Oրվա ընթերցվածք
Ավետարան ըստ Ղուկասի 11.1-13
Հիսուսը սովորեցնում է աղոթել
(Մտթ. 6.5-13, 7.7-11)
1 Պատահեց, որ Հիսուսը մի տեղ աղոթքի էր կանգնած. և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։ 2 Նա ասաց նրանց. «Երբ աղոթքի կանգնեք, ասե՛ք.
Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը.
քո արքայությունը թող գա։
3 Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր։
4 Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը,
ինչպես մենք էլ ներում ենք ամեն մարդու,
որ հանցանք է գործում մեր դեմ,
և մի՛ տար մեզ փորձության»։
5 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենա, գնա նրա մոտ կեսգիշերին և ասի նրան. “Բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, 6 որովհետև իմ բարեկամը ճանապարհից եկավ ինձ մոտ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ”։ 7 Իսկ նա ներսից պատասխանի և ասի. “Ինձ նեղություն մի՛ տուր, որովհետև դռները փակված են, և երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ”։ 8 Ասում եմ ձեզ, եթե բարեկամության համար էլ վեր չկենա և հաց չտա նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կտա նրան, ինչ որ պետք է։
9 Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրե՛ք, և կգտնեք, բախե՛ք, և կբացվի ձեզ համար, 10 որովհետև, ով խնդրում է, առնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ։ 11 Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթե ձուկ ուզի, մի՞թե ձկան փոխարեն օձ կտա նրան. 12 և կամ ձու ուզի, մի՞թե կարիճ կտա նրան։ 13 Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչա՜փ առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, ովքեր ուզում են իրենից»։
Գործք Առաքելոց 15.30-16.5
Պատգամավորներ Անտիոքում
30 Եվ նրանք, ճանապարհ ընկնելով, Անտիոք իջան ու ժողովրդին հավաքելով՝ նամակը նրանց հանձնեցին։ 31 Ընթերցելով՝ նրանք ուրախացան մխիթարության համար։ 32 Հուդան և Շիղան, քանի որ նրանք էլ մարգարեներ էին, բազում խոսքերով հորդորեցին եղբայրներին և ամրապնդեցին նրանց։ 33 Եվ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։ 34 Սակայն Շիղային հաճելի թվաց այնտեղ մնալը։ 35 Իսկ Պողոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում և շատ ուրիշների հետ ուսուցանում ու ավետարանում էին Աստծու խոսքը։
Պողոսի և Բառնաբասի բաժանումը
36 Իսկ մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք և շրջենք եղբայրների մեջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խոսքը՝ տեսնելու, թե ինչպե՛ս են այն պահում»։ 37 Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ հետը տանել, 38 բայց Պողոսը կարծում էր, որ Պամփյուլիայում իրենցից հեռացած և գործի համար իրենց հետ չեկածին չպետք է տանեն իրենց հետ։ 39 Նրանց միջև անհամաձայնություն առաջացավ, այնքան, որ իրարից բաժանվեցին։ Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց դեպի Կիպրոս, 40 իսկ Պողոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկավ՝ եղբայրների կողմից հանձնվելով Աստծու շնորհին։ 41 Շրջում էր Ասորիքի ու Կիլիկիայի կողմերում և ամրացնում եկեղեցիները։
Պողոսը, Շիղան և Տիմոթեոսը
1 Պողոսը եկավ հասավ Դերբե և Լյուստրա։ Եվ այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հավատացյալ հրեա կնոջ և հեթանոս հոր որդի, 2 որ վկայված էր լյուստրացի և իկոնիացի եղբայրների կողմից։ 3 Պողոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, քանի որ բոլորն էլ գիտեին, թե նրա հայրը հեթանոս էր։ 4 Երբ անցնում էին քաղաքներով, նրանց հանձնարարում էին պահել Երուսաղեմում գտնվող առաքյալների և երեցների կողմից պատվիրված հրամանները։ 5 Եկեղեցիներն ամրապնդվում էին հավատի մեջ ու օրեցօր նրանց թիվն ավելանում էր։
Բ Պետրոս 3.1-9
Տիրոջ երկրորդ գալստյան խոստումը
1 Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ նամակը, որով հիշեցման համար, ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում. 2 հիշե՛ք սուրբ մարգարեների կողմից նախապես ասված պատգամները, ինչպես նաև ձեր առաքյալների կողմից ասված Տիրոջ և Փրկչի պատվիրանները։
3 Բայց նախ ա՛յս իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների։ 4 Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ նույնն է մնում, ինչպես որ արարչագործության սկզբից էր»։
5 Այս կամեցողները մոռացության են տվել այն, որ ի սկզբանե երկինքն էր, և երկիրը՝ ջրերից. ջրերը հաստատ են մնում Աստծու խոսքով. 6 դրա համար այն ժամանակվա աշխարհն ապականվելով կործանվեց ջրհեղեղով։
7 Իսկ այժմ երկինք և երկիր այդ նույն խոսքով են հարատևում՝ պահված դատաստանի օրվա կրակին և ամբարիշտ մարդկանց կործանման։
8 Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։
9 Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։
Ավետարան ըստ Հովհաննեսի 6.39-72
39 Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. որպեսզի բոլոր նրանցից, ում Հայրն ինձ է տվել, ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ 40 Քանզի այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք կունենա. և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ»։
