Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մանուկների օրը տոն դարձնելու համար ջանք չեն խնայել նաև եկեղեցու սպասավորները: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, կազմակերպել են միջոցառումներ:
Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին Տեր Հովհաննես քահանա Մարուքյանն անցկացրեց մանուկների օրհնության կարգ, որից հետո երեխաներին սպասում էին անակնկալներ: Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները մասնակցեցին մրցույթների, խաղերի, նաև ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները: Երեխաների օրը տոն դարձրին խաղավարները:
Էրեբունի համայնքում Սուրբ Պատարագից հետո երեխաները ստացան Տեր Ղուկաս քահանա Բալայանի օրհնությունը, որից հետո ներկայացվեց համայնքի նկարչության խմբակի երեխաների աշխատանքների ցուցադրությունը: Երեխաները մասնակցեցին վարպետաց դասերի, տեղում պատրաստեցին աշխատանքներ:
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում օրը ևս անցկացրել են տոնախմբությամբ: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանի օրհնությամբ կազմակերպվեց միջոցառում: Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները միավորվեցին ազգային երգ ու պարի շուրջ: