Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2025-05-17

Ավետարան ըստ Ղուկասի 11.14-32

 

14 Եվ Հիսուսը բժշկեց մի համրի, որի մեջ դև կար, և երբ դևը ելավ, համրը խոսեց, և ամբողջ ժողովուրդը զարմացավ։ 15 Եվ նրանցից ոմանք ասացին. «Դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։ 16 Իսկ ուրիշները փորձում էին նրան և երկնքից նշան էին ուզում նրանից։ 17 Իսկ նա, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, նույնպես և ամեն ընտանիք, որի անդամները կռվում են միմյանց հետ։ 18 Արդ, եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվեց, նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ. որովհետև իմ մասին ասում եք. “Դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով”։ 19 Եթե ես դևերին հանում եմ Բեեղզեբուղի միջոցով, ձեր հետևորդները ինչո՞վ են հանում. դա ցույց է տալիս, որ դուք սխալ եք։ 20 Իսկ եթե Աստծու ուժով եմ հանում դևերին, ապա Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ 21 Երբ հզոր մի մարդ լավ զինվի՝ պահպանելու իր տունը, նրա ինչքն ապահով կլինի։ 22 Բայց եթե նրանից ավելի հզորը գա նրա վրա և հաղթի նրան, նրանից կհանի այն զենքերը, որոնց վրա հույս էր դրել, և նրա ավարը կբաժանի։ 23 Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է»։

Պիղծ ոգու վերադարձը

(Մտթ. 12.43-45)

24 «Երբ պիղծ դևը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում։ Եվ երբ չի գտնում, ասում է՝ “Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա”։ 25 Եվ գալիս է ու գտնում այն մաքրված և կարգի բերված։ 26 Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար յոթ այլ դևեր և մտնում, բնակվում է այնտեղ, և այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը»։

Ճշմարիտ երանությունը

27 Եվ մինչ Հիսուսն այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց և ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ հղացավ և սնեց քեզ»։ 28 Եվ նա ասաց. «Մանավանդ երանի՜ նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կատարում այն»։

Երկնային նշանի հայցում Հիսուսից

(Մտթ. 12.38-42)

29 Եվ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնվեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից. 30 որովհետև ինչպես Հովնանը նշան եղավ նինվեացիների համար, նույնպես Մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար։ 31 Հարավի դշխոն դատաստանի ժամանակ հարություն պիտի առնի այս սերնդի մարդկանց հետ և պիտի դատի նրանց, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը։ Բայց ահա Սողոմոնից մեծը կա այստեղ։ 32 Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ հարություն պիտի առնեն այս սերնդի հետ և պիտի դատեն նրան, որովհետև Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին։ Բայց ահա Հովնանից մեծը կա այստեղ»։

 

Գործք Առաքելոց 16.6-40

 

Առաքյալները կտրում-անցնում են փոքր Ասիան

 

6 Շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։ 7 Երբ Մյուսիայի սահմանները եկան, ցանկացան Բյութանիա գնալ, սակայն Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։ 8 Ուստի Մյուսիայի միջով անցնելով՝ Տրովադա իջան։ 9 Այնտեղ գիշերը Պողոսին մի տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։ 10 Եվ երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն կամեցանք առաջ գնալ դեպի Մակեդոնիա՝ հետևություն անելով, որ Տերը մեզ հրավիրեց՝ նրանց ավետարանելու։

Լիդիայի դարձը

11 Տրովադայից դուրս գալով՝ նավարկեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս՝ Նոր քաղաք. 12 այնտեղից էլ՝ Փիլիպպե, որը Մակեդոնիայի այդ գավառի առաջին գաղութ-քաղաքն էր*։ Այստեղ մնացինք մի քանի օր։ 13 Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դեպի գետափ, որտեղ հրեաները սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք հավաքված կանանց հետ։ 14 Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թյուվատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն ինքն էր բացել՝ անսալու Պողոսի խոսքերին։ 15 Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։

