Ինչպիսի՞ն պիտի լինի կնքահայրը. պատրաստվելով մկրտությանը

Ինչպիսի՞ն պիտի լինի կնքահայրը. պատրաստվելով մկրտությանը

«Գնացե՛ք այսուհետև, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»:

Մատթեոս ԻԸ:19

 

Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է:


Այն կարևորագույն նշանակություն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, քանզի միայն մկրտվելով է հնարավոր ազատվել ադամական մեղքից, դուրս գալ մեղավոր իրականության սահմաններից, Երկնքի որդեգիրը և Աստծո ընտանիքի անդամը դառնալ: Միայն այդպես է հնարավոր կյանքում ունենալ Քրիստոսին ու քայլել ճշմարիտ քրիստոնյային վայել ուղով: Մկրտությունը սոսկ ծես և արարողակարգ չէ. այն ճանապարհ է, խորհուրդ, որ Քրիստոս Ինքն Իր օրինակով փոխանցեց մարդկանց՝ փրկության ու վերածննդի համար:
Ինչ որ առումով մկրտությունը շարունակական գործընթաց է, որը կատարվում է մարդու հետ: Այս խորհրդով մարդը վերածվում է քրիստոնյայի: Սա իրենից գործընթաց է ենթադրում՝ մշտական աճ, հղկման ու մշակման ուղի, ի վերջո աշակերտելու պայման: Եվ մանավանդ եթե մկրտվողը երեխա է, կնքահոր դերն այս ողջ գործընթացում խիստ կարևոր է դառնում:
Ուշադիր ու զննող հայացքն էլ բավական է՝ պարզելու, որ մերօրյա իրականությունում այս խորհուրդն այլ նրբերանգներ է ստացել, իսկ կնքահոր դերը` բոլորովին այլ նշանակություն: Մեր հանրության մի զգալի մասը մոռացել է, թե ով է կնքահայրն ու ինչ առաքելություն ունի իր հոգեզավակի կյանքում: Շատ հայ ընտանիքների համար առավել կարևոր է դարձել խորհրդի ձևական կողմի պահպանումը, օգտագործվող պարագաների գեղեցկությունն ու շքեղությունը, մկրտությանը հաջորդող խնջույքի սեղանների առատությունը, կնքահոր նյութական ապահովվածության չափը: Սա ոչ միայն տեղեկացվածության, հոգևոր գիտելիքների բացակայության հետևանք է, այլև արժեհամակարգային խնդիր:

 

Մի անգամ ներկա էի մկրտության արարողության, որի ժամանակ կնքահայրը չկարողացավ երեք անգամ վարժ, առանց բառերը խառնելու պատասխանել քահանայի հարցին, թե ինչ է ուզում երախան (մկրտվել պատրաստվողը): Մինչդեռ սա պարզապես հարց չէ. հույսը, հավատը, սերն ու մկրտությունն արժեքներ ու հիմնասյուներ են, որոնց վրա քրիստոնյան պիտի կառուցի իր հետագա կյանքը: Իսկ կնքահայրն այն մարդն է, որը պիտի նրան ուղեկցի այդ ճանապարհին: Հենց դրա համար է կարևորվում կնքահոր՝ ով լինելը: Սա մեծագույն պատասխանատվություն է յուրաքանչյուրի կյանքում՝ ծնող դառնալուն հավասար, որոշ դեպքերում նույնիսկ առավել, որովհետև մկրտությամբ մարդը երկրորդ անգամ է ծնվում, այս անգամ՝ հոգևոր իրականության մեջ: Եվ ինչպես ծնողներն են օգնում երեխային մեծանալ, հարմարվել կյանքին, աճել, ճանաչել աշխարհը, այնպես էլ կնքահայրը պիտի օգնի իր հոգեզավակին ծանոթանալ այն աշխարհին, որտեղ մուտք է գործել մկրտությամբ:

 

Կնքահայրը մկրտության սոսկ հարգարժան հյուր չէ, այլ մկրտվողի հոգևոր աջակիցը, նրան առաջնորդողը: Այս մեծ պատասխանատվությունը սեփական ուսերին վերցնելուց առաջ խրախուսելի է պատասխանել հետևյալ հարցերին՝ արդյո՞ք բավարար ուժ, իմաստություն ու հոգևոր գիտելիք ունեմ, որպեսզի կարողանամ դրանք կիսել հոգեզավակիս հետ: Չէ՞ որ հնարավոր չէ սովորեցնել այն, ինչ ինքդ էլ չգիտես: Հնարավոր չէ փոխանցել այն, ինչ ինքդ չունես, ու հնարավոր չէ մարդուն դարձնել այն, ինչ ինքդ չես: Չափազանց կարևոր է, որ ապագա կնքահայրն ամուր լինի իր հավատում, պատրաստ լինի ուսուցանել, կրի քրիստոնեական արժեքներ, ունենա հոգևոր գիտելիքներ և դրանց կիրառությունն ունենա իր սեփական կյանքում:
Ուստի եթե պատրաստվում եք մկրտել ձեր երեխաներին, ևս մեկ անգամ քննեք, թե ում եք պատրաստվում վստահել նման կարևոր առաքելություն:


Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ


Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-09-21
×