Վզնոցը

Վզնոցը

Շիկահեր գանգուր մազերով աղջնակը կլիներ մոտ հինգ տարեկան: Մայրիկի հետ վճարման համար սպասելիս նա վաճառասրահի ցուցափեղկում տեսավ սպիտակ փայլուն կեղծ մարգարտաշար՝ վարդագույն տուփում: Իսկույն խնդրեց մայրիկին գնել այն: Մայրիկը նայեց իր դրամապանակը, վզնոցը, ապա՝ աղջկա թախանձող կապույտ աչքերին և ասաց.
- Աղջիկս, վզնոցն արժե մոտ երկու դոլար, այս պահին չենք կարող գնել: Եթե շատ ես ցանկանում այն ունենալ, մի քանի աննշան հանձնարարություն կկատարես և կկարողանաս ինքդ դրա համար դրամ հավաքել: Մեկ շաբաթից ծննդյանդ տարեդարձն է, միգուցե մեկ դոլար էլ տատիկը կնվիրի:
Տուն հասնելուն պես Ջեննին դատարկեց իր գանձանակը, որտեղ հավաքվել էր 17 պեննի: Տարեդարձին նախորդող օրերին ճաշից հետո նա օգնում էր մայրիկին տնային գործերում և հարևանուհուն՝ պարտեզում՝ այդպիսով վաստակելով մեկ դոլարից քիչ պակաս դրամ: Ծննդյան տարեդարձին տատիկի նվիրած մեկ դոլարն էլ լրացրեց անհրաժեշտ գումարը, և նրանք մայրիկի հետ գնացին ու գնեցին այնքան ցանկալի վզնոցը:
Ջեննին շատ էր սիրում վզնոցը, միշտ կրում էր այն, անգամ՝ քնելիս, և հանում էր միայն լողանալիս, քանի որ մայրիկը զգուշացրել էր, որ թրջվելիս մարգարիտները կարող էին կանաչել:
Ջեննիի հայրը շատ էր սիրում դստերը, և երբ նա պառկում էր քնելու, հայրիկը թողնում էր ամեն ինչ և մի պատմվածք ընթերցում նրա համար: Մի օր պատմվածքի ընթերցանության ավարտից հետո նա հարցրեց.
- Ջեննի, սիրո՞ւմ ես ինձ:
- Այո, իհարկե, հայրիկ, - եղավ պատասխանը:
- Դե, ուրեմն, ինձ տուր քո վզնոցը:
- Ոչ, հայրիկ, սիրելիս, խնդրում եմ, միայն ոչ վզնոցը: Վերցրու արքայադուստր տիկնիկս, հավաքածուիս սպիտակ ձիուկը՝ վարդագույն պոչիկով: Այն մեկը, որ դու էիր ինձ նվիրել, հիշո՞ւմ ես: Դա իմ սիրելի ձիուկն է, - լացակումած խնդրեց աղջիկը:
- Դե լավ, քաղցրիկս, թող մնա: Բարի գիշեր, - մաղթեց հայրիկը և դստերը համբուրելով՝ սենյակից դուրս գնաց:
Մոտ մեկ շաբաթ անց պատմվածքի ընթերցանության ավարտից հետո հայրիկը կրկին խնդրեց վզնոցը:
- Հայրիկ, խնդրում եմ, վերցրու իմ նոր գեղեցիկ տիկնիկը, որ ծննդյանս տարեդարձի նվերն է, տիկնիկի հետ կտամ նաև այն դեղին ծածկոցը, որն այնքան սազում է նրա մահճակալին, միայն ոչ վզնոցը, - ասաց Ջեննին:
- Լավ, աղջիկս, քնիր: Ես քեզ շատ եմ սիրում, - եղավ հայրիկի պատասխանը, և ինչպես ամեն երեկո, նա կրկին համբուրեց դստերն ու սենյակից դուրս գնաց:
Մի քանի օր անց, երբ հայրիկը մտավ Ջեննիի սենյակ, տեսավ նրան մահճակալին նստած: Հայրիկը նկատեց, որ հուզմունքից նրա դնչիկը դողում էր, աչիկներում արցունք էր փայլում:
- Ի՞նչ է պատահել, աղջիկս, - անհանգստացավ հայրիկը:
Ջեննին ոչինչ չպատասխանեց, այլ մեկնեց ձեռքը հայրիկին. ափի մեջ վզնոցն էր: Հուզմունքից դողացող ձայնով նա վերջապես ասաց.
- Վերցրու, հայրիկ, վզնոցը քեզ եմ տալիս:
Հայրիկը, նույպես հուզմունքից աչքերը լցրած, մի ձեռքը մեկնեց՝ վերցնելու էժանագին մարգարտաշարը, մինչդեռ մյուս ձեռքով գրպանից հանեց երկնագույն թավշե մի զարդատուփ՝ բնական գեղեցիկ մար•արտաշարով, և մեկնեց Ջեննիին: Այն վաղուց էր հայրիկի մոտ, պարզապես նա սպասում էր, որ Ջեննին կամովին հրաժարվեր էժանագին կեղծ վզնոցից, որպեսզի ինքը նրան փոխարենը նվիրեր իսկական թանկարժեքը:
Ճիշտ այդպես էլ վարվում է մեր Երկնային Հայրը: Նա սպասում է, որ մենք հրաժարվենք անարժեք ճղճիմ բաներից՝ արժեքավոր գանձեր ստանալու համար: Մինչդեռ մենք կառչում ենք այն բաներին, որոնցից Տերոջ կամքն է, որ մենք ազատվենք: Այդպիսիք են, ասենք, չարակամ մարդիկ, անհեռանկար և ոչ մի լավ բանի չհանգեցնող հարաբերություւները, վնասակար սովորույթներն ու վատ վարքը, որոնցից, կարծես թե, անհնար է հրաժարվել: Երբեմն իսկապես շատ դժվար է իմանալ, թե Աստված ինչ է նախատեսել մեզ համար, սակայն եկեք հավատանք, որ Տեր Աստված երբեք ոչինչ չի վերցնում՝ առանց փոխարենը մեկ այլ՝ ավելի լավ բան տալու:

Անգլերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×