Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2024-04-19

Ավետարան ըստ Ղուկասի 8.22-56


22 Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէք ծովակի միւս կողմն անցնենք»: Եւ գնացին: 23 Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ: Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովն ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել: 24 Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»: Եւ նա վեր կենալով սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց: 25 Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»: Եւ նրանք սարսափած զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են նրան»: 26 Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողմն է: 27 Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների: 28 Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծոյ Որդի՛, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». 29 որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները եւ դեւից քշւում էր անբնակ վայրեր: 30 Յիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց՝ Լեգէոն. որովհետեւ նրա մէջ շատ դեւեր էին մտել. 31 աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան: 32 Եւ այնտեղ մեծ թուով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրայ: Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց գնալ մտնել նրանց մէջ: Եւ նա թոյլատրեց նրանց, 33 եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. եւ երամակը գահաւանդից դիմեց դէպի ծովակ ու խեղդուեց: 34 Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան եւ պատմեցին քաղաքում ու ագարակներում: 35 Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու եւ եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դեւերը ելել էին – որը, հագնուած եւ զգաստացած, նստած էր Յիսուսի ոտքերի մօտ – վախեցան: 36 Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը: 37 Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետեւ մեծ վախով տագնապում էին: Եւ նա, նաւակ նստելով, վերադարձաւ: 38 Այն մարդը, որից դեւերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի: Բայց Յիսուս արձակեց նրան եւ ասաց. 39 «Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»: Նա գնաց քաղաք եւ տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն: 40 Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին: 41 Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր: Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42 որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր: Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր: 43 Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել, 44 յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց: 45 Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»: Եւ երբ բոլորն ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»: 46 Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»: 47 Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչու դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց: 48 Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»: 49 Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկը եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր նրան»: 50 Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կապրի»: 51 Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից: 52 Ամէնքը լալիս ու ողբում էին նրա վրայ: Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»: 53 Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր: 54 Եւ ամէնքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»: 55 Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկն իսկոյն կանգնեց: Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան: 56 Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր:


Գործք առաքելոց 11.27-12.24


27 Այն օրերին Երուսաղէմից մարգարէներ իջան Անտիոք: 28 Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը եւ եղաւ Կղօդէոս կայսեր օրով: 29 Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, այնքան, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող է, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, 30 ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին: 12 1 Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին 2 եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց: 3 Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց: Բաղարջակերաց օրերն էին. 4 երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր Զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ: 5 Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած: 6 Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին: 7 Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ կանգնեց մօտը, եւ մի լոյս ծագեց այդ տեղի վրայ: Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»: Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից: 8 Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափերը ոտքե՛րդ գցիր»: Եւ նա այդպէս արեց: Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրա՛դ գցիր եւ արի՛ իմ յետեւից»: 9 Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, որ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում: 10 Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք: Դուռն իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. ու մի փողոց մտնելով՝ անցան նրա միջով. ապա հրեշտակն իսկոյն նրանից հեռացաւ: 11 Երբ Պետրոսն ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողովրդի ամէն ակնկալութիւնից»: 12 Եւ ուշքի եկած լինելով՝ եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը. այնտեղ հաւաքուել էին շատերը եւ աղօթք էին անում: 13 Տան դուռը բախելիս Ռոդէ անունով մի աղախին մօտեցաւ եւ ականջ էր դնում: 14 Եւ ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախութիւնից դուռը չբացեց, այլ ներս վազելով՝ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է: 15 Նրանք ասացին նրան՝ գժուել ես: Իսկ աղախինն առաւել եւս պնդում էր, թէ այդպէս է: Ապա նրանք ասացին՝ նրա հրեշտակն է: 16 Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը: Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան: 17 Եւ նա ձեռքով նրանց նշան էր անում, որ լռեն. եւ պատմեց, թէ ինչպէս Տէրը իրեն հանեց բանտից: Ապա ասաց. «Այս բաները պատմեցէք Յակոբոսին եւ եղբայրներին»: Եւ ինքը ելաւ գնաց այլ տեղ: 18 Եւ երբ առաւօտ եղաւ, զինուորների մէջ մեծ խռովութիւն ընկաւ, թէ արդեօք Պետրոսն ինչ եղաւ: 19 Իսկ Հերովդէսը, երբ նրան փնտրեց ու չգտաւ, պահակներին հարցաքննելուց յետոյ հրամայեց սպանել նրանց: Ապա Պետրոսը Հրէաստանից Կեսարիա իջաւ եւ այնտեղ էր մնում: 20 Եւ Հերովդէսը ցասումով էր լցուած տիւրոսցիների եւ սիդոնացիների դէմ: Նրանք միաբանուած՝ եկան նրա մօտ եւ համոզելով Բղաստոսին՝ թագաւորի սենեկապետին, խաղաղութիւն խնդրեցին, քանի որ իրենց երկիրը նրա երկրից էր կերակրւում: 21 Եւ որոշուած օրը Հերովդէսը թագաւորական զգեստ էր հագել եւ ատեան էր նստել ու հրապարակաւ խօսում էր նրանց հետ: 22 Իսկ ամբոխն աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է, եւ ոչ թէ՝ մարդ»: 23 Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ որդերի կեր դառնալով՝ մեռաւ: 24 Իսկ Աստծոյ խօսքը աճում եւ բազմանում էր:


