Մկրտություն

Մկրտություն

«Գնացե՛ք այսուհետև, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19):


Մենք՝ հայերս, անսալով աստվածային այս պատգամին, մկրտվեցինք Սուրբ Առաքյալների ձեռքով ու վերստին ծնունդ առած՝ ընդունեցինք Սուրբ Հոգու դրոշմը: Քրիստոնեացանք և որդեգրվելով Աստծուն՝ կապվեցինք Նրա հետ հավիտենական մի ուխտով, որի հավատքի կնիքը դարձավ Ավարայրի ճակատամարտը: Այն օրերից ի վեր հայությունը և քրիստոնեությունը նույնացան, և այլևս ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ գալիք բաները կարող չեղան մեզ բաժանել Աստծո սիրուց, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսով է, Նրա սքանչելի փրկագործության շնորհիվ, որով իրականանում է մեր սրտի խորունկ երազանքը` հաղորդակից լինել հավիտենական սիրույն,մխիթարությանը, ուրախությանն ու հանգստյան, որ երկնքի արքայությունն է: Ուստի աղոթելով առ Աստված՝ ներկայացնում ենք հետևյալ գրությունը՝ հուսալով, որ այն օգտակար կլինի մկրտվողների հոգևոր պատրաստությանը և կնպաստի եկեղեցու խորհրդական կյանքին նրանց հետագա մասնակցությանն ու հաղորդությանն Աստծո և մեր հայրերի երանավետ ժառանգությանը:


«Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցանելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ, նոր սիրտ եմ տալու ձեզ և նոր հոգի եմ դնելու ձեր մեջ, ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտն ու մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ, Իմ Հոգին եմ տալու ձեզ: Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարության ճանապարհով ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք ու բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինեք, և Ես ձեզ համար Աստված» (Եզեկիելի մարգարեություն գլ. 36:25-28):


ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ

 

Մկրտությունը և Դրոշմը Հիսուսի փրկագործությամբ հաստատված աստվածային խորհուրդներ են և առանձին մասերն են մի ընդհանուր ծեսի (կրոնական արարողության), որ ժողովրդական լեզվով «Կնունք» ենք անվանում:


Հայ Առաքելական Եկեղեցին Մկրտության և Դրոշմի խորհուրդները կատարում է համաձայն իր կանոնների, որոնք գրվել են Եկեղեցու սուրբ հայրերի կողմից և Սուրբգրային հիմքեր ունեն: Մկրտության խորհրդի կատարումը՝ «Մկրտվել»-ը նշանակում է լվացվել, մաքրվել: Մկրտության խորհրդի ժամանակ ջրի մեջ ընկղմումը կամ նրանով լվացումը խորհրդանշում է մկրտվողի մաքրվելն իր մեղքերից: Մկրտության խորհրդի նախօրինակ է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի կողմից: Ինչպես բոլոր խորհուրդները, այդպես էլ մկրտությունը կատարողը Սուրբ Հոգին է հոգևորականի միջնորդությամբ: Այսպիսով՝ ըստ առաքելավանդ ուսմունքի, մկրտությունը կատարվում է ջրով և Սուրբ Հոգով (Տե՛ս Հովհ. 3:5), որի տեսանելի ներկայությունն ապահովվում է մկրտության ջրի մեջ հեղվող Ս. Մեռոնով: Հայոց Եկեղեցում Մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության անունով՝ ըստ Քրիստոսի հրամանի (Մատթ. 28:19), և քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, որպես Քրիստոսի առաքյալների իրավահաջորդի, որոնց էլ Քրիստոսը հրամայեց մկրտել:


Հարկ է, որ չափահաս մկրտվողն այս խորհրդին մոտենա ինքնաքննությամբ և ապաշխարությամբ, քանի որ պատրաստվում է հոգևոր ծնունդ առնել որպես Քրիստոսով նոր մարդ: Այս պատճառով Մկրտության խորհրդի արարողության սկզբում քահանան մկրտվողին հրաժարեցնում է սատանայից, և նրա բոլոր խաբեություններից, այսինքն` մեղքից, որից լվացվելու է մկրտության սուրբ ավազանի մեջ: Այնուհետև, լսելով նրա հավատքի ուղղափառ հայտարարությունը և մկրտվելու ցանկության հավաստիացումը, եթե մկրտվողը մանուկ է, նրան եկեղեցու վիմակերտ սուրբ ավազանի ջրի մեջ երեք անգամ ընկղմում է, իսկ եթե չափահաս է, երեք անգամ վրան ջուր է հեղում՝ արտասանելով Հայոց Եկեղեցու մկրտության բանաձևը.«Աստծո ծառան երախայությունից եկել է մկրտության: Մկրտվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Քրիստոսի արյամբ գնված լինելով մեղքի ծառայությունից, ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար»:


Սա է Մկրտության արարողության հակիրճ նկարագրությունը:

 

Այս արարողությունից հետո երախան համարվում է մկրտված և աղոթքով, շարականով ու Ավետարանի ընթերցանությամբ ավարտվում է Մկրտության սուրբ խորհուրդը: Մկրտության խորհրդի նշանակությունը Մկրտությունը ջրից ու Հոգուց վերստին ծնունդ առնելու սուրբ խորհուրդն է, որով մարդը՝


1. սրբվում է Ադամից ժառանգած (ադամական) և նաև մինչև մկրտությունը գործած մեղքերից,

2. վերստին ծնվում է և ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը,

3. դառնում է Քրիստոսին ժառանգակից,

4. դառնում է Սուրբ Հոգու տաճար,

5. դառնում է քրիստոնյա:


Նաև նշենք, որ ըստ Եկեղեցու ընկալման, մկրտության ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, ընկղմվելը, թաղվելը, և ջրից ելնելը, Նրա հետ հարություն առած նոր կյանք սկսելը: Այս բանը փաստում է Պողոս առաքյալը, ասելով. «Մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, Նրա մահով է, որ մկրտվեցինք: Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռոմ. 6: 3-4):


Դրոշմի խորհրդի կատարումը Հայոց Եկեղեցում


Դրոշմի խորհուրդը կատարվում է անմիջապես մկրտությունից հետո քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, ով Քրիստոսի անունով, սրբալույս Մեռոնով օծելով, դրոշմում (կնքում) է մկրտվածի մարմնի տասներեք մասերը՝


1. ճակատը, որպես երկնային անապական պարգևների կնիք,

2. աչքերը՝ հոգևոր Լույսով լուսավորվելու և հավիտենական կյանք ստանալու համար,

3. ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը լսելու համար,

4. հոտոտելիքը՝ այս կյանքում հանդերձյալ հավիտենական կյանքի անուշաբույրն առնելու համար,

5. բերանը՝ շուրթերի վրա ամուր դուռ ունենալու համար,

6. ձեռքերը` առաքինագործ և բարերար լինելու համար,

7. սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար,

8. թիկունքը՝ որպես ամուր վահան, չարի թունավոր նետերից պաշտպանվելու համար,

9. ոտքերը՝ դեպի հավիտենական կյանք անսասան գնալու համար:


Դրոշմի խորհրդի նշանակությունը

 

Դրոշմը Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է, որով մկրտվածը՝ Աստծո որդեգիրը:


1. ընդունում է Սուրբ Հոգին՝ արժանանալով Սուրբ Հոգի Աստծո ներբնակությանը,

2. ստանում է Սուրբ Հոգու շնորհը, Աստծո զորակցության ու պաշտպանության պարգևները, որպես ճշմարիտ քրիստոնյա ապրելու համար,

3. կնքվում է փրկության օրվա համար,

4. Սուրբ Հոգու կնիքն իր վրա կրելով՝ դառնում է Աստծո սեփական ժողովրդի անդամ:

Ավելացնենք նաև, որ Եկեղեցին, համաձայն Ավետարանի, Մկրտության խորհուրդն առանց Դրոշմի անկատար է համարում (Տե՛ս Գործք Ը 15-17):


Ծիսակատարության ավարտը. Մկրտվածին դրոշմելուց (կնքելուց) հետո քահանան օրհնում է նրան հետևյալ խոսքերով. «Խաղաղությո՜ւն քեզ, ո՜վ Աստծո փրկյալ: Խաղաղությո՜ւն քեզ, ո՜վ Աստծո օծյալ», և Սուրբ Հաղորդություն տալով՝ ավարտում է ամբողջ ծեսը:

 

Կրկնամկրտության արգելքը. Հայոց Եկեղեցին արգելում է Մկրտության խորհրդի կրկնումը, քանի որ այն վերստին (հոգևոր) ծնունդ լինելով՝ մարմնավոր ծնունդի պես մեկ անգամ է կատարվում: Ավետարանը և Հավատքի հանգանակը նույնպես հայտարարում են, որ մկրտությունը մեկն է: Ուստի, տարբեր աղանդների կողմից խաբեությամբ կատարվող կրկնամկրտությունը թե՛ մեղք է, թե՛ հակասում է Սուրբ Գրքին: Աղանդավորների (ավետարանականների, հոգեգալստականների, Եհովայի վկաների և այլն) կատարած մկրտությունն անվավեր է, քանի որ չի կատարվում առաքյալների իրավահաջորդի՝ քահանայի ձեռքով, և առաքելական ավանդության համաձայն չէ:


ՀԱՎԵԼՅԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ


Մկրտվելու ցանկության հավաստիացումը. Մկրտվել ցանկացողը կամ, մանկան պարագայում՝ կնքահայրը, պետք է քահանային հավաստիացնեն, որ իրենք կամավորաբար են եկել մկրտության, և նրա հարցին, թե՝ «Ի՞նչ է խնդրում երախան (մկրտվողը)», պետք է երեք անգամ պատասխանեն. «Հավատ, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել չարից և նրա կապանքներից և ծառայել Աստծուն»:


Չափահասների մկրտությունը

 

Չափահասները մկրտվում և դրոշմվում են իրենց ունեցած հավատքի հիման վրա: Այդ պատճառով չափահաս մկրտվողները պետք է ծանոթ լինեն հավատքի հիմնական սկզբունքներին և ամբողջ սրտով հավատան և հետամուտ լինեն դրանց կատարմանը:

 

Մանկան մկրտությունը. Հայոց Եկեղեցին, համաձայն առաքելական եկեղեցիների սովորության, բացի չափահասներից, մկրտում և դրոշմում է քրիստոնյաների մանուկներին: Այս պարագայում ծիսակատարությունը կայանում է ծնողների և կնքահոր հավատքի հիման վրա, ինչպես Ավետարանում հիշատակված մի շարք դեպքերում, երբ մկրտվում էին ամբողջական ընտանիքներ, մանուկներով հանդերձ: Մեր Եկեղեցում երեխաներին սովորաբար մկրտում էին 8 օրական հասակում՝ որպես օրինակ ունենալով մանուկ Հիսուսի 8 օրական թլփատությունը և անվանակոչությունը, որով հրեաները դառնում էին Աստծո ժողովուրդ: Մենք մկրտում ենք մանուկներին նաև այն պատճառով, որ նրանց հնարավորություն տանք, կնքահոր և ծնողների մատուցած հոգևոր դաստիարակությամբ, մասնակցել Եկեղեցու խորհուրդներին և ապրել Եկեղեցու կյանքով, քանի որ չմկրտված անձնավորությունը չի կարող մասնակցել Եկեղեցու մնացած խորհուրդներին, և մանկանը չմկրտելով՝ մենք նրան զրկում ենք Եկեղեցու շնորհաբեր կյանքին մասնակցությունից` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենդանարար Մարմնի և Արյան հաղորդությունից:


Ինչ վերաբերում է հավատ ունենալուն, որպես մկրտության նախապայմանի, ըստ Տեր Հիսուսի խոսքի (Մարկ. 16:16), ապա մեծահասակներին բնորոշ անհավատությունն ու կասկածները չեն կարող գոյություն ունենալ մանուկների մոտ, երբ նրանք ստանում են քրիստոնեական դաստիարակություն: Այլև, ըստ նույն տերունական խոսքի, քանի որ մկրտությունն անհրաժեշտ է փրկության համար, ապա մանուկներին չմկրտելով՝ մենք նրանց զրկում ենք փրկությունից: Հարկ է ավելացնել, որ Ավետարանում չկա որևէ խոսք, որն արգելի մանկամկրտությունը: Սակայն Տերը պատվիրում է` ասելով. «Թույլ տվե′ք այդ մանուկներին և մի′ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19:13-15):


Մկրտության վայրը

 

Մկրտության վայրը եկեղեցին է (տաճարը): Մկրտությունը կատարվում է միայն եկեղեցու վիմակերտ սուրբ ավազանում: Սակայն լինում են դեպքեր, երբ մկրտությունը կատարվում է եկեղեցուց դուրս՝ տանը, հիվանդանոցում, երբ մկրտվողը հիվանդ է, մահամերձ է կամ նման իրավիճակներում լինելու պատճառով չի կարող գնալ եկեղեցի:


