Հաղթության Մյուռոն

Հաղթության Մյուռոն

Ցնծում է Հայոց Եկեղեցին, անսահման ուրախություն է հայ մարդու հոգում և սրտում, որին խնդակից և մասնակից են հրեշտակների բյուրավոր զորքերը, մեր լուսավոր հայրերն ու վարդապետներն իրենց բարեխոսությամբ և աշխարհասփյուռ հայությունն իր աղոթակցությամբ, քանզի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր Եկեղեցու նվիրական երեք սրբություններով` Տիրոջ խաչափայտի մասունքով Կենաց Խաչով, աստվածամուխ Գեղարդով և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնեց Սրբալույս Մյուռոնը` այն կոչելով «Հաղթության Մյուռոն»:


Այո´, հաղթական է հայոց Մյուռոնն իր հրաշագործ զորությամբ, որով աներևութապես կապ ենք հաստատում Ս. Թադեոսի` Հայոց աշխարհ բերած Ս. Յուղի և մեր հավատքի հոր օրհնած առաջին Մյուռոնի հետ, ևս մեկ անգամ շեշտում ենք և ի լուր աշխարհի հայտարարում, որ հավատարիմ ենք Տիրոջը, Սրբազան Ավանդությանն ու մեր մշտամնա ազգային-եկեղեցական արժեքներին: Նույն այդ հավատարմությամբ և բարձր գիտակցությամբ են ապրել ու գործել Ս. Մեսրոպն ու Ս. Թարգմանիչները, Ս. Նարեկացին ու Ս. Շնորհալին:


Նույն այդ հավատարմությունն է պահանջվում մեզանից նաև այսօր, որը ոչ այլինչ է, եթե ոչ անմնացորդ նվիրում մեր Հայրենիքին, Մայր Եկեղեցուն ու ժողովրդին: Թող Հայոց Ընդհանրական Հայրապետի օրհնած այս Մյուռոնը հաղթություն բերի մեր աշխարհին, խաղաղություն` մեր սահմաններին, ուժ և զորություն` հայ զինվորի բազկին, բարօրություն և երջանկություն` ամեն հայի: Թող յուրաքանչյուր հայ իր կյանքում զգա այդ Մյուռոնի օրհնությունը, և այն դառնա միավորիչ ուժ մեր ազգի համար:


Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

  • 2021-09-21
×