Պսակ

Պսակ

Պսակը Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որը հաստատվել է Աստծո կողմից դեռևս դրախտում: Պսակի խորհրդով այր ու կին ընտանիք կազմելու նպատակով միավորվում են` դառնալով մեկ ամբողջություն ու ստանալով Սուրբ Հոգու շնորհները:


Պսակի խորհրդի միջոցով ընտանիքը հիմնադրվում է աստվածային սուրբ սիրո վրա` դառնալով այն տարածքը, որտեղ տղամարդն ու կինը ծառայում են միմյանց նույն այդ սիրով: Որքան զորավոր է հավատքն Աստծո նկատմամամբ, այնքան իրական է սերն ընտանիքում: Պսակի խորհրդով ամուսիններն Աստծո առաջ խոստանում են լինել առաքինի, ներող, զիջող, անմնացորդ նվիրվել միմյանց` հանուն ամուր ընտանիքի:


Այս խորհուրդը մեծ է, քանզի քրիստոնեական ընտանիքը մանրակերտն է Հիսուս Քրիստոսի ու Իր Եկեղեցու անխախտ միության: Ընտանիքը երկու անձանց սոսկ համակեցություն չէ, այլ, միմյանց լրացնելով՝ Աստծո կամքը կատարելու առաքելություն: Այն վայրն, ուր ներկա է Աստված, դառնում է սուրբ: Պսակի արարողության ժամանակ Աստծո ներկայությամբ սրբվում է նորաստեղծ ընտանիքը:
Ընտանիք կազմելու որոշում կայացնելիս յուրաքանչյուր ոք պետք է պատրաստ լինի խոնարհվել, հրաժարվել հպարտությունից, եսասիրությունից, պղծությունից, այն ամենից, ինչը կարող է սպառնալ ընտանեկան սրբությանը:

 

«Տեր եմ» և «Հնազանդ եմ»

 

Պսակի խորհրդի ժամանակ զույգերը տեր և հնազանդ լինելու խոստում են տալիս: Տեր լինել՝ չի նշանակում հրամաններ տալ, իսկ հնազանդ լինել՝ «հրամաններն» անվերապահորեն կատարել: Այդ խոստումների իմաստը բացատրում է Ս. Պողոս առաքյալն իր նամակում ՝ ուղղված եփեսացիներին. «Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց ամուսիններին ամեն ինչում։ Մարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար… Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում» (Եփես. 5:25-28):
Ամուսնությամբ տղամարդը ոչ միայն դառնում է ամուսին, այլ նաև՝ սպասավոր: Իսկ կինը կոչված է խոնարհաբար ընդունել այդ ծառայությունն իբրև սիրո արտահայտություն և իր սիրով ամուսնուն լծակից լնել:

 

Պսակի մատանինները, թագերը, մոմերն ու գինին

 

Պսակի խորհդրից առաջ Հայ Եկեղեցին կատարում է նաև նշանադրության կամ նշանի օրհնության կարգ: Քահանան նախ համոզվում է, թե արդյո՞ք զույգը համաձայն է միավորվել և բռնությամբ չի՞ պարտադրված այդ միությունը, ապա կատարում է կարգը: Արարողության ընթացքում քահանան օրհնում է մատանիները, որոնք նշանադրվողները կրում էին իրենց աջ ձեռքի մատնեմատին: Պսակի ընթացքում նշանադրվողները մատանիներն աջ ձեռքի մատնեմատից հանում են ու դնում ձախ ձեռքի մատնեմատին: Մատանիները նշանն են նրանց միության անխախտելիության, իսկ վառվող մոմերը` հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի: Թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, խորհրդանշում են աստվածապարգև շնորհները, որոնք ամենառատն Աստված պարգևում է նորապսակներին: Արարողության ժամանակ միևնույն բաժակից գինի խմելը նշանակում է, որ նրանք պարտավորվում են իրենց համատեղ կյանքի թե´ ուրախությունները և թե´ դառնությունները միասին կրել:

 


Ամուսնության պայմանները

 

Պսակադրության պատրաստվող տղամարդն ու օրիորդը պետք է լինեն մկրտված և դրոշմված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Հայ Առաքելական եկեղեցու որևէ հետևորդի պսակադրությունն այլադավանի կամ այլակրոնի հետ թույլատրելի է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքն ընդունելու և անդամ դառնալու պայմանով:

 

Եկեղեցու սահմանած կարգի համաձայն Պսակի խորհրդի համար անհրաժեշտ է նաև չափահասությունը` մարմնապես ու հոգեպես առողջ սերունդ ունենալու համար: Հարսն ու փեսան պետք է լինեն չափահաս և ցանկալի է, որ տարիքային մեծ տարբերություն չունենան:
Չափազանց կարևոր է նաև արյունակցական մոտ կապի բացակայությունը: Պսակվողները պետք է առնվազն յոթը պորտով բաժանված լինեն միմյանցից (որդին հոր հարաբերությամբ մեկ պորտ է, թոռը` երկու):
Մկրտության նույն կնքահոր երկու սանիկները չէին կարող ամուսանալ: Չեն կարող ամուսնանալ նաև որդեգիրն ու որդեգրվածը:

 

Ե՞րբ է կարելի պսակվել

 

Հայ Եկեղեցին չի խրախուսում Պսակը կատարել պահոց և կիրակի օրերին, Տաղավար տոներին: Այլ սահմանափակում չկա: Մայիսին պսակ չանելու իրական պատճառն այն է, որ մայիսը սովորաբար համընկնում է հիսնակաց շրջանի հետ, որի բոլոր օրերին Հարության տոն է: Գյուղատնտեսության մեջ էլ այդ շրջանը համընկնում էր ակտիվ աշխատանքային շրջանի հետ, երբ մարդիկ ամուսնության կամ հարսանիք կազմակերպելու ժամանակ չունեին: Ուստի, մայիսին պսակ չանելու մտավախությունը բնավ կապ չունի հասարակության մեջ արմատավորված «մայիս-վայիս» արտահայտության հետ, ինչը սնոտիապաշտություն է:

 

Խաչեղբայր

 

Պսակվողները պետք է ունենան խաչեղբայր` ժողովրդական ձևակերպումով` քավոր, ով ևս պետք է մկրտված լինի Հայ Առաքելական Եկեղեցում: Ցանկալի է, որ խաչեղբայրը լինի ամուսնացած, ընտանեկան կյանքի օրինակելի փորձառություն ունեցող, որպեսզի կարողանա նորապսակներին ուղղորդել իր խորհուրդներով: Խաչեղբոր ազգական լիները խրախուսելի չէ:

 

Գրանցում

 

Պսակի համար նախ պետք է որոշել օրը և ժամը, ապա այցելել եկեղեցի՝ նախապես գրանցվելու: Գրանցման համար անհրաժեշտ են պսակվողների անձնագրերը և դրանց պատճեները, խաչեղբոր անուն-ազգանունը: Պարտադիր պայման է, որ պսակվողներն անձամբ գնան եկեղեցի` գրանցվելու:
Ցանկալի կլինի, որ պսակվողները պսակի օրը որոշեն քահանայի հետ խորհրդակցելով, որպեսզի նշանակված օրը չլինի պսակի խորհրդի համար արգելված:

 

Երբ է Պսակն անվավեր

 

Պսակն անվավեր է, եթե կատարվում է գաղտնի, բռնությամբ և եթե պսակվողն արդեն օրինավոր ամուսին ունի:
Ամուսնալուծման օրինական պատճառ կարող է լինել.
• Դավաճանությունը
• Անհետ կորելը (տղամարդը 7, կինը 5 տարով)
• Մահը

 

Ի՞նչ պետք է բերել եկեղեցի պսակի համար

 

1. Երկու մոմ
2. Մեկ շիշ գինի
3. Մեկ բաժակ
4. Նշանի մատանիներ:

 

Պսակից առաջ

 

Պսակից առաջ պետք է զույգերը ապաշխարությամբ ու խոստովանությամբ Ս. Հարղորդություն ստանան և մեղքերից մաքրված՝ կազմեն քրիստոնյա ընտանիք: Շատերն այսօր այս կարգը չեն պահում, սակայն ամուր ու երջանիկ ընտանիք ունենալու համար կարևոր է այս կարգին հետևելը: Հայ Եկեղեցում հաստատված կանոնի համաձայն Ս. Հաղորդություն ստանալուց առաջ պետք է ծոմ պահել` առավոտից անոթի լինել:

 

Ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել եկեղեցու քահանաներին և նրանցից ստանալ սպառիչ պատասխաններ:

 

  • 2021-08-20
×