Կնքահայրը և ծնողները

 

Մանկան մկրտության ժամանակ մեծ դեր ունեն կնքահայրն ու ծնողները, որովհետև նրանք մկրտվող մանկան հավատքի թարգմաններն ու ապագա քրիստոնեական դաստիարակության երաշխավորներն են: Այդ պատճառով հարկ է, որ նրանք լինեն օրինակելի հավատացյալներ և մկրտությունից հետո հետևեն մանկան քրիստոնեական դաստիարակությանը: Ավելացնենք նաև, որ Եկեղեցին անթույլատրելի է համարում ծնողների կողմից անհավատ կնքահայրերի ընտրությունը՝ մկրտված մանուկներին գայթակղությունից զերծ պահելու նպատակով: Կնքահայրը նաև չի կարող անչափահաս և անհավատ լինել, քանի որ նա է կոչված՝ լինելու մկրտվող մանկան գլխավոր հոգևոր դաստիարակը:

 

Հայոց Եկեղեցու Հավատո հանգանակը. Մկրտության ժամանակ կարդացվում է Հայոց Եկեղեցու Հավատո հանգանակը՝ որպես հավատքի հայտարարություն, որին մկրտվողը կամ կնքահայրը լիովին պետք է հավատա:


ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ

 

Հավատում ենք մեկ Աստծուն՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, տեսանելի և անտեսանելի արարածների Արարչին:Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն՝ Հոր էությունից:


Աստված` Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե արարած: Նույն ինքը Հոր բնությունից է, որով եղավ ամեն բան երկնքում և երկրի վրա՝ տեսանելիներն ու անտեսաները: Ով մեզ՝ մարդկանցս համար և մեր փրկության համար իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, կատարելապես ծնվեց սուրբ Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգով:Որից էլ առավ մարմին, հոգի ու միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ` ճշմարտապես և ոչ թե կարծեցյալ կերպով: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ: Նույն մարմնով ելավ երկինք, նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռածներին, և Նրա թագավորությունն անվախճան է: Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն, Ով անստեղծ է և կատարյալ, Ով խոսեց Օրենքում, Մարգարեների մեջ և Ավետարաններում: Ով իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ: Հավատում ենք նաև մեկ ընդհանրական և առաքելական սուրբ Եկեղեցու, մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության ու թողության: Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի:


ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

 

Մկրտության և Դրոշմի խորհուրդների կատարման նախատիպըԱյն ժամանակ Հիսուսը Գալիլեայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Բայց Հովհաննեսն ընդդիմացավ Նրան ու ասաց. «Ի՛նձ պետք է, որ Քեզնից մկրտվեմ, և Դո՞ւ ես ինձ մոտ գալիս»:

 

Հիսուսը պատասխանեց նրան. «Թո՛ւյլ տուր հիմա, որովհետև այսպես է վայել, որ կատարենք բովանդակ արդարությունը»:

 

Եվ ապա [Հովհաննեսը] Նրան թույլ տվեց: Եվ երբ Հիսուսը մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ, և ահա երկինքը բացվեց Նրա համար, և [Հովհաննեսը] տեսավ Աստծո Հոգին, որն իջնում էր աղավնու տեսքով և գալիս Նրա վրա:

 

Եվ ահա մի ձայն երկնքից ասաց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, Ով ունի Իմ բարեհաճությունը» (Մատթ. 3: 13-17):

Տես նաև. Մարկ 1: 9-11, Ղուկ. 3: 21-22, Հովհ. 1: 29-34):
 

Հիսուս Քրիստոս պատգամում է մկրտել

 

«Գնացե’ք այսուհետև, աշակերտ դարձրե’ք բոլոր ազգերին, նրանց մկրտե’ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»: (Մատթ. 28:19, տես նաև` Մարկ. 16:15-16):


Հավատքը որպես մկրտության պարտադիր պայման

 

«Երբ [Փիլիպպոսն ու ներքինին] ճանապարհ էին գնում, հասան ջրի մոտ: Եվ ներքինին ասաց. «Ահա՛ ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտվել»: [Փիլիպպոսն] ասաց նրան. «Եթե քո ամբողջ սրտով հավատում ես, կարելի է»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է»: Եվ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել, երկուսով ջուրն իջան՝ Փիլիպպոսը և ներքինին, և [Փիլիպպոսը] մկրտեց նրան: Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջավ ներքինու վրա: Իսկ Փիլիպպոսին Տիրոջ հրեշտակը հափշտակեց տարավ, և ներքինին այլևս նրան չտեսավ» (Գործք 8: 36-39):