41 Իսկ հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։ 42 Եվ ասում էին. «Սա Հիսուսը՝ Հովսեփի որդին չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Իսկ հիմա ինչպե՞ս է ասում՝ ես երկնքից իջա»։ 43 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Իրար մեջ մի՛ քրթմնջացեք. 44 ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ 45 Մարգարեների գրքերում գրված է. “Եվ ամենքն Աստծուց ուսանած կլինեն” (Ես. 54.13ա)։ Ամեն ոք, որ լսում է Հորից և սովորում, գալիս է դեպի ինձ։ 46 Սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ 47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով հավատում է, հավիտենական կյանք է ունենում։ 48 Ես եմ կենաց հացը։ 49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ 50 Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով սրանից ուտի, չմեռնի։ 51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
52 Բայց հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ 53 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ 54 Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ, 55 քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ 56 Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես էլ՝ նրա մեջ։ 57 Ինչպես կենդանի Հայրն առաքեց ինձ, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ ինձ ուտողը կապրի ինձանով։ 58 Այս է երկնքից իջած հացը. ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան. այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»։ 59 Նա այս բաներն ասաց Կափառնաումի մեջ՝ ժողովարանում ուսուցանելիս։ 60 Եվ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է այն լսել»։ 61 Հիսուսը, երբ ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնո՞ւմ է. 62 իսկ արդ, եթե տեսնեք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, որտեղ առա՞ջ էր»։
Հոգին է կենդանարար
63 «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։ 64 Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Քանի որ Հիսուսն սկզբից գիտեր, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում, և ով է նա, որ մատնելու է իրեն։ Եվ ասաց. 65 «Դրա համար ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե դա իմ Հորից տրված չէ նրան»։
66 Սրանից նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս նրա հետ չէին շրջում։ 67 Հիսուսը տասներկու աշակերտներին ասաց. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ»։ 68 Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ 69 Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 70 Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, և ձեզանից մեկը սատանա է»։ 71 Նա խոսում էր Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան, և նա տասներկուսից մեկն էր։
Ավետարան ըստ Մատթեոսի 13.24-35
Որոմների առակը
24 Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։ 25 Երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին, ցորենի մեջ որոմ ցանեց և գնաց։ 26 Երբ խոտը բուսավ և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. “Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր. ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը”։ 28 Տերն ասաց նրանց. “Թշնամի մարդն արեց դա”։ Ծառաները նրան ասացին. “Ուզո՞ւմ ես՝ գնանք քաղհանենք այն”։ 29 “Ո՛չ,- ասաց նրանց,- որոմը քաղելիս գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ 30 Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։
Մանանեխի հատիկի և թթխմորի առակը
(Մրկ. 4.30-34, Ղուկ. 13.18-21)
31 Նրանց մի ուրիշ առակ էլ պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու սերմանեց իր արտի մեջ։ 32 Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս և դադար են առնում նրա ճյուղերի վրա»։
33 Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։
34 Այս ամենը Հիսուսն առակներով խոսեց ժողովրդի հետ և առանց առակի ոչինչ չէր խոսում նրանց հետ, 35 որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը.
«Առակներով կբացեմ իմ բերանը,
կբացահայտեմ ծածկված բաները,
որ կային աշխարհի սկզբից ի վեր» (Սաղ. 77(78).2)։
Հիսուսը մեկնում է որոմների առակը
Ավետարան ըստ Մարկոս 6.7-13
Տասներկու աշակերտների առաքելությունը
(Մտթ. 10.5-15, Ղուկ. 9.1-6)
Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերը և ուսուցանում։ 7 Նա իր մոտ կանչեց տասներկուսին և սկսեց երկու-երկու ուղարկել նրանց՝ պիղծ ոգիների վրա նրանց իշխանություն տալով։ 8 Նրանց պատվիրեց, որ ճանապարհի համար գավազանից բացի այլ բան չվերցնեն՝ ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ գոտիների մեջ, 9 այլ հողաթափներ հագնեն։ «Ավելորդ պարեգոտ,- ասում էր,- մի՛ վերցրեք»։ 10 Ապա ավելացնում էր. «Որ տունը մտնեք, այնտեղ օթևանե՛ք, մինչև որ այնտեղից մեկնեք։ 11 Իսկ որտեղ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ այնտեղից ելնեք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տվեք՝ իբրև վկայություն նրանց դեմ»։ 12 Աշակերտները ելան ու քարոզում էին ժողովրդին, որպեսզի ապաշխարեն։ 13 Նրանք բազում դևեր էին հանում, բազում հիվանդների էին յուղով օծում և բժշկում նրանց։