09
Հունս

Երբ հանգամանքների բերումով չափազանց է մեղավորության գիտակցումը, ի՞նչ ներքին աշխատանք պիտի կատարի անձը, որպեսզի այդ զգացումը վերածվի անկեղծ զղջման ու ինքնամաքրման:

Իհարկե, այս բոլոր զգացումներն անկեղծ պիտի լինեն մեր մեջ, որպեսզի արդյունքը դրական լինի: Բնական է, եթե մարդն անկեղծ հոգեվիճակ չունենա, չի կարող ելք գտնել և պիտի վհատվի: Այս վհատության մեջ նաև մեծամտանալու երանգներ են նկատվում: Ս. Եփրեմ Ասորին ասում է, թե տրտմությունը բաղկացած է երկու բանից` իրերի կորստից (այդ իրերը կարող են նաև հոգևոր զգացումներ լինել) և բարկությունից: Տրտմության զգացումն արդյունավետ է այն դեպքում, երբ ապաշխարության, այսինքն՝ չար սովորություններից հրաժարվելու և կյանքը շտկելու աշխատանքի է առաջնորդում, երբ այսպես կոչված «իրերը» իրականում հոգևոր մաքրությունն է, որի կորուստը պետք է հարուցի բարկություն այդ արժեքը մեղքով կորցնողի, այսինքն` սեփական անձի նկատմամբ: Այսպես պետք է տրտմենք`ըստ Ս. Պողոս Առաքյալի, ով ասում է. «որովհետև տրտմությունը, ըստ Աստծո ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում, իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթ. 7:10):

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան