Խիղճը

Խիղճը

Մի օր արդար մարդու խիղճը հանդիպեց սրիկայի խղճին:


- Ինչպե՞ս ես, - հարցրեց արդար մարդու խիղճը:
- Ավելի լավ է չհարցնես, - պատասխանեց սրիկայի խիղճը: - Ոչ թե ապրում, այլ տառապում եմ: Իմ տերն ամոթը բոլորովին կորցրել է: Սեփական անձից բացի նրան ոչինչ չի հետաքրքրում, նրան չեն հուզում ուրիշների զգացմունքները: Կարող է բոլորին վիրավորել, ստորացնել: Իսկ իր ունեցվածքից որևէ մեկին բաժին հանելու կամ օգնելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել:
- Իսկ դու փորձե՞լ ես նրա սիրտը շարժել, - հետաքրքրվեց արդար մարդու խիղճը:
- Իհարկե, փորձել եմ. գրքեր եմ հուշել բարու և չարի մասին, ազնիվ, լավ ու կարգին մարդկանց հանդիպեցրել որպես օրինակ, բայց ապարդյուն: Նրա նենգությունն ու եսասիրությունը գնալով աճում է: Իսկ գիտե՞ս, թե ինչքան ծանր է նրա մասին լսել «դու խիղճ չունես» արտահայտությունը: Եթե ես և դու երկրային ծագում ունենայինք, ես չէի դիմանա, վաղուց մահացած կլինեի…
- Իսկ քո տերն ի՞նչն է ամենից շատ սիրում, գնահատում:
- Նա չափազանց փառամոլ է, ամենուր և ամեն հարցում պիտի լինի ամենալավը, ամենագեղեցիկը, ամենախելացին, ամենահարուստը…
- Լավ, ես գիտեմ, թե ինչ պետք է անել, - ասաց արդար մարդու խիղճը որոշ ժամանակ լռելուց և մտորելուց հետո:
Նրանք խորհրդավոր նայեցին միմյանց, փսփսացին, և ամեն մեկը գնաց իր գործին:



Հաջորդ առավոտյան սրիկան արթնացավ և մեկուսի ասաց.
- Որքան է կինս ինձ ձանձրացրել, հոգնեցրել:
- Ինչպես թե՝ ձանձրացրել, հոգնեցրել եմ, - սրիկան լսեց կնոջ զայրացած ձայնը: - Այդ ի՞նչ ես ասում:
- Մի՞թե ես բարձրաձայն արտահայտվեցի, - զարմացավ սրիկան, - ինչպե՞ս եղավ, որ այդ պառավն ինձ լսեց:
- Այդ ե՞ս եմ պառավը, - էլ ավելի զայրացավ կինը:



Սրիկան կատարվածից այնպես այլայլվեց, որ ուժեղ գլխացավ սկսվեց: Զգալով, որ ի վիճակի չէր աշխատանքի գնալ, մոտեցավ հեռախոսին՝ զանգահարելու տնօրենին:
- Բարի լույս, - ասաց նա շատ սիրալիր, սակայն մտածեց. «Գոնե այս ծեր ապուշը շուտով թոշակի անցներ, զզվեցրել է արդեն»:
- Գրողը տանի, այդ ինչպե՞ս ես արտահայտվում իմ մասին, ես քեզ ցույց կտամ՝ «ծեր ապուշ», - գոռաց տնօրենը: - Դու աշխատանքից հեռացված ես:



Ամբողջ օրը սրիկան տեղր չէր գտնում: Նա արդեն հասկացել էր, որ մարդիկ կարդում են իր մտքերը: Ամենասարսափելին այն էր, որ չգիտեր, թե ինչպես փոխել մտքերի ընթացքը, դա հնարավոր կլիներ, միայն եթե ընդհանրապես դադարեր մտածել: Բայց ինչպե՞ս: Իր ողջ գիտակցական կյանքում նա մտածել էր մի բան, ասել այլ բան, և նրան հավատացել էին, գնահատել, հարգել, միգուցե սիրել: Եվ ահա խնդրեմ. ամենաթաքուն բաներն այժմ հայտնի էին դառնում բոլորին:
Սրիկան այլ ելք չուներ, քան փորձել այլ կերպ մտածել: Դա շատ բարդ էր, քանի որ նա սովոր էր իր ծառայակիցներին անհաջողություն մաղթել, ընկերներին՝ աղքատություն, հարևաններին՝ վատառողջություն, հարազատներին ու մտերիմներին՝ միայնություն: Նա թաքուն երազում էր կաշառք և այլոց կանանց, վրեժխնդրության ծրագրեր կազմում, նախանձում հարուստներին, խորամանկությամբ և ստելով հասնում իր նպատակներին: Հիմա բոլորն այդ ամենը հասկանում էին և հաճախ ասում.
- Դու խիղճ չունես:
- Խիղճդ բոլորովին կորցրել ես:



«Այդ ի՞նչ են բոլորն ասում, ի՞նչ խղճի մասին է խոսքը, որտե՞ղ այն գտնեմ», - այս մտքերն անքուն գիշերները տանջում էին սրիկային:
Նա սկսել էր չքնել, վատ սնվել, բոլորը նրանից երես էին թեքել, ոչ ոք չէր ուզում շփվել նրա հետ:
- Պետք է գտնել այդ խիղճ կոչվածը. միայն թե՝ որտե՞ղ է այն, - մի օր բացականչեց հուսահատ և արդեն ամեն ինչի պատրաստ սրիկան:
- Ես միշտ էլ այստեղ եմ եղել, կողքիդ, երբեք չեմ հեռացել, - կամացուկ ասաց նրա խիղճը: - Պարզապես դու ինձ չես նկատել: Ես փորձել եմ սրտիդ հասնել, բայց այն անդառնալիորեն փակ էր: Հիմա, երբ մարդիկ գիտեն, թե դու ով ես, իրականում ինչ մարդ ես, սիրտդ ցավից կծկվում է: Դու զգացիր, թե ինչպես են տառապել նրանք, ում դու ցավ ես պատճառել: Դու հետ ես սովորել ինձ՝ խղճիդ հետ հաշտ ապրել, խղճալ:
- Լավ, ասենք թե դու ճիշտ ես: Բայց ես գաղափար չունեմ, թե ինչ է նշանակում խղճով ապրել:
- Սկսիր նրանից, որ մարդկանց ցանկանաս միայն այն, ինչ ինքդ քեզ ես ցանկանում: Կխոսենք, երբ փոխվես: Իսկ հիմա ես քեզնից հեռանում եմ:
- Հեյ, կանգնիր, ի՞նչ է նշանակում «փոխվել»: Ինչպե՞ս փոխվեմ՝ հագո՞ւստս փոխեմ, սանրվա՞ծքս, միգուցե նոր ավտոմեքենա՞ գնեմ: Դե, սպասիր, մի գնա, բացատրիր, թե ինչ անեմ, - բացականչեց սրիկան:
- Դու կփոխվես միայն այն ժամանակ, երբ սեփական մաշկիդ վրա կզգաս այն, ինչ արել ես ուրիշներին, - բացականչեց խիղճը և հեռացավ:
- Ես այլ ընտրություն չունեմ: Կամ պետք է փոխվեմ, կամ մահանամ: Այլապես բոլորն ինձանից խուսափում են, երես թեքում, - վերջապես հասկացավ սրիկան:



Փոխվելը շատ դժվար էր: Այն բոլոր վատ արարքները, որ նա կատարել էր, բումերանգի պես վերադառնում էին: Նրան վիճակվեց արժանանալ դավաճանության, վիրավորանքների, ստորացումների ու ծաղրի ենթարկվել, կորուստներ կրել: Օրեցօր, քայլ առ քայլ նա սովորում էր կարեկցել, խղճալ, օգնել, տալ: Միայնության տարիները նրան սովորեցրեցին հետևել իր մտքերին, կառավարել գգացմունքները: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես երկար ճանապարհ անցնելուց հետո դարձավ համբերատար, բարյացկամ, անշահախնդիր: Նրա աչքերը բացվեցին, տեսավ կյանքի ճշմարտությունը:



Տարիներ անց արդար մարդու խիղճը հանդիպեց դարձի եկած մարդու խղճին:
- Ինչպե՞ս ես ապրում, - հարցրեց նա:
- Դե, ինչպես տեսնում ես, - եղավ պատասխանը:


Նրանք կրկին խորհրդավոր ժպտացին միմյանց, հետո ամեն մեկը գնաց իր ճանապարհով:


Օնորե դը Բալզակ. «Մեր խիղճն անսխալական դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել»:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×