Հայր, Որդի և Սուրբ Հոգի

Հայր, Որդի և Սուրբ Հոգի

Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օրն է

 

 

381 թվականին Կ.Պոլսում գումարված տիեզերական ժողովը վերահաստատեց  Նիկիայի ժողովում ընդունված բանաձևը և ապա պաշտպանեց Սուրբ Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Նիկիայի ժողովի Հավատո հանգանակին ավելացվեց  նաև Սուրբ Հոգու հատվածը:

 

 

Թեպետ Հայ Եկեղեցին չմասնակցեց ժողովին, սակայն ընդունեց որոշումները, և այժմ Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը նշում է նաև ժողովին մասնակցած 150 վարդապետների հիշատակության օրը:

 

 

Սուրբ Հոգու մասին առաջին անգամ խոսվում է Ծննդոց գրքի առաջին տողերում. «... և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա…» (Ծննդոց 1:2): Սուրբ Հոգու ազդեցությունը երևում է մշտապես, սակայն ավելի ակներև է Նոր Կտակարանում՝ Տիրոջ կյանքի դրվագներում:

 

 

«Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26): Եվ այսպես եղավ որ Քրիստոս իր համբարձումից հետո ուղարկեց Սուրբ Հոգուն՝ որպես մխիթարիչ: Սուրբ Հոգին նաև բարեխոս է «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք և չգիտենք, թե ինչպես արժան է աղոթել. բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ անմռունչ հառաչանքով:  Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտե, թե ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխոսում սրբերի համար» (Հռոմ. 8: 26-27): Աղավնակերպ Սուրբ Հոգին հայտնվեց Քրիստոսի մկրտության պահին Հորդանան գետի մոտ:

 

 

Աստծո ներգործուն զորությունը մեր կյանքում ամբողջությամբ իրականացվում է Սուրբ Երրոդության երեք անձերի միջոցով: Սուրբ Հոգին աստվածային ներգործությունն ապահովում է մարդկային կյանքում շնորհաբաշխությամբ: Այդ շնորհները, ինչպես Պողոս առաքյալն է մատնացույց անում, բազմաթիվ են և օգնում են մեզ՝ հավատքի մեջ հաստատուն լինելու: Սուրբ Հոգու շնորհները ամենապարզ ձևերով կարող են դրսևորվել մեր կյանքում` սկսած սիրուց, մեկս մյուսի նկատմամբ ունեցած հարգանքից, վերջացրած ինքնազոհողությամբ, ամենաբարձր առաքինության դրսևորումներով: Այսինքն` Սուրբ Հոգին է, որ կարող է նաև մեր միջոցով խոսել մարդկանց հետ, Սուրբ Հոգին է, որ կարող է Աստծո կամքը բացահայտել և աստվածային հայտնությունն ավելի հասկանալի և ընկալելի դարձնել մեզ:

 

 

Սուրբ Հոգին նաև մեր կյանքում խորհրդավոր կերպով ներկայանում է իբրև ջերմություն, որը ոչ թե մեզ տաքացնում է,  այլ ուղղակի թույլ չի տալիս, որ մրսենք, ջերմություն, որը վերածնում է, հնարավորություն է տալիս վերականգնելու մեր կյանքը, նորովի սկսելու ամեն բան:

  • 2021-02-20
×