Կարգ հիվանդաց կամ վերջին օծում

Կարգ հիվանդաց կամ վերջին օծում

«Ով մեղանչում է իր Արարչի առջև, նա կընկնի բժշկի ձեռքը» (Սիրաք ԼԸ 15):

 

Կարգ հիվանդացի խորհուրդը
Կարգ հիվանդացն այն սուրբ խորհուրդն է, որը կատարվում է հավատացյալ հիվանդի վրա: Խորհրդակատարման ժամանակ հոգևորականի աղոթքով հիվանդի վրա է իջնում աստվածային շնորհը և բուժում նրա հոգևոր և մարմնավոր տկարությունները: Այս խորհրդով Եկեղեցին աստվածային շնորհ է մատակարարում իր հիվանդ հավատացյալների ապաքինման և կազդուրման համար: Փրկարար խորհուրդը կատարվում է ոչ միայն Եկեղեցում, այլև տանը` նրանց համար, ովքեր անկողնային ծանր (մահամերձ) հիվանդ են:


Եկեղեցին ուսուցանում է, որ մարդուն պատուհասած հիվանդությունը հիմնականում նրա կամա թե ակամա գործած մեղքերի արդյունքն է: Ասում ենք հիմնականում, որովհետև կան նաև ժառանգական հիվանդություններ:


Հիվանդ է այն մարդը, ով հեռացել է Աստծուց և ապրում է քրիստոնյային ոչ վայել անկանոն կյանքով: Եվ որպեսզի առողջանա, պետք է ապաշխարի, խոստովանի իր գործած մեղքերը: Այդ դեպքում Եկեղեցին` նրա հոգևորականը, աղոթում է նրա համար` կատարելով հիվանդաց կարգը: Այսպիսով` այս խորհուրդը մերձենում ու նույնանում է Ապաշխարության խորհրդին:


Խորհրդի հաստատումը


Քրիստոս Իր քարոզչության շրջանում կատարեց բազմաթիվ բժշկություններ, որոնք նկարագրված են Ավետարաններում: Շատերը, մոտենալով Քիրստոսին, մարմնավոր ապաքինում էին ակնկալում Նրանից, բայց ահա թե ինչ է Հիսուս պատասխանում նրանց. «Քո մեղքերը քեզ ներված են» (Մատթ. Թ 2), կամ` «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ.  Թ 29) և այլն: Ուստի հիվանդություններից ապաքինման լավագույն ճանապարհը հավատքն է, սեփական մեղքի գիտակցումը, ապաշխարությունն ու ապավինումն Աստծուն ու Եկեղեցուն: Այս ամենով բնավ չենք ենթադրում, թե պետք է քաջ հասկանանք, որ վերջնական փրկությունը միայն Աստծուց է: Դրա օրինակն առկա է Ավետարաններում, տեռատես կնոջ դրվագում: Տառապելով արյունահոսությամբ` նա երկար տարիներ դիմել էր բոլոր հնարավոր դեղամիջոցներին, սակայն իր հիվանդության բուժումը չէր ստացել: Եվ, ի վերջո, հուսալքված գիտության հնարած դեղերից, հավատքի զորությամբ դիմում է Քրիստոսին: Հիսուս նրան պատասխանում է. «Քաջալերվիր, դուստր, քո հավատքը քեզ փրկեց»: Եվ նույն ժամին կինը բժշկվեց (Մատթ. Թ 22, Մարկ. Ե 27-29, 34):


Վերջին օծում


Այս խորհուրդը նախկինում անվանվել է վերջին օծում: Հիվանդին յուղով օծելը հայտնի էր դեռևս Հին Ուխտի ժամանակներում, հետագայում այն գործադրեցին նաև առաքյալները. «Եվ նրանք ելան ու քարոզում էին, որպեսզի մարդիկ ապաշխարեն: Եվ բազում դևեր էին հանում, բազում հիվանդների օծում էին յուղով ու նրանց բժշկում» (Մարկ. Զ 12-13): Հակոբոս առաքյալը հակիրճ այսպես է բացատրում խորհրդի իմաստը. «Հիվանդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբ Ե 14-15):


Սկզբնապես մեր Եկեղեցում խորհուրդն այդպես էլ կատարվում էր, սակայն հետագայում վերջին օծումը դադարեց շատ պարզ պատճառով. քանի որ մարդը չգիտի, թե ինքը որտեղ, երբ և ինչպես կհիվանդանա ու կմահանա: Վերջին օծումը մեր Եկեղեցին միացրեց Առաջին օծմանը` Դրոշմին: Երբ մկրտվելիս դրոշմվում են մեր աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերն ու ոտքերը, ապա այս օծումը վերաբերվում է հենց վերջին օծման խորհրդին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցում շեշտը դրվեց առավելաբար հավատի և մեղքերը խոստովանելու վրա, քան թե` օծման: Ըստ Սարգիս Շնորհալու` «Հիվանդին առողջություն տվողը յուղը չէ, այլ Տիրոջ անունը»:


Այս ամենի հիման վրա Եկեղեցին, հոգևորականին առաքելով իր հավատացյալ հոտի անդամներից որևէ մեկի համար հիվանդաց կարգը կատարելու, չի պատվիրում, որպեսզի նա հրաշք գործի, այլ որպեսզի հավատի քննությամբ, խոստովանությամբ և քաջալերող հորդորներով մեղքերից արձակում տա: Այսպիսի դերով է հանդես գալիս հոգևորականը հիվանդաց կարգի ժամանակ: Նա իր մխիթարական խոսքով, խոստովանության կարգի կատարմամբ գործած մեղքերի քննությունն առնելով, բարի խրատով, ի վերջո, Աստծուց առած հրամանով մեղքերից արձակելով և հիվանդին հոգեկան խաղաղության առաջնորդելով` նախադրյալներ է ստեղծում, որպեսզի նա վեր գտնվի մարմնական ցավերից` աղոթքի օգնությամբ հուսալով Աստծո ողորմությանը: Եվ վստահ ենք, որ Հիսուս հաճախ պատասխանում էր մարդկանց. «Այն ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»: Եվ բացվեցին նրանց աչքերը» (Մատթ. Թ 29):
Մարդուն իր այս թույլ և տկար հոգեվիճակից բարձրացնելու համար հոգևորականը նախ հիվանդին զղջման է առաջնորդում, որպեսզի վերջինս հրաժարվի այն մեղքերից, որոնք Աստծուց բաժանման առիթ են հանդիսացել: Երկրորդ` ավետարանական օրինակներով հիվանդի մեջ թարմացնում է առ Աստված հավատքի, հույսի և սիրո զգացումները: Երրորդ` աղոթքով խնդրում է Աստծուց հիվանդի համար ապաքինում:


Ամփոփում


Կարգ հիվանդացի առնչությամբ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հիշի հետևյալ կարևոր հանգամանքները.


1. Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի Եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն (Հակոբ Ե 14):
2. Եկեղեցու այս խորհուրդը միայն մահամերձ հիվանդի վրա չէ, որ կատարվում է, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի, որն իր մարմնական տառապանքի, հիվանդության մեջ հոգևոր բժշկությամբ նաև մարմնական ապաքինում է ակնկալում:
3. Խորհրդի կատարման հիմքը հիվանդի զղջումն է ու հավատքը:
4. Խորհուրդն իրականանում է քահանայի աղոթքով, Ավետարանական ընթերցվածներով, Ս. Խաչը, Ավետարանը և քահանայական իշխանությամբ ձեռքը հիվանդի գլխին դնելով:
5. Բժշկարար ուժն աստվածային զորությունն ու կարողությունն է, բոլոր մյուս պարագաները միջոցներ են այդ ուժը տեսանելի դարձնելու համար:
 

«Փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները
Քո ժողովրդից, Տեր Աստված մեր,
և բոլորին կատարյալ առողջություն շնորհի
Քո ամենահաղթ խաչի նշանով,
որով մարդկային ազգի տկարությունը
վերցրիր և դատապարտեցիր մեր կյանքի
ու փրկության թշնամուն»:

  • 2021-09-22
×