Պետրոս առաքյալի Ա թուղթը 4.1-11


1 Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէք նոյն մտքով. որովհետեւ ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, 2 որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծոյ կամքի ապրի. 3 քանզի բաւական է մեզ կեանքի անցած ժամանակը, երբ ընթացանք հեթանոսների կամքի համաձայն՝ զեխութիւններով, յոռի ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, հարբեցողութիւններով, անօրէն կռապաշտութիւններով: 4 Եւ նրանք տարօրինակ են գտնում, որ դուք չէք ընթանում նոյն անկարգ զեխութեամբ. եւ հայհոյում են ձեզ: 5 Նրանք հաշիւ պիտի տան նրան, ով պատրաստ է դատելու կենդանիներին ու մեռածներին. 6 քանի որ հէնց սրա համար իսկ քարոզուեց աւետարանը նաեւ մեռելներին, որպէսզի մարդկանց նման դատուեն մարմնով եւ կենդանի լինեն հոգով՝ Աստծոյ նման: 7 Ամէն ինչի վախճանը մօտեցել է: Զգաստացէք ուրեմն եւ արթուն եղէք աղօթքի համար: 8 Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը: 9 Հիւրասէր եղէք միմեանց հանդէպ առանց տրտնջալու: 10 Իւրաքանչիւր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդէպ թող նոյնը մատակարարի՝ որպէս բարի տնտես Աստծոյ պէս-պէս շնորհների: 11 Եթէ մէկը խօսի, թող այդ լինի Աստծոյ պատգամների նման: Եթէ մէկը մատակարարի, թող այդ լինի այն զօրութիւնից, որն Աստուած շնորհում է, որպէսզի ամէն ինչում Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից: Ամէն:


Ավետարան ըստ Հովհաննեսի 4.43-54


43 Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա. 44 քանի որ Յիսուս ինքն իսկ վկայել էր, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի: 45 Սակայն երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիները նրան ընդունեցին, որովհետեւ իրենք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին: 46 Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել: Պալատական մի պաշտօնատար կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում: 47 Երբ նա լսեց, որ Յիսուս Հրէաստանից Գալիլիա է եկել, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի եւ իր որդուն բժշկի, քանի որ մերձիմահ է: 48 Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ ու զարմանալի գործեր չտեսնէք, չէք հաւատում»: 49 Պաշտօնատարը նրան ասաց. «Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»: 50 Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»: Եւ մարդը հաւատաց Յիսուսի ասած խօսքին ու գնաց: 51 Եւ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին եւ ասացին, որ նրա տղան կենդանի է: 52 Նա հարցրեց նրանց, թէ որ ժամին ապաքինուեց: Նրան ասացին. «Երէկ, յետմիջօրէի ժամը մէկին, ջերմը նրան թողեց»: 53 Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Յիսուս նրան ասաց. «Քո որդին կենդանի է»: Եւ հաւատացին ինքը եւ իր ամբողջ ընտանիքը: 54 Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ:


Ավետարան ըստ Մատթեոսի 10.16-40


16 Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման: 17 Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. 18 ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին: 19 Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կտրուի այն, ինչ պիտի խօսէք. 20 քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով: 21 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն: 22 Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի: 23 Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կփախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք՝ նախքան մարդու Որդու գալը: 24 Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը: 25 Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը: 26 Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: 32 Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: 33 Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է: 34 Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. 35 քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից եւ դստերը՝ իր մօրից եւ հարսին՝ իր սկեսուրից: 36 Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն: 37 Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: 39 Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: 40 Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին:


Ավետարան ըստ Մարկոսի 4.10-20


10 Եւ երբ առանձին մնաց, նրա շուրջը եղողները, աշակերտների հետ միասին, հարցրին նրան այս առակի մասին: 11 Եւ նրանց ասաց. «Ձեզ է տրուած իմանալ Աստծոյ արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կլինի, 12 որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ միգուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»: 13 Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, հապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները: 14 Նա, որ սերմանում է, Աստծոյ խօսքն է սերմանում: 15 Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը: 16 Ապառաժի վրայ սերմանուածները այն մարդիկ են, որ երբ լսում են խօսքը, իսկոյն ուրախութեամբ ընդունում են այն, 17 եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են: 18 Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը, 19 սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում: 20 Եւ լաւ հողի մէջ սերմանուածները այն մարդիկ են, որ լսում են խօսքը եւ ընդունում ու պտուղ են տալիս. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»: