Շնորհավոր Բարեկենդան, բարով հասնենք Սուրբ Հարության

Շնորհավոր Բարեկենդան, բարով հասնենք Սուրբ Հարության

Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…

 

 

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, ինչը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է:


Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:


Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային՝ «հայոց ազգի օրեր»: Այն համարվում է ամենաերջանկաբեր տոներից մեկը, ինչի ընթացքում վայելում ենք, ճոխ ու առատ ուտելիքներ, ականատես լինում ազգային մի շարք պարերի, խաղերի, թատերախաղերի:


Այն ուրախության, ազատության տոն է և ևս մեկ հարմար առիթ ընտանիքի ու ընկերների հետ հաճելի օր անցկացնելու համար:


Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա Պահքի ընթացքում. Պահքի ժամանակ մատուցվում է փակ պատարագ:


Հիշեցնենք, որ այն շարժական տոն է. այս տարի Բուն Բարեկենդանը նշվում է փետրվարի 14-ին:

  • 2021-02-20
×