Պողոսի և Շիղայի բանտարկությունը Փիլիպպեում

16 Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ ոգի էր բռնել. նա իր գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս։ 17 Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհների մասին»։ 18 Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ՝ դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին չար ոգին ելավ։ 19 Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահի աղբյուրը կտրվեց, Պողոսին և Շիղային բռնելով՝ քաշ տվեցին դեպի հրապարակ՝ իշխանների առաջ։ 20 Եվ նրանց բերելով զորագլուխների մոտ՝ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են. իրենք հրեաներ են 21 և մեզ քարոզում են սովորույթներ, որոնք օրինավոր չեն մեզ համար ո՛չ ընդունել և ո՛չ էլ գործադրել, քանի որ հռոմեացիներ ենք»։ 22 Ամբոխը թափվեց նրանց վրա. զորագլուխները պատռել տվեցին նրանց զգեստները և հրամայեցին նրանց գանահարել։ 23 Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։ 24 Նա, այսպիսի հրաման ստանալով, նրանց առանձին բանտախուց նետեց ու նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։

Առաքյալների ազատումը հրաշագործությամբ

25 Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և օրհնում էին Աստծուն, իսկ կալանավորները նրանց ականջ էին դնում։ 26 Եվ հանկարծակի մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքները քանդվեցին։ 27 Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, թե բանտարկյալները փախել են։ 28 Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։ 29 Բանտապետը լույս խնդրեց և ներս խուժելով՝ զարհուրած ընկավ Պողոսի ու Շիղայի առաջ. 30 Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ 31 Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, ու կփրկվեք դու և քո տունը»։ 32 Եվ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խոսքը։ 33 Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և ինքն ու յուրայինները բոլորն էլ անմիջապես մկրտվեցին։ 34 Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։ 35 Հաջորդ օրը զորագլուխներն ուղարկեցին նվիրակներին՝ բանտապետին ասելով. «Արձակի՛ր այդ մարդկանց»։ 36 Եվ բանտապետը Պողոսին փոխանցեց այս խոսքերը. «Զորագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Ուստի ելե՛ք և գնացե՛ք խաղաղությամբ»։ 37 Իսկ Պողոսն ասաց նրանց. «Հրապարակավ գանահարեցին և բանտ դրեցին մեզ՝ հռոմեացի անմեղ մարդկանցս, ու հիմա լռելյա՞յն են դուրս հանում մեզ. ո՛չ, այդպես չի լինի. այլ հենց իրենք թող գան և դուրս հանեն մեզ»։ 38 Նվիրակներն այս խոսքերը հաղորդեցին զորագլուխներին, որոնք, երբ լսեցին, թե հռոմեացիներ են, զարհուրեցին և եկան աղաչեցին նրանց։ 39 Եվ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ հեռանան իրենց քաղաքից։ 40 Պողոսն ու Շիղան, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ մխիթարեցին նրանց ու մեկնեցին։

 

Բ Պետրոս 3.10-18

 

10 Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։

Նոր երկինք, նոր երկիր

11 Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝ 12 սպասելով և ջանալով հասնել Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և բնության տարրերը հրկիզվելով պիտի հալվեն։

13 Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։

Հորդոր և փառաբանություն

14 Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ։ 15 Եվ մեր Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ՝ ըստ իրեն շնորհված իմաստության, 16 և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է դրանց մասին. դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անուսներն ու տատանվողները ծուռ են մեկնում. նրանք այդպես էլ մեկնում են նաև ամբողջ Սուրբ Գիրքը՝ իրենց անձերի կորստյան համար։

17 Ուստի դուք, սիրելինե՛ր, իբրև նախապես իմացողներ, զգուշացե՛ք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։ 18 Աճե՛ք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք թե՛ այժմ և թե՛ մինչև հավիտենության օրը։ Ամեն։

 

Ավետարան ըստ Հովհաննեսի 7.1-13

 

Հիսուսի եղբայրները չեն հավատում

1 Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։

2 Հրեաների Տաղավարահարաց տոնը մոտ էր։ 3 Եվ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. 4 որովհետև չկա մեկը, որ ծածուկ գործի և ուզենա, որ մարդիկ իմանան այդ մասին. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին». 5 քանզի եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել նրան։ 6 Հիսուսը նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։ 7 Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։ 8 Դուք գնացե՛ք այդ տոնին, ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։ 9 Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ՝ Գալիլեայում։ 10 Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տոնին, բայց ոչ հայտնապես, այլ թաքուն։

Հիսուսը Երուսաղեմում Տաղավարահարաց տոնին

11 Հրեաները նրան փնտրում էին այդ տոնի ժամանակ և ասում էին՝ «Ո՞ւր է նա»։ 12 Եվ ժողովրդի մեջ նրա մասին քրթմնջյուն կար. ոմանք ասում էին՝ «Լավն է», ուրիշներն ասում էին՝ «Ո՛չ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»։ 13 Եվ հրեաների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խոսում։