Ձեռնադրություն. շնորհի և իմաստության ստացման խորհուրդը
Ձեռնադրություն. շնորհի և իմաստության ստացման խորհուրդը
Հայ Եկեղեցու խորհուրդներից Ձեռնադրությամբ ընտրվում են անձինք՝ ծառայելու Տիրոջը և եկեղեցուն, փոխանցելու Աստծո շնորհը և կանչելու ապաշխարության: Ինչպե՞ս է սկզբնավորվել այս խորհուրդը և ո՞րն է քահանայի առաքելությունը. ներկայացնում է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:
«Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթք անելով՝ նրանց վրա ձեռք դրեցին» (Գործք Առաքելոց 6.6):
Միջնորդ Աստծո և մարդկանց միջև
-Ծառայության կոչված անձը կարծես դառնում է միջնորդ Աստծո և մարդկանց միջև, մարդկանց ապաշխարության պատրաստողը և Տիրոջ շնորհի փոխանցողը: Նա ստանում է իշխանություն մեղքերին թողություն շնորհելու և քավություն պարգևելու: Այս խորհրդով ձեռնադրվողը լցվում է շնորհով, իմաստությամբ, ստանում է ներքին մղում, ուժ, զորություն, որ հարատևի քահանայության մեջ: Ձեռնադրվողը ստանում է նվիրապետական այն աստիճանը, որն առաքելական հաջորդականությամբ փոխանցված է իրեն:
Առաքելական հաջորդականությամբ փոխանցված աստիճանը
-Եկեղեցու յուրաքանչյուր խորհուրդ հաստատվել է Աստծո կողմից: Հին Կտակարանից է սկզբնավորվել այս խորհուրդը և վերաիմաստավորվել Նոր Կտակարանում՝ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից: Հին Կտակարանում ընթերցում ենք Ղևտացիների մասին: Նոր Կտակարանում կարդում ենք, որ Քրիստոսին հետևում էր մեծ բազմություն, սակայն Աստծո Որդին ընտրեց 12 առաքյալներին և նրանց տվեց իշխանություն: Առաջին ձեռնադրվածները՝ Քրիստոսի առաքյալները, իրենց տրված պատասխանատվությունն ու իշխանությունը փոխանցեցին իրենց անմիջական հաջորդներին, ինչպես պատվիրել էր Միածին Որդին: Այսօր, երբ ասում ենք քահանայություն, հասկանում ենք առաքելական հաջորդականությամբ փոխանցված այդ շնորհը, որը մեր Տերը տվել էր առաքյալներին: Քահանայությամբ շարունակվում է առաքելական գործունեությունը, որը փրկագործության առանցքային մասերից մեկն է: Քահանայությունը բոլորանվեր ծառայությունն է եկեղեցուն, Աստծուն և ժողովրդին՝ խորհուրդների կատարման, ուսուցանելու և Տիրոջ խոսքը տարածելու համար:
Անկրկնելի, անջնջելի խորհուրդը
-Ձեռնադրության սուրբ խորհուրդն անկրկնելի է: Ձեռնադրվողներն ընծայվում են, նվիրվում եկեղեցուն: Հոգևոր սպասավորության կոչվելու համար՝ անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք, պատրաստվածություն, անհրաժեշտ նկարագիր, այլև վկայություն համայնքի կողմից: Ձեռնադրության արարողությունը կատարվում է Սուրբ Պատարագի ընթացքում: Օծումից հետո ձեռնադրվողը ստանում է նոր անուն՝ խորհրդանշելով նոր մարդ դառնալը:
Մարդկային թուլությունները չբացառելու և քրիստոնյային վայել ապրելու մասին
-Քահանայագործությունը դյուրին չէ: Հոգևորականի կյանքը նեղ ճանապարհ է, և պետք չէ բացառել մարդկային արատները, թուլությունները, քանի որ բոլորը՝ և՛ աշխարհիկները, և՛ հոգևորականները մարդ են և մեղավոր: Սխալ է կարծել, թե քահանաներն անսխալական են, սխալ մտայնություն է առհասարակ սրբեր փնտրելը: Կա մեկ այլ կարծիք, որ մեղքերից պետք է խուսափեն միայն հոգևորականները: Քրիստոնեությունը նույնն է հոգևոր և աշխարհիկ մարդկանց համար, պատվիրանապահությունը՝ ևս: Մենք բոլորս պարտավոր ենք ձգտել ապրելու քրիստոնյային վայել:
Քահանայական իշխանությանը հակառակ ընթանալու դեպքում՝ կան պատիժներ, ապաշխարության շրջան, հոգևորականը կարող է նաև կարգալույծ արվել: Ապաշխարությամբ յուրաքանչյուր մարդ կարող է արժանանալ թողության և վերադարձի: