09
Հունս

Եթե ես չեմ ճանաչում այդպիսի մի քահանա, ում կվստահեի և ում կխոստովանեի իմ մեղքերը, ուրեմն չե՞մ կարող ապաշխարել: Մի՞թե իմ անկեղծ զղջումը բավարար չէ, որ Աստված ընդունի ապաշխարությունս: 

Ապաշխարության համար միայն զղջումը բավարար չէ: Անհրաժեշտ է նաև խոստովանությունը՝ մեղքերի թողություն ստանալու համար: Խոստովանությունը ապաշխարության խորհրդի մի մասն է: Այն սահմանել են Սուրբ Առաքյալները՝ Տեր Հիսուս Քրիստոսից պատվիրան ընդունելով. «Երբ այս ասաց, նրանց վրա փչեց և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20:22): Ըստ առաքելական կանոնների, խոստովանության կարգը կատարվում է քահանայի առջև, որովհետև նա մեղքերի թողություն տալու իշխանություն ունի: Անհատական խոստովանությունն անհրաժեշտ է մեղքից բժշկվելու և մեղքի դեմ պայքարելու հնարներ գտնելու համար: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ ինչպես մոլախոտը չորացնելու համար այն արմատախիլ են անում և արմատն արևին ցույց տալիս, այնպես էլ խոստովանողը, իր մեղքն Աստծո առջև խոստովանելով, չորացնում է այն:


Մեր Եկեղեցին ունի նաև խոստովանության ընդհանրական կարգ, որի ընթացքում ընթերցվում է զղջման աղոթքը, որի մեջ թվարկված են բոլոր հնարավոր մեղքերը, և խոստովանահայրը թողություն է տալիս: Անհատական խոստովանությունն ավելի օգտակար է, որովհետև քահանայի հետ զրույցի ընթացքում տեղի է ունենում ոչ միայն խոստովանություն, այլ նաև խորհրդատվություն, թե ինչպես մեղավորն ապաշխարի, ինչն ընդհանրական խոստովանությամբ անհնար է, և ապաշխարությունն ինքնագործունեության է վերածվում: Դուք կարող եք մասնակցել ընդհանրական կարգին, մինչև գտնեք մի քահանա, ում կվստահեք՝ Ձեր մեղքերը պատմելու համար:

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան