Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյան (հոգևոր հովիվ)

Տեր Տիրայր (ավազանի անունը՝ Տիգրան) ավագ քահանա Սահրադյանը ծնվել է 1958թ. Արարատի մարզի Ազատաշեն գյուղում: Սովորել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև 1973թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում, որից հետո շարունակել է ուսումը և ավարտել ճեմարանը: 1980թ. ծառայության է անցել Դոնի Ռոստովի հայկական եկեղեցում: 1981թ. մեկնել է Բաքու և այնտեղ ծառայել մեկ տարի, այնուհետև երկու ամիս՝ Գանձակում: 1982թ. վերադարձել է Արարատյան Հայրապետական թեմ և ծառայել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես սարկավագ: 1982թ. սեպտեմբերի 12-ին՝ Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության անցել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1984թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:
1985-1986թթ. ծառայել է Սիսիանի եկեղեցում՝ որպես այցելու քահանա: 1993թ. ծառայության է նշանակվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ որպես հոգևոր հովիվ և ծառայել մինչև 2000 թվականը: 1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն: 1999-2003թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: 2002թ. ապրիլից հոկտեմբերի 10-ը զուգահեռ ծառայել է նաև Չարբախի Ս. Խաչ եկեղեցում: 2004թ. փետրվարի 17-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: 2003 թվականից ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ, 2013 թվականից ծառայել է Նոր նորքի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա, 2014թ. հուլիսի 8-ին նշանակվել է ծառայության Եռաբլուր պանթեոնի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 2016թ. ապրիլի 7-ին նշանակվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ: