ ճակատամարտելու:
 

Վարքագրական աղբյուրների համաձայն և նրանց վրա գրված տոմարական հաշիվներով Սուրբ Սարգսի նահատակությունը տեղի է ունեցել 361 թ. հունվարի 31-ին:
Միքայել Ասորու բառացի թարգմանության հիման վրա Շնորհալին այս վկայաբանությունը գրել է 1158թ.: Գրքի վերջում ասվում է. «Թարգմանեցաւ ճառս յասորւոցն ի մերս ի ձեռն Միխայէլի ուրումն կրօնաւորի քահանայի ասորւոյ եւ յարմարեցաւ ըստ կարի մերում լեզուի շարադրութեամբ ի Ներսիսէ եպիսկոպոսէ յեղբօրէ կաթողիկոսի հայոց Գրիգորիսի ի թուաբերութեանս հայոց Ոէ 1158»:

 

  • 2021-08-09
×