Բարության շրջապտույտ

Բարության շրջապտույտ

Հեղինակ՝ Նատալյա Վոլնիստայա
 

Մի օր երիտասարդ մի կնոջ բնակարանում կակտուսը ծաղկեց: Մինչ այդ կակտուսը չորս տարի նրա տան պատուհանի գոգին էր և չէր ծաղկում և հանկարծ՝ անակնկալ… «Տարօրինակ է, որ մարդիկ ինձ չար ու անհոգի են համարում, - մտածեց կինը: - Սակայն դա ճիշտ չէ, չար ու անհոգի մարդկանց մոտ կակտուսը չի ծաղկում»:
Ծաղկած կակտուսի շուրջ մտքերի մեջ՝ նա մետրոյում պատահաբար տրորեց մի մռայլ տղամարդու ոտքը: Ի պատասխան դիտողության՝ նա սովորականի պես չգոռգոռաց և վիրավորված տոնով չասաց. «Եթե այդքան փափկասուն ազնվական եք, երթևեկեք տաքսիով», այլ՝ «Մի բարկացեք, խնդրում եմ: Բռնվելու հնարավորություն չկար: Կուզեք՝ դուք էլ իմ ոտքը տրորեք, և մենք միմյանցից պահանջներ այլևս չենք ունենա», - և ժպտաց:
Տղամարդը լռեց, և հաջորդ կանգառում դուրս գալով վագոնից՝ կրպակից թերթ գնեց: Սակայն նա չկոպտեց լրագրավաճառ կնոջը, ով սխալվել էր մանըը վերադարձնելիս, այլ պարզապես ասաց.
-Սարսափելի բան չկա, մեկ անգամ էլ հաշվեք գումարը: Վաղ առավոտյան ինքն էլ շատ ուժեղ չեմ մաթեմատիկայից:
Չակնկալելով նման պատասխան, լրագրավաճառ կինն անվճար երկու հին ամսագիր և մի կույտ հին թերթ տվեց մշտական գնորդ մի թոշակառուի, ով շատ էր սիրում թերթեր կարդալ, սակայն օրական գնում էր միայն մեկ թերթ:
Թոշակառուն գոհացած հեռացավ: ճանապարհին հանդիպելով իր վերևի հարկի հարևանին` նա ամեն օրվա պես աղմուկ չբարձրացրեց և չասաց. «Ձեր զավակը փղի պես դոփում է տանը և ինձ խանգարում, հարկավոր է նրան ավելի լավ դաստիարակել», այլ փոխարենն ասաց.
- Ձեր դուստրը մեծացել է: Չեմ կարող հստակ ասել, թե ավելի շատ ձե՞զ է նման, թե՞ հորը, սակայն հաստատ գեղեցկուհի կլինի. իմ աչքը փորձված է:
Որախացած հարևանուհին երեխային տարավ մանկապարտեզ, ապա գնաց աշխատանքի: Աշխատավայրում նա չգոռգոռաց այն հիվանդ տատիկի վրա, ով այդ օրը եկել էր պոլիկլինիկա՝ նախորդ օրվա փոխարեն, քանի որ շփոթել էր օրը, այլ ասաց.
- Դե լավ, մի տխրեք, ես էլ եմ երբեմն մոռանում: Սպասեք, ճշտեմ, միգուցե բժիշկը կարողանա ձեզ այսօր ընդունել:
Տատիկն էլ իր հերթին ընդունելության ընթացքում չպահանջեց իրեն դուրս գրել շատ ազդու, բայց միևնույն ժամանակ էժան դեղ, որն ակնթարթորեն բուժեր իր հիվանդությունը, և ոչ էլ սպառնաց բողոք հղել ընդհուպ մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան, այլ կամացուկ ասաց.
-Ես դեռ խելքս չեմ թռցրել, հասկանում եմ, որ ծերությունը չի բուժվում: Ներեցեք ինձ, բժիշկ, որ մշտապես անհանգստացնում եմ:
Տուն գնալիս բժիշկը հանկարծ հիշեց տատիկին և խղճաց նրան: Մտածեց կյանքի ունայնության մասին և պահի ազդեցության տակ մտավ մոտակա սուպերմարքեթը, գնեց ծաղիկներ, տորթ և գնաց տուն:
Երբ նրա կինը բացեց դուռը, նա ասաց.
- Զարմանում եմ, թե ինչու ենք երեխաների նման շարունակ վիճում և ամեն ինչ կիսում: Ահա, քեզ համար ծաղիկներ և տորթ եմ գնել, սակայն պայուսակս անզգուշաբար դրել եմ դրանց վրա, և դրանք փոքր-ինչ տրորվել են: Սակայն կարծում եմ, որ տորթի համը դրանից չի տուժել, ծաղիկներն էլ ջրի մեջ կթարմանան:
- Իհարկե, ամեն ինչ կշտկվի, - պատասխանեց կինը, - ես էլ նորություն ունեմ: Պատկերացնո՞ւմ ես՝ այսօր առավոտյան արթնացա, նայեցի պատուհանի գոգին և տեսա, որ մեր կակտուսը ծաղկել է:
«Բարի մարդն իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ…» (Մատթ. 12:35):
«Իմացեք, որ յուրաքանչյուր ոք՝ թե ծառա և թե ազատ, ինչ բարի բան որ անի, նույնն էլ կստանա Տիրոջից» (Եփես. 6:8):


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×