 

Հավատքով մկրտությունը որպես փրկության պայման. Ով հավատա և մկրտվի` կփրկվի, և ով չհավատա` կդատապարտվի (Մարկ. 16.16) (Տե՛ս նաև Հովհ. 3: 3-5, Գործք 16: 30-33):


Մկրտությունը մեղքերից սրբվելու միջոց

 

«Արդ ինչո՞ւ ես հապաղում, վե՛ր կաց, մկրտվիր և լվա՛ քո մեղքերը: Նրա անունը կանչելով» (Գործք 22: 16): (Տե՛ս նաև Գործք 2: 38, Եփես. 5: 26):

 

Մկրտությամբ վերստին ծնունդ. Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգին» (Հովհ. 3: 3-5): Ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ Իր ողորմության համաձայն, փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ (Տիտ. 3: 5):

 

Ամբողջ ընտանիքով մկրտություններ. «Լիդիա անունով մի կին՝ ծիրանի կտոր վաճառող՝ Թիվատիր քաղաքից, Աստծուց երկյուղած, լսեց, և Տերը նրա սիրտը բացեց՝ անսալու Պողոսի խոսքերին: Եվ երբ մկրտվեցին նա և նրա ընտանիքը, աղաչում էր ու ասում...»: Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ամբողջ տունը» (Գործք 16:14-15, 31-33):


Մկրտությունը կատարվում է մեկ անգամ

 

Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն, մե՛կ Աստված և բոլորի Հայր, Ով բոլորի վրա, բոլորի հետ և մեր բոլորի մեջ է (Եփես. 4:5-6):

 

Դրոշմի խորհուրդը. «Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիայում էլ են ընդունել Աստծո խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, ովքեր, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին, քանի որ մինչև այն ժամանակ նրանցից ոչ մեկի վրա Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով: Այդ ժամանակ ձեռքերը դրեցին նրանց վրա, և նրանք Սուրբ Հոգին ստացան» (Գործք 8:15-17) (Տե՛ս նաև Գործք 2:1-18, Բ Կորնթ. 1:21-22, Եփես. 1:13, Ա Հովհ. 2:27):


Դրոշմը որպես փրկության օրվա կնիք

 

«Եվ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, Որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփես. 4: 30):

 

Մկրտությունից առաջ կարդացվող սաղմոսից հատված (Սաղմ. 50):

 

Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, Քո մեծ ողորմությամբ և Քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները: Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ: Իմ անօրենությունները ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են: Քո դեմ միայն մեղանչեցի, Տե՛ր, և չարիք գործեցի Քո առջև, արդար կլինես Քո խոսքերում, և հաղթող՝ Քո դատաստանի մեջ: Անօրենությամբ հղիացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ մայրն իմ: Դո՛ւ, Տեր, ճշմարտությունը սիրեցիր և Քո իմաստությամբ անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր: Ցողի՛ր ինձ սպունգով, և ես կմաքրվեմ, լվա՛, և ձյունից ճերմակ կլինեմ: Ինձ ցնծություն և ուրախությո՛ւն լսել տուր, և թող տառապյալ ոսկորներս ցնծան: Երեսդ շրջի՛ր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից: Իմ մեջ մաքուր սի՛րտ հաստատիր, Աստվա՛ծ, և արդար հոգի՛ նորոգիր իմ որովայնում: Մի՛ հեռացրու ինձ, Տե՛ր, Քո երեսից և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից: Ամեն:


ՀԱՅՈՑ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Ք. Ծ. 301 թվական, Ագաթանգեղոս. «Հայոց Պատմություն» (832, 833, 835). «...Երբ լրացավ պաս կատարելու տրված ժամկետը, երանելի Գրիգորը առավ աշխարհաբնակ զորքը և Տրդատ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծն օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծերին և բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Երբ բոլոր մարդիկ և թագավորը իջնում էին ջրերի մեջ մկրտվելու, Աստծուց սքանչելի հրաշք երևաց, քանզի գետի ջրերը կանգնելով՝ ետ դարձան: Սաստիկ լույս երևաց լուսավոր սյան նման և կանգնեց ջրերի վրա, ու նրա վրա՝ տերունական Խաչի կերպարանքը. և լույսն այնքան ծագեց, մինչև որ արգելեց ու նվաղեցրեց արեգակի ճառագայթները: Օծության յուղը, որ Գրիգորը մարդկանց վրա էր հեղում, գետի մեջ շրջան կատարելով՝ մարդկանց շուրջն էր պտտվում: Օրվա երեկոյան հրաշքը աներևույթ եղավ և նրանք դեպի վար ավանը վերադարձան: Նրանք, որ այդ օրը մկրտվեցին, ավելի քան տասնհինգ բյուր [‎150 հազար] էին, արքունական զորքից: Դրանից հետո հոգևոր մխիթարության համար այնտեղ յոթ օր մնացին: Այդ յոթ օրում արքունական բանակից մկրտվեցին ավելի քան չորս հարյուր բյուր այր, կին ու մանուկ»:


Հորդորակ

 

Ծանոթացնելով ձեզ Մկրտության և Դրոշմի խորհուրդների կարևորությանը՝ Քրիստոսի սիրով հորդորում ենք՝

 

1. հավատքով նախապատրաստված ներկայանալ մկրտության,

2. Եթե մկրտվողը չափահաս է, պետք է մկրտության օրը ծոմ պահի` ոչինչ չուտի, քանի որ Ս. Հաղորդություն պետք է ստանա: Պետք է ներկայանա մաքուր մարմնով (լոգանք ընդունած, կանայք և աղջիկները դաշտանի մեջ չլինեն), գլխաշորով, բացառությամբ, եթե մկրտվողը հիվանդ է կամ նորածին:

3. խոնարհումով և երկյուղած զգաստությամբ պատվել եկեղեցում Աստծո ներկայությունը,

4. եկեղեցի մտնել պարկեշտ հագուստներով և հրաժարվել անվայելուչ հանդերձներից,

5. խորհրդակատարությունից հետո տրվող ճաշկերույթը չվերածել աշխարհային գինարբուքի,

6. նոր մկրտվածին զերծ պահել անհարկի քաշքշուկից և թույլ տալ, որ Աստծո շնորհած խաղաղությունը վայելի,

7. Մկրտության և Դրոշմի երկնառաք պարգևներից երբևէ չզրկվելու համար` միշտ հավատարիմ մնալ Աստծո հետ կնքած ուխտին` կիրակի մասնակցել Սուրբ Պատարագին` ժամը 11:00-13:00 և ճաշակել Տիրոջ, Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան հաղորդությունը:

 

Ի՞նչ է անհրաժեշտ բերել մկրտության համար, ա) խաչ ու նարոտ (կարմիր և սպիտակ թելերից միահյուսված դերձան՝ խաչի «շղթան»), բ) չգործածված մաքուր սրբիչ` ըստ մկրտվողների թվի, գ) երկու մեծ մոմ:

 


ԱՂՈԹՔ

 

Մկրտությունից հետո մկրտվողին Մյուռոնից պետք է հանել երրորդ օրը: Կնքահայրը պետք է ջրով լվանա իր սանի մարմնի այն մասերը, որոնք Սուրբ Մյուռոնով օծվել են: Ցանկալի է, որ այդ ջուրը թափվի ծառի կամ ծաղիկների տակ:

 

Աստված, որ մեծ ես, մշտնջենավոր և բոլոր գաղտնիքներին գիտակ. որ սուրբ ես և բնակվում ես սուրբերի մեջ, փրկի՛չ բոլոր մարդկանց, որ Քո գիտությունը շնորհում ես Քո հավատացյալներին և իշխանություն տվեցիր Աստծո որդիներ լինելու Հոգու և ջրի վերստին ծննդյան միջոցով, որով և ..............ին նորացրիր Քո ավազանի մաքրությամբ, սո՛ւրբ արա նրան Քո ճշմարտությամբ, լցրո՛ւ Սուրբ Հոգուդ շնորհներով, որպեսզի Քո սուրբ անվան բնակության տաճար լինի, կարողանա գնալ արդարության բոլոր ճանապարհներով և համարձակությամբ ու աչալրջությամբ կանգնել Քո Միածնի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի բեմի առաջ, Ում հետ Քեզ` ամենակալ Հորդ և կենդանարար և ազատարար Սուրբ Հոգուդ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն:

  • 2021-09-21
×