25
Մայիս

Արդեն 2000 տարի է, որ աշխարհն ալեկոծվում է վախճանաբանական զանազան գաղափարներից և աշխարհի վախճանի մասին ահաբեկիչ «մարգարեություններից», որոնց հեղինակներից (տիբեթյան հոգևորականներ, հնագույն մայաներ, կամ էլ մերօրյա էքստրասենսներ և բազում աղանդներ) և ոչ մեկը հանդես չի գալիս Առաքելական կամ Ուղղափառ Եկեղեցու կողմից: Ուստի, կուզեինք իմանալ՝ ի՞նչ դիրքորոշում ունի Եկեղեցին աշխարհի վերջի մասին:

Ավետարանում հստակ նշված է, որ աշխահի վերջի օրվա մասին ոչ ոք չգիտի: Միայն Հայրն է, որ գիտի այդ օրվա մասին (տես՝ Մատթ. 24.36): Սա նշանակում է, որ որևէ մեկը չի կարող կանխագուշակել աշխարհի վերջին օրը: Այս թեման շահարկում են աղանդավորները, որպեսզի մարդկանց տագնապի մեջ պահեն և մեծ թվով մարդկանց ներգարվեն իրենց շարքերը` «փրկություն» խոստանալով: Աշխարհի վերջի «ակհայտ սպառնալիքներ» կային մինչև 2000թ. տարեմուտը: Մինչ այդ աղանդավորները, հատկապես «Եհովայի վկաները», մի քանի տարին մեկ հայտարարում էին աշխարհի վերջի մասին: Սակայն բոլոր տեսակի հայտարարությունները և կանխագուշակումները իրականությանը չեն հապամապատասխանում և մարդկանց մոլորության մեջ են գցում: Այն, որ աշխարհի վերջը լինելու է, դա ակհայտ է: Սակայն մարդն անկարող է դա կանխատեսել, առավել ևս նշել ստույգ օրը: Այո, շատ նշաններ համապատասխանում են աշխահի վախճանին: Սակայն այդ նշանները վաղուց կան և այս ամենը կոչված է մարդուն սթափեցնելու, զգոն պահելու համար. «… Եթե տանտերը գիտենար, թե որ ժամին գող կգա, կհսկեր և չէր թողնի, որ իր տունը ծակեն: Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասում, մարդու Որդին կգա» (Մատթ. 24.43-44), «Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը ոչ էլ ժամը» (Մատթ. 25.13):

 


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան