Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան

  Մյուռոն (ավազանի անունը՝ Ռաֆիկ) ավագ քահանա Ադամյանը ծնվել է 1954թ.-ի օգոստոսի 24-ին, Էջմիածին քաղաքում: 1961թ. ընդունվել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1969թ. ավարտել ութերորդ դասարանը: Նույն թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան և 1972թ. մեկնել խորհրդային բանակ: Ծառայությունից հետո ուսումը շարունակել է միջնակարգ դպրոցում և ավարտել 1977թ.: 1979թ. հաճախել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանի դասընթացը և ավարտելով՝ 1981թ. հոկտեմբերի 18-ին ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի ձեռնադրվել ամուսնացյալ քահանա: Նույն թեմի առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում ծառայել է մինչև 1989թ.: Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: 1990թ. նշանակվել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ: 1992-1995թթ. կրկին ծառայել է Շիրակի թեմի Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում: 1995թ. տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և առ այսօր ծառայում է Ս. Գևորգ եկեղեցում: 1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն: 2008թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ներկայումս ծառայում է Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում: Ամուսնացած է, ունի 3 զավակ: