Կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Զատիկը

Կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Զատիկը

Ապրիլի 26-ին՝ Կրկնազատկի նախօրեին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի կիրակնօրյա դպրոցների սաները նշեցին Սուրբ Հարության տոնը։ 

 

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունն ու շնորհակալություն հայտնեց կիրակնօրա դպրոցների բոլոր ուսուցիչներին՝ իրենց անմնացորդ նվիրումի համար, որ ներդնում են երեխաների հոգեւոր կրթության ու դաստիարակության գործում։ Նա նշեց, որ Սրբազան հայրն առանձնահատուկ կարեւորում է մատաղ սերնդի քրիստոնեական ու ազգային դաստիարակությունը եւ մշտապես իր ուշադրության ու հոգածության կենտրոնում է թեմի կիրակնօրյա դպրոցների աշխատանքը։ 

 

Տեր հայրն երախտագիտությամբ շեշտեց թեմի քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի վաստակաշատ տնօրեն Հասմիկ Նալբանդյանի երկար տարիների նվիրյալ ծառայությունը, ինչն իր թանկ պտուղներն է բերում մատաղ սերնդի հոգևոր դաստիարակության գործում։ 

 

Թեմի Սուրբ Երրորդություն, Մարաշի Սուրբ Աստվածածին, Նորագավիթի Սուրբ Գևորգ, Սուրբ Հովհաննես, Ավանի Սուրբ Աստվածածին, Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց, Զորավոր Սուրբ Աստվածածին, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց, Նոր Նորքի Սուրբ Սարգիս, Դավթաշենի Սրբոց Նահատակաց, Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցիների համայնքների Կիրակնօրյա դպրոցների տաղանդավոր սաները ելույթ ունեցան ասմունքով, անհատական ու երգչախմբային և պարային կատարումներով։ Ուշագրավ էին նաեւ երաժշտական տարբեր գործիքներով ելույթները՝ սանթուր, ջութակ, դաշնամուր, սաքսաֆոն, ուդ ու քանոն։ Դահլիճը զարդարել էին նկարչության խմբակների երեխաների հեղինակած կտավներն ու ձեռքի աշխատանքները։ 

 

Միջոցառման ընթացքում հնչեցին Սուրբ Ներսես Շնորհալու եւ Կոմիտասի շարականներն ու երգերը և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ 

 

Կիրակնօրյա դպրոցների ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին ոչ միայն հոգեւոր-ազգային դաստիարակություն ստանալ, այլ նաև կազմակերպվում են այցելություններ թանգարաններ, համերգներ, թատրոններ, ինչպես և ուխտագնացություններ՝ ճանաչելու ու բացահայտելու Հայ Եկեղեցին ու հայրենի մշակույթը։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 


 

  • 2025-04-28
×