Պայքարի գույնը. Կարմիր կիրակի

Պայքարի գույնը. Կարմիր կիրակի

Կարմիրը ոչ միայն արյան, հաղթանակի նաև պայքարի գույնն է: Այս կիրակին, որը ստացել է Կարմիր անունը, հիշեցնում է քրիստոնյաներիս, որ պետք է ամեն օր կռիվ տալ մեղքերի դեմ:

 

Թեև հուսահատվելը թվում է բնական է, երբ կյանքումդ շատ են փորձությունները, դժվարությունները, մարտահրավերները, բայց ո՞վ է քրիստոնյան: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը հիշեցնում է՝ քրիստոնյան պայքարող մարդն է, յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում միշտ եղել է պայքար:  

 

«Կարևոր է, որ պայքարի ընթացքում քրիստոնյան հաստատուն մնա իր ընտրած ճանապարհին: Սուրբ Գիրքը միշտ մեզ խորհուրդ է տալիս երբեք չընկճվել և չհուսահատվել: Չարն ամեն կերպ իր բազմապիսի փորձություններով մարդուն  փորձում է հեռացնել, ընկղմել մեղքի ճահիճը, հեռացնել այն ճանապարհից, որը մարդուն ուղեկցում է դեպի Տերը»,- հավելում է քահանան:

 

Սուրբ Զատկին հաջորդող կիրակիներից այս մեկն անվանվում է նաև Նահատակաց կամ Սրբոց կիրակի: Օրը հավատացյալներին հիշեցնում է Քրիստոսի Հարությամբ ապահովված հաղթանակը: 

 

«Կարմիրը խորհրդանշում է Քրիստոսի և մարտիրոսների թափած արյունը՝ հանուն քրիստոնեության, Եկեղեցու հաստատման, ամրապնդման և հիմնավորման: Հիշեցնում է Քրիստոսի ճանապարհն ընտրած մարտիրոսների մասին: Քրիստոս Իր սուրբ արյամբ հիմնադրեց քրիստոնեական Եկեղեցին»,- նշում է Տեր Արարատը։ 

 

Այս կիրակին մեզ խորհուրդ է տալիս պայքարի մեջ լինել հաստատուն, ինչպես հավելում է քահանան, չմոռանալ, որ ունենք Հայր, ՈՎ մեզ օգնելու է և զորացնելու մեր ընտրած ճանապարհին:

 

Քրիստոնյան պետք է շարժվի հաղթական հարության խորհրդով

 

Տեր Արարատը, խոսելով Կարմիր կիրակիի խորհրդի մասին, հիշեցնում է ավետարանական դրվագը, երբ Աստծո Որդին կրկին երևում է Իր աշակերտներին Տիբերիայի լճի ափին: Սա երրորդ անգամն էր, որ հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոս երևաց Իր աշակերտներին։ Աստծո Որդին Պետրոս առաքյալին երեք անգամ հարցնում է՝ «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը երեք անգամ պատասխանում է. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»: Ի պատասխան այդ վստահեցմանը՝ Տերը երեք անգամ էլ Պետրոսին հանձնարարում է. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին» (Հովհաննես 21:1-19):

 

Քահանան հիշեցնում է, որ մինչև այդ Պետրոս առաքյալը երեք անգամ ուրացել էր Քրիստոսին, և այդ հանդիպմանը Պետրոսը վերականգնվեց իր պաշտոնում. «Մենք էլ մեր կյանքում ունենում ենք այնպիսի իրավիճակներ, երբ մեր գործերով կամ մեր խոսքերով ուրանում ենք, հեռանում ենք քրիստոնեական ճշմարիտ ճանապարհից: Քրիստոնյան պետք է շարժվի հաղթական հարության խորհրդով դեպի առաջ՝ հավատարիմ Տիրոջ պատգամներին և պատվիրաններին: Ամեն անգամ հաղթահարելով փորձություններ, մենք բարձրանում ենք հոգևոր սանդուղքով ̀ հասնելու Երկնային Արքայությանը»:

 

Պայքարի մասին մեզ հիշեցնում է նաև բնությունը, երբ ձմռանից հետո ամեն տարի գարնանը բնությունը ծաղկում է, թարմանում, պտուղ տալիս ու շարունակում գեղեցկացնել մեր մոլորակը:

 

Անի Ավագյան

 
  • 2025-05-11
×