«Քանզի մոտ էր Աստծուն»

«Քանզի մոտ էր Աստծուն»

Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է


 

«Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»,- այսպես է բնորոշել Սուրբ Հովհան Ոսկեբերանը Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ում սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է այսօր: Այս օրը սրբին հիշատակող երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: 


 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դեռ մանկուց ստացել էր քրիստոնեական դաստիարակություն: Հետագայում դառնալով Խոսրով արքայի որդի Տրդատի արքունի դիվանապետը՝ կրկին շարունակում էր իր հավատարմությունը Քրիստոսին և քրիստոնեությանը: Տրդատը, սակայն, քրիստոնյա չէր, թշնամի էր քրիստոնեության և պաշտում էր իր նախնիների աստվածներին: Հերթական անգամ, երբ կռվից հաղթանակած վերադարձավ, զոհ մատուցեց Անահիտ աստվածուհու մեհյանում, որտեղ էլ տեղեկացավ, որ Գրիգորը Քրիստոսի հետևորդ է: Տրդատը հրամայել էր, որ Գրիգորը նույնպես հաղթանակի պսակ նվիրի Անահիտ աստվածուհուն, սակայն վերջինս հրաժարվել էր կատարել արքայի հրամանը։ Տրդատ արքան շարունակեց պարտադրել իր հրամանը՝ նախ հորդորներով, խնդրանքներով, ապա տանջանքների ենթարկելով։ Ի վերջո տեսնելով, որ Գրիգորը չի ենթարկվում իր հրամաններին, չարչարանքների ենթարկեց նրան և նետեց Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը:


 

Սուրբը վիրապում մնաց 13 տարի՝ այնտեղ կրելով բազում չարչարանքներ: Մութ վիրապում նա զգում էր Աստծո ներկայությունը, զորանում Աստծով և դիմանում էր բազում զրկանքների, քանի որ ուներ Աստծուն՝ որպես ուղեկից: Լուսավորչի չարչարանքների վարձքը մեր այսօրվա նրա սուրբ անվան հիշատակումն է, նրան սրբերի շարքին դասելը և որպես օրինակ ունենալը: Լուսավորչի վարձքն է այն, որ սոսկալի չարչարանքներից հետո վիրապից դուրս գալով՝ նա սկսեց քարոզել քրիստոնեությունը, սփռել իրական հավատքը և դարձավ Հայ Եկեղեցու առաջին հովվապետը։ 


 

Նա այժմ ոչ միայն մեր՝ հայերիս շրջանում է հիշատակվում, այլ համարվում է համաքրիստոնեական սուրբ, ինչը փաստում է նրա սխրանքի մեծությունը, նրա նվիրվածության անսահմանությունը: 

 


Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակության այս օրը հայցենք սրբի բարեխոսությունը, և թող մեր շուրթերին լինի սրբի այս աղոթքը՝ հանուն շնորհների:


 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքը հանուն շնորհների

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ և հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները և լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում և աղաչում եմ ծունկի գալովս ու հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը և պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը: 

 

Մի՛ բարկացիր ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ շնորհն իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաև իմ միտքը՝ չտանելով նրա ալիքների բազմությունը: 

 

Օրհնված Հորդ կերպարա՛նք և ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ [եկող] շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգևի՛ր ինձ այն ու պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, և Հայտնության Օրն իմ օթևանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը: 

 

Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն: 

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

 
  • 2021-02